Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Իրավագիտության դոկտոր Գևորգ Դանիելյանն առողջական խնդիրների պատճառով չի կարող այսօր մասնակցել Ազգային ժողովում «Հայաստան» դաշինքի կողմից կազմակեպված «Հայաքվեի» օրինագծի հարցով լսումներին։ Նա հաջողություններ է մաղթում կազմակերպիչներին ու ներկայացնում իր զեկույցի տեքստը.
««Հայաքվե» քաղաքացիական օրենսդրական նախաձեռնության առաջադրած օրակարգային հարցի առնչությամբ Ազգային ժողովի հայտարարության վերաբերյալ
Նախ, պատերազմը լեգիտիմացնում է ոչ թե Արցախի ինքնորոշման իրավունքը հարգելուն ուղղված «Հայաքվեն», այլ միանգամայն իրավաչափ և կենսական շահերից հրաժարվելը իբր պատերազմը կանխելու ճանապարհ ընտրելու անհեռանկար մարտավարությունը: Եթե գտնում եք, որ զիջելու բան ունեք, նշանակում է արդարացնում եք ադրբեջանի ակնկալիքները և լեգիտիմացնում դրանց հասնելու ցանկացած եղանակ:
Շնորհավորում եմ ժողովրդավարության իրական խորհրդանիշ «Հայաքվե» նախաձեռնության արդյունքները և խորին շնորհակալություն հայտնում բազմահազար մեր հայրենակիցներին, ովքեր, անսալով բոլոր տեսակի խոչընդոտները, սթափ մտածումների հարթությամբ իրենց անսասան կեցվածքով մնացին որպես համազգային շահերի պաշտպաններ: Շնորհակալություն նաև այդ նախաձեռնության համակարգողներին և կազմակերպիչներին՝ անասելի մեծ աշխատանք կատարելու համար: Իրապես հուսադրող էին հավատի, հույսի և սիրո առաքինություններով ղեկավարվող մարդկանց անսովոր մեծ հերթերը: Այս նախաձեռնությունը խորհրդանիշ է նաև այն իմաստով, որ դե ֆակտո, ոչ թե զուտ խոսույթային հարթությամբ քաղաքացիական նախաձեռնության, որպես ժողովրդավարության ինստիտուտի առաջին հաջողված փորձն է: Կունենա՞ այն, արդյոք, տրամաբանական շարունակություն, թե՞ կբախվի անհաղթահարելի, զուտ իրավիճակային, բայց ազդեցիկ խութերի, կախված է յուրաքանչյուր հայ մարդուց:
Մեր օրերում քաղաքական բոլոր քայլերի ակունքում, առանց որևէ բացառության, փորձ է արվում առաջադրելու պատերազմի վտանգի տագնապը: Հայտնվել ենք մի իրավիճակում, երբ Հիմնական օրենքով ամրագրված համազգային շահերի մասին խոսելն անգամ որակվում է որպես պատերազմ հրահրելու պես մի բան, իսկ թե մինչև ո՞ւր պետք է զիջենք, որ այդ սպառնալիքը չեզոքացվի կամ գոնե մեղմվի, որևէ մեկին հայտնի չէ: Այո, iրավիճակից օգտվելով, Ադրբեջանը, թքած ունենալով միջազգային հանրահայտ սզբունքների վրա, բացահայտ քարոզում է Հայաստանը «Արևմտյան Ադրբեջանի» վերածելու իր ագրեսիվ նկրտումները, ինչին, ի դեպ, կարող է հասնել նաև միանգամայն խաղաղ ճանապարհով, եթե ժամանակին չձևավորվեն անհրաժեշտ իրավաքաղաքական, սոցիալական և տնտեսական երաշխիքներ:
Այսպիսի հարցադրում՝ յուրաքանչյուր աշխարհաքաղաքական խնդիր ունի քաղաքակա՞ն, թե՞ իրավական լուծում: Քաղաքականությամբ զբաղվող կամ առնվազն նմանակման փորձեր անող անձինք հակված են պնդելու, թե օրինակ՝ Արցախն ունի միայն քաղաքական լուծում: Պատմության դասերը, թերևս, հակառական են ապացուցում, որ իրավական նիհիլիզմի վրա կառուցված քաղաքականությունը մատնված է ձախողման: Անգամ ցեղասպանություն իրականացրած թուրքիան և ադրբեջանը հետևողականորեն ձգտում են իրենց ցեղասպան քաղաքականությունը արդարացնել իրավական թեզերով, ճիշտ է՝ կեղծ թեզերով, բայց չեն հրաժարվում դրանցից, ավելին՝ կտրուկ ավելացրել են այդ գաղափարախոսության համար հատկացվող միջոցները, ինչը, ցավոք, պտուղներ է տալիս: Նույն թուրքիան խնամքով անտեսում է 1919-21 թթ. թուրքական դատական ատյանների կողմից հայերի և մի շարք այլ ազգային փոքրամասնությունների նկատմամբ էթնիկական շարժառիթներով զանգվածային բնաջնջնման փաստերը, անգամ կայացված մահապատիժների դատավճիռները՝ հերոսացնելով ոճրագործներին, իսկ մենք շարունակում ենք մնալ ներկայիս թուրքական իշխանությունների թելադրած կեղծ օրակարգի շրջանակներում և կասկածի տակ դնել այդ փաստերը:
Հանգամանորեն իմաստ չունի անդրադառնալ «ՀայաՔվե» նախաձեռնության օրինագծի առնչությամբ Կառավարության բացասական եզրակացությանը՝ եթե մի պաշտոնական փաստաթղթում կասկածի տակ է դրվում այն, թե արդյո՞ք «Անկախության մասին» հռչակագրով Հայոց ցեղասպանությունը ճանաչելը և Արցախի ինքնորոշումը ամրագրվել են, որպես հայոց պետականության հիմնարար սկզբունքներ և համազգային նպատակներ, ապա ասելիք չունեմ:
Հակիրճ պատերազմի վտանգի մասին, այս հարցը որևէ մեկը չի պատրաստվում շրջանցել: Ի՞նչ է ստացվում, Սահմանադրությամբ ամրագրված կոնկրետ հիմնադրույթը զուտ իրավաչափ, միջազգային իրավունքի հանրաճանաչ սկզբունքներին խիստ համապատասխան պաշտպանելը արդեն դարձել է պատերազմի վտա՞նգ: Թշնամին դասագրքային մակարդակով հայատյաց քարոզներ է տարածում, մինչդեռ՝ ոմանք սուտ պնդումներ են անում, թե իբր հայության շրջանում է շուրջ 100 տարի իր էությամբ բարեկամ թուրքերի նկատմամբ հանիրավի թշնամանք է տարածվել:
Տեղին ենք խոսում ինքնիշխանության մասին, բայց կարիք կա՞ բացատրելու, որ ինքնիշխանության հիմնական բաղադրիչներից է հենց սեփական ազգային շահերը ինքնուրույն պաշտպանելու, ոչ թե դրանցից հրաժարվելու դիրքորոշումը, և այս համատեքստում բացարձակապես տեղին չէ մտացածին իրավական փաստարկներով հերքել Արցախի ժողովրդի իրացված ինքնորոշման իրավունքի փաստը: Վերջին հաշվով, Հյաստանը նաև դե յուրե է ճանաչել Արցախի Հանրապետությունը, քանզի կնքել է մի քանի տասնյակի հասնող միջազգային պայմանագրեր, այդ թվում՝ ռազմական համագործակցության մասին համաձայնագիր, որի հենքով է հենց գործել Հայաստանի զինուժը:
Մի խոսքով, եթե թշնամու հետ բանակցություններում հրաժարվում եք անգամ քննարկել զուտ օրինական շահերը, ապա պատերազմի վտանգը փնտրեք հենց այդ կեցվածքի մեջ, քանզի թշնամուն վարժեցնում ենք իր ագրեսիվ նկրտումներին հագուրդ տալու համար պարզապես ցանկացած անմիտ պատճառաբանություն հորինելու արհեստում: Որպես ապացույց, այս օրերին իրենք պնդում են, թե իբր Հայաստանը պատրաստվում է ռազմական հարձակումների: Մի կարճ ժամանակ անց պնդում էին, որ Արցախում Հայաստանի զինված ուժերը պատրաստվում էին ահաբեկչական ակտեր իրականացնել, ուստի իրենք հարկադրված էին դիմելու պաշտպանության և՝ այսպես շարունակ: Չի կարելի միջազգային նորմերին խիստ համահունչ քայլերը լոկ սիրողական հարթությամբ որակել իբրև պատերազմը լեգիտիմ դարձնող գործոններ: Գուցե դա ներքին լսարանում արձանագրում է որոշակի հաջողություններ, սակայն, մեղմ ասած, հիմնազուրկ ու նաև վտանգավոր ակցիա է:
Վերջապես, ելակետ ընդունեք այն պարզ իրողությունը, որ դեռևս 1991 թ. դեկտեմբերի 21-ի ինչ որ հռչակագիր յուրովի մեկնաբանելով, Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչված համարելով, անհարկի իրապես շատ խոցելի վիճակի մեջ եք դնում ոչ միայն նախկին, այլև ներկա և ապագա իշխանություններին ու ժողովրդին, քանզի առնվազն 44-օրյա պատերազմում և մինչև այդ շրջանը իրականացրած քաղաքականությունը կարող է բոլորովին այլ որակումների պատճառ դառնալ և, ցավոք, հսկայական չափերի հասնող փոխհատուցումների ու տուգանքների լեգիտիմ հիմք ընկալվել, ինչի ախորժակն ունեն ադրբեջանցիները, և ինչի մասին չէի կամենա բարձրաձայնել:
Մի խոսքով՝ զուտ իրավիճակային ասպեկտով ինքներդ ձեզ խոցելի մի դարձրեք, դա հղի է վտանգավոր անդառնալի հետևանքներով:
Աստված մեր Ազգին պահապան ....»։