կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-11-13 18:44
Առանց Կատեգորիա

Դարձրեք միլիոն, գուցե կշտանաք

Դարձրեք միլիոն, գուցե կշտանաք

ՀՀ կառավարությունն իր անդամներին համարում է կոռուպցիոներ եւ կաշառակեր՝ հենց այդպես, բաց տեքստով: Պետական պաշտոնյաների աշխատավարձի բարձրացման վերաբերյալ օրինագծի քննարկման ժամանակ կառավարության անդամների կողմից հնչեցին տեսակետներ, թե աշխատավարձերի կտրուկ բարձրացման նպատակների թվում է կոռուպցիայի կանխումը: ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Դավիթ Հարությունյանն էլ օրինակ բերեց Սինգապուրի վարչապետին, ով տարիներ առաջ հայտարարել էր, որ ինքը թերեւս աշխարհում ամենաբարձր վարձատրվող պաշտոնյան է, իսկ տարածաշրջանում ամենաբարձր վարձատրվող վարչապետը, սակայն իր ֆինանսական կարողություններով զիջում է բոլորին: «Նա ակնարկում էր, որ ուրիշ երկրներում ցածր է աշխատավարձը, բայց կոռուպցիայի մակարդակն էլ է ուրիշ»,- ասաց Դավիթ Հարությունյանը:

 

Քանի որ մեր վարչապետը մեծ աշխատավարձ չի ստանում, ուրեմն տրամաբանական է, որ կոռուպցիան շրջանցել չի կարող: Կառավարությունը, փաստորեն, կոռուպցիան վերացնելու մասին բազմաթիվ հայտարարությունները չկարողանալով իրականություն դարձնել, բարձրացրեց սեփական աշխատավարձը: Դավիթ Հարությունյանն այստեղ մի փոքր սխալվեց: Նույն հիմնավորմամբ` ժամանակին բարձրացրեցին դատավոր-դատախազների աշխատավարձը, անգամ՝ թոշակները, որ կոռուպցիայով չզբաղվեն, քանի որ, կապերն օգտագործելով, թոշակի տարիքում էլ կարող էին կոռուպցիայով զբաղվել, եւ հասան այն աննորմալ երեւույթին, որ առաջին ատյանի դատավորի աշխատավարձը բարձր է նախարարի աշխատավարձից: Եվ ի՞նչ, կոռուպցիան նվազե՞ց: Ընդհակառակը: Պարզապես շրջանառվող գումարները հասան աստղաբաշխական թվերի: Պատգամավորների մասով գուցե նպատակ կա աշխատավարձի բարձրացմամբ դրդել հրաժարվե՞լ բիզնեսից: Բայց ակնհայտ է, որ պատգամավորի համար շատ ավելի հարկի է զբաղվել բիզնեսով, միեւնույն է՝ աշխատավարձը տուն չեն տանում:

 

Սակայն կա հարցի մյուս կողմը: Պատգամավորների մի մասը հայտարարում է, թե իր աշխատավարձի բարձրացված մասից հրաժարվելու է: Արտակ Դավթյանը, օրինակ, պատրաստ է այդ քայլին դիմել, եթե այդպես վարվեն բոլորը: Սեդրակ Սարոյանը պատրաստ է հրաժարվել, եթե ուղարկեն զինվորներին, գեներալ Մանվելը եւս ասում է, թե իրեն պետք չէ: Գալուստ Սահակյանն առաջարկում է՝ ով որ չի ուզում վերցնել, տա մանկատներին: Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանին էլ այնքան չի հետաքրքրում աշխատավարձի բարձրացման հարցը, որ բարձրացման մասին տեղեկանում է Yerkir.am-ից:

 

Սակայն բոլորը նշում են, որ ապրում են աշխատավարձով, ծախսերը կրճատում են, եւ բավականացնում է: Ի վերջո, եթե մեր երկրում կյանքը թանկանում է, հասկանալի եւ տրամաբանական է, որ դրան համընթաց պետք է բարձրանա աշխատավարձը: Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը երիտասարդության վերաբերյալ զեկույց կազմելիս հաշվարկել էր, որ չորս հոգանոց ընտանիքին ապրելու համար անհրաժեշտ է 550 հազար դրամ գումար՝ մեկ ամսվա համար: Այդ հաշվարկն անելիս դեռ գազը, լույսն ու մնացած՝ առաջին անհրաժեշտության ապրանքը չէր թանկացել: Բնականաբար, պատգամավորի աշխատավարձն այդքան չէ, եւ ուրեմն ակնհայտ է, որ չի կարող իր աշխատավարձով ապրող նախարարին ու պատգամավորին բավականացնել ստացածը: Եվ հենց սրանով է բացատրվում այդ մարդկանց՝ զարտուղի ճանապարհներով հարստանալը եւ հազար ու մի բիզնեսներից «փայ» ունենալը: Հենց այդպես էլ բիզնեսը սերտաճում է քաղաքականությանը:

 

Այդ դեպքում ինչո՞ւ են իրենց աշխատավարձով ապրող որոշ պատգամավորներ դեմ իրենց աշխատավարձի կտրուկ բարձրացմանը: Պարզ պատճառով` կառավարությունը, որը 45 հազար դրամ աշխատավարձ է վճարում իր՝ աշխատող բնակչության 10 տոկոսին, իրավունք չունի նախարարին տալ յոթանիշ թվով աշխատավարձ, այն դեպքում, երբ հենց այդ կառավարությունն է մեղավոր ժողովրդի կեսից ավելիին աղքատության ճիրանները հասցնելու համար: Գալուստ Սահակյանը պնդում է, թե աղքատությունը, արտագաղթը եւ մնացած սուր խնդիրները լուծելու համար պետք է բարձրացվեն քաղաքական էլիտայի աշխատավարձերը, քանի որ բարեփոխումներ կարող է իրականացնել բարձր վարձատրվող մասնագետը: Իսկ մեր կառավարությունում կա՞ն նման մասնագետներ:

 

Ահարոն ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ