կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-03-08 16:30
Քաղաքական

ՀՀ-ն պետք է անի այնպես, որ Արցախի ընտրություններին միջազգային լուրջ դեմքեր գան, որպեսզի կասկածներ չառաջանան. Թևան Պողոսյան

ՀՀ-ն պետք է անի այնպես, որ Արցախի ընտրություններին միջազգային լուրջ դեմքեր գան, որպեսզի կասկածներ չառաջանան. Թևան Պողոսյան

Պետք է մի բան գիտակցենք՝ մեր պատերազմը չի ավարտվել, իսկ Ադրբեջանը և նրա վարած քաղաքականությունը նույնն են: Այս մասին լրագրողների հետ զրույցում հիշեցրեց Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ Թևան Պողոսյանը:

«Այս ամենը հաշվի առնելով` պետք է օգտագործենք բոլոր եղած հնարավորությունները՝ դիվանագիտական, բանակցային և այլն, բայց հարցը լուծվելու է իրական հողի վրա, իսկ իրական հողի վրա լուծվելու է այնպես, ինչպես ասել է Վազգեն Սարգսյանը՝ այս երկրի սահմանները գծվել են արյունով, բայց պետք է պահվեն քրտինքով: Այնպես որ՝ պետք է այդ իրական հողի վրա քրտինք թափել կարողանանք»,- նշեց նա:

Ըստ Պողոսյանի՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանի նախագահի հետ սպասվելիք հանդիպման ընթացքում բարձրացնելու է Արցախի՝ բանակցային գործընթաց վերադառնալու հարցը: «Կամ քննարկվելու և պայմանավորվելու են, թե որոնք են լինելու այդ խնդիրները, քանի որ Փաշինյանը բացահայտ ասում է՝ ես ձայն եմ ստացել ՀՀ քաղաքացիներից, ուստի իմ խնդիրների դաշտը սա է լինելու: Ամեն անգամ հանդիպում են Հայաստանի և Արցախի արտաքին գործերի նախարարները, Փաշինյանի և Բակո Սահակյանի միջև խորհրդատվություններ են տեղի ունենում, վստահ եմ, որ կա ինչ-որ ուրվագծում, թե որոնք են լինելու խնդիրների բաժանման հարցերը: Հասկանալի է՝ Ալիևն իր խնդիրներն է պնդելու»,- նշեց նա:

Yerkir.am-ի հարցին՝ ՀՀ վարչապետի՝ Արցախը բանակցային գործընթաց վերադարձնելու հայտարարությունների մեջ կա՞ քարոզչական պահ, թույլ տալո՞ւ են դա հիմա,  հենց նույն համանախագահները չե՞ն ասելու, որ  պահը չի հասունացել, Թևան Պողոսյանը վրդովված պատասխանեց. «Ի՞նչ է նշանակում` թույլ տալու են: Եթե թույլ տալով լիներ, ՄԽ երկրներն ամեն մեկն իր հերթին ինչպես ուզեր` այս հարցը կլուծեր: Եթե թուլանանք, հանձնվենք, ուրեմն՝ մենք թույլ տվեցինք: Իսկ ի՞նչ է նշանակում՝ հենց այս րոպեին: Դու մի մարդու ես հարց տալիս, որն ասում է՝ սա սերունդների խնդիր է, ի՞նչ խնդիր կա այստեղ թույլ տալու կամ չտալու: Մինչև հիմա էս բանով հազար անգամ ճնշումներ են գործադրել, թո՞ւյլ ենք տվել»:

Մեր հաջորդ հարցին, թե Արցախում ինչպիսի՞ նախագահական ընտրություններ ենք ունենալու՝ հաշվի առնելով մասնակցության հայտ ներկայացրածներին և այլ հանգամանքներ, Թևան Պողոսյանը պատասխանեց` ներկայացնելով իր ցանկությունները: «Նույն Արցախում ասում են, որ ուզում են ունենալ ազնիվ, արդար և ազատ ընտրություններ, քաղաքական տարբեր միավորները կգնան և կպայքարեն ու կստանան իրենց քվեն: Մենք ուզում ենք դա տեսնել, հիմա հարցն այն է՝ ինչ է անհրաժեշտ անել դրա համար: Արցախում կան ավանդական կուսակցություններ, կան նոր ստեղծվածներ: Ըստ իս՝ պետք է նոր կուսակցություններին ինստիտուցիոնալ իմաստով օգնել: Արցախը միշտ դիտորդներ է կանչել, բայց` փոքր թվով: Հիմա ո՞րը պիտի լինի այն երկիրը, եթե ոչ` Հայաստանը, որը կնպաստի, որպեսզի այս անգամ Արցախ այնպիսի մակարդակի դեմքեր գան, որ ոչ մեկ չասի՝ եկան ու խաբեցին: Ունի՞ Հայաստանն այլ դաշնակից, չունի, ուրեմն Հայաստանը պիտի զբաղվի այս խնդրով: Իսկ մնացածն Արցախում պիտի արվի, հանրությունն էլ իր գնահատականը կտա: Վստահ եմ, որ կլինեն պարզ, ազնիվ, արդար ընտրություններ,և միջազգային հանրության մոտ չի առաջանա կարծիք, թե ինչ է նշանակում Արցախի ընտրված իշխանություն»,- նշեց Պողոսյանը: