Երվանդ Փոստալջյանի պատմությունը
1903 թ., Կիլիկիա
Երվանդ Փոստալջյանի պատմությունը
1903 թ., Կիլիկիա
Երվանդ Հակոբի Փոստալջյանը ծնվել է 1903 թվականին Կիլիկիայի Հաճըն քաղաքում: Գաղթի ճանապարհին մահանում են Երվանդի մայրը, պապն ու տատը: Եղբայրը` Ստեփանը, փրկվում է կոտորածից, ապաստանում Բեյրութում: Հոր մահից հետո մայրը Երվանդին տանում են նախ Հաճընի որբանոց, որտեղից էլ նրան տեղափոխում են Ադանայի որբանոց:
«Մեզ առաջարկեցին թուրք լինել, կրոնն ու անունը փոխել: Կրոնս հավատ էր, ես չէի կարծում… ով որ հուսահատվեր, կորած էր… անունս փոխեցին, դրեցին Մահմեդ Օղլի: Տարիքիս հաշվով համար գրեցին: Մենք` որբերս, մեր անունները չմոռանալու համար թղթերի վրա գրված մեզ վրա էինք պահում: Հայությունը վերացավ որբանոցից: Մենք նոր անունները մոռանում էինք: Իսկական հայի անուններ` Վարդան կամ Տիգրան լսելով` թուրք որբերն իսկույն հայտնում էին մոլլաներին: Մեզ կանչում, հինգ օրով բանտարկում էին: Մեր որբանոցում կային իրենց անունն ու դավանանքը չփոխածներ: Նրանց տանում էին ներքին հարկ, ծեծից մեռած դիակներ էին ցույց տալիս ու ասում.
–Եթե թուրք չլինեք, ձեզ էլ այդպես շանսատակ կանենք:
Թուրք տնօրենը Ադանայի «Ավետիս» թերթին հայտարարություն տվեց. «Հայտարարություն. հայտնում ենք այն ազիզ թուրք հավատացյալներին, որ, հանուն Մուհամմեդի, Ջեմալ փաշայի որբանոցի 1400 մայր, հայր չունեցող որբ տղաներին ու աղջիկներին ալլահին տված վարձք համարեցեք ու հայ տղաներին գրվեք էիրվե լինելու (թլպատում)»:
Գալիս էին թուրք մարդիկ ու խանումներ, նախ և առաջ երեխաներին բաղնիք տանում, շան կեղտով լվանում, որպեսզի հայության մեռոնից ու կրոնից դուրս գան, հետո դառնան իսկական թուրք: Հետո կնքահայրը գրկում էր երեխային, իսկ քիրվեն դհոլ, զուռնայի հնչյունների տակ թլպատում էր: Ոմանց տանում էին հոգեզավակ: Ամենամոտ ընկերներով այս անմարդավայել թլպատումից ետ էինք մնում, խուսափում էինք ու մտածում փախուստի մասին:
Ես ու ընկերներս` Կարապետ Գոյումյանը, Հովհաննես Չախիջյանը, գիշերվա ժամը 4-ին դուրս թռանք ցանկապատից: Գնացինք Ադանա: 10-11 տարեկան հազիվ լինեինք: Քաղաքում սոված, անտուն շրջում էինք` տեսնելով հայերի աքսորն ու դժբախտությունը: Փողոցում տուն, քնելու տեղ չունեինք: Տեղ էինք փնտրում` մի ծածկի տակ քնելու համար:
Գտանք: Հացի թանկություն էր, մենք էլ` սոված: Ընկերս մուրացկանություն էր անում, հաց էր հավաքում ու բերում, մեզ բաժանում: Հովհաննեսն Ադանայի կոտորածից վիրավորված էր, ձախ ձեռքի մատները չէին աշխատում, հաշմանդամ էր: Գործը դժվար էր: Տասը պտույտից հազիվ թե մեկը մի կտոր հաց տար, ու փողոցներով սոված շրջում էինք…»
Այնուհետև Երվանդը հաստատվում է Կ.Պոլսում, հետո Բեյրութում, որտեղից էլ փոխադրվում է Աթենք:
1928 թ. Աթենքում ամուսնանում է իզմիրցի Լուիզա Հովհաննեսի Աբրահամյանի հետ (ծնվել է 1911 թ.): Նրա հայրը մահացել էր չարչարանքներից` անպաշտպան թողնելով չորս զավակներին:
Երվանդն աշխատում է Աթենքի գարեջրի գործարանում, իսկ երեկոյան տաքսի է վարում: Ի դեպ, ի հիշատակ իր տատիկի` հաջի Գոհարի և քույրերի` դուստրերին կոչում է նրանց անուններով (Գոհար, Արշալույս` հորական տատիկի անունն է, Պերճուհի և Մարիամ):
1932 թ. Երվանդ Փոստալջյանն ընտանիքով հաստատվում է Երևանում:
1933 թ.-ից մինչև կյանքի վերջը Երվանդն աշխատում է որպես անձնական վարորդ:
Մասնակցում է Երկրորդ աշխարհամարտին:
1947 թ. Եգիպտոսից հայրենիք է վերադառնում Երվանդի քեռին` գրող Հովհաննես Ուզունյանը:
Երվանդ Փոստալջյանը վախճանվել է 1961 թվականի մարտի 1-ին, իսկ կինը` 1971 թ.:
Նրա հուշերը գրի է առել և մեզ փոխանցել դուստրը` Արշալույսը. «Հայրս սիրում էր իր դրախտավայր Հաճընը, որտեղ ծնվել էր: Օր չկար, որ չպատմեր ծննդավայրից: Անսահման ուրախ էր, երբ հանդիպել էր իր որբանոցի ընկերոջը` Գևորգ Էլեզյանին: Մեր հողամասից որոշ մաս էր նվիրել հաճնցի Միսակ Պահատրյանին, որը և տուն կառուցեց մեր հարևանությամբ: Նոր տարին միշտ հաճնցիներով էինք տոնում: Ծնողներս միշտ հայրենասիրական երգեր էին երգում»:
Հուշագրական ժառանգություն, գիրք ԺԴ, ՀՃՈՒ հիմնադրամի գիտական ուսումնասիրություններ, Երևան, 2011, 384 էջ, էջ 221-229: