կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-07-27 17:45
Առանց Կատեգորիա

Ի՞նչ են կորցրել ռուսաստանցի բայքերները Արցախում

Ի՞նչ են կորցրել ռուսաստանցի բայքերները Արցախում

Ռուսական  «Գիշերային գայլեր» մոտոակումբի ներկայացուցիչները հուլիսի 31-ին ժամանելու են Հայաստան, ապա այցելելու են Արցախ: Այս մասին տեղեկացրել է Ռուսաստանի հայերի միության առաջին փոխնախագահի տեղակալ Սերգեյ Սաժումյանը: Թե ո՞րն է Հայաստան, առավել ևս` Արցախ «Գիշերային գայլեր»-ի բայքերների այցի նպատակը, բացարձակապես հասկանալի չէ: Սաժումյանը որևէ բացատրություն չի տվել:

Առաջին հայացքից թվում է, թե նման նախաձեռնության մեջ որևէ տարօրինակ բան չկա: Մինչդեռ այս ակումբի շուրջ սկանդալներին ու տեղեկատվական հոսքերին քիչ թե շատ ծանոթ լինելու դեպքում պարզ է դառնում, որ ամեն ինչ այնքան էլ միանշանակ չէ: «Գիշերային գայլեր» մոտոակումբը որևէ աղերս չունի դասական չափանիշներին համապատասխանող բայքերական ակումբների հետ: Այն ոչ միայն գերքաղաքականացված է, այլև փաստացի իրենից ներկայացնում է անձամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, ինչպես նաև ռուսական նեոիմպերիալիզմի քարոզչական, այսպես կոչված, այլընտրանքային նախագիծը: Ակումբի ղեկավարը` Խիրուրգ մականվամբ, «Звезда» քարոզչական հեռուստաընկերության տնօրենների խորհրդի անդամ է և ակտիվորեն ներգրավված է հակաուկրաինական շարժումներում: Այդ պատճառով, ինչպես ռուսական քաղաքական-հասարակական շատ այլ ներկայացուցիչների, այնպես էլ Խիրուրգի նկատմամբ արևմտյան մի շարք երկրների կողմից սահմանվել է մուտքի արգելք:

2012թ. այս մոտոակումբը 3.7 միլիոն ռուբլու չափով պետական դրաշնորհ է ստացել պաշտոնապես` մանկական միջոցառումներ կազակերպելու նպատակով:

Ակնհայտ է, որ նման իմիջ ունեցող ակումբի` Արցախ այցելելու որոշումն ինքնանպատակ լինել չի կարող` անկախ նրանից` այցն ուղղակիորեն թելադրվել է Կրեմլի՞ց, թե՞ ինքնագործունեության արդյունք է: Միայն այն փաստը, որ, ինչպես նշել է Սերգեյ Սաժումյանը, բայքերներին դիմավորելու են Բագրատաշենում և ուղեկցելու են Երևան, վկայում է մի կողմից այս ակումբի իրական, ենթատեքստային կարգավիճակի մասին, մյուս կողմից` նրանց ընդունելությունն այդ կարգավիճակին հարիր կազմակերպելու` առնվազն Ռուսաստանի հայերի միության շահագրգռության մասին:

«Գիշերային գայլեր»-ի այցը Արցախ, ըստ էության, կարելի է բնորոշել որպես ԼՂ-ի նկատմամբ Ռուսաստանի կայսերական հավակնությունների դրսևորում` քարոզչական-հոգեբանական, հասարակական մակարդակով: Այս իմաստով` «Գիշերային գայլեր»-ի արցախյան այցը ռուս հայտնի և էքսցենտրիկ միլիարդատեր Գերման Ստերլիգովի` ԼՂՀ-ում հաստատվելու դրվագի տրամաբանական շարունակությունն է, որն իրենով բացատրում է նաև Ստերլիգովի` «ղարաբաղցի դառնալու» հոգեբանական-քարոզչական շարժառիթները: Փաստորեն, ռուսական պրոպագանդան այդ հավակնությունները հաստատելու դեռևս նախնական փորձերն է կատարում` դրանք սքողելով առայժմ որոշ չափով անհասկանալիության, որոշ չափով անլրջության էլեմենտների ներքո: Սա չի նշանակում, թե Ստերլիգովին անպայման ԼՂՀ է գործուղել Կրեմլը, կամ նա պարտադիր հետապնդում է Արցախը ռուսականացնելու, դրա միջոցով տարածաշրջանում ռուսական կայսրության վերահաստատման ուղիղ նպատակ: Բայց Մոսկվան առնվազն փորձում է մի կողմից օգտվել այն քարոզչական ռեսուրսից, որը, կամա թե ակամա, իր այդ քայլով տվել է Ստերլիգովը, մյուս կողմից` շոշափել իր` նման հավակնությունների նկատմամբ տարածաշրջանի երկրների, այդ թվում` նաև ԼՂՀ-ի հասարակության տրամադրությունները:

Սակայն «Գիշերային գայլեր»-ի այցը, քարոզչականից բացի, ունի թաքնված քաղաքական ենթատեքստ, որը բացարձակապես չի բխում հայկական երկու պետությունների շահերից: Մոտոակումբն ուղղակիորեն մարմնավորում է Ուկրաինայի հանդեպ Ռուսաստանի ներկայիս քաղաքականությունը և հատկապես` Ղրիմի կցումը Ռուսաստանին. բանն այն է, որ ակումբի ներկայացուցիչներն ուղղակիորեն մասնակցել են Ղրիմի կցման օպերացիային` հանդես գալով ոչ ֆորմալ մարտիկների կարգավիճակում, ինչի մասին տեղյակ են ոչ միայն Կիևում, այլև Վաշինգտոնում և Բրյուսելում: Այս տեսակետից նրանց այցը Արցախ, կամա թե ակամա, ստիպում է ոչ միայն զուգահեռներ անցկացնել Արցախյան և Ղրիմի հիմնահարցերի միջև, այլև Արցախյան հարցը դիտարկել Ղրիմի կցման պրիզմայով: Հետևաբար, անկախ նրանից, թե պաշտոնապես ինչպես է բացատրվում ռուս նեոիմպերիալիստ բայքերների այցը Արցախ, այն հիմքեր է ստեղծում Արցախյան հարցը դիտարկելու, մի կողմից, որպես տարածքային վեճի խնդիր, մյուս կողմից` որպես Ռուսաստանի հավակնություններից այդ տարածքը փրկելու ենթակա օբյեկտ: Հենց նման երևույթներն ու ընկալումներն են պատճառ դառնում, որ Ղարաբաղյան հիմնահարցը, նույնիսկ ԵԱՀԿ ԽՎ ընդունած բանաձևերի մակարդակով, սկսում է նույնացվել Մերձդնեստրի, Աբխազիայի և Հարավային Օսիայի հիմնահարցերի հետ` չնայած ծագումնաբանության և իրավական հիմնավորվածության առումով դրանց հետ որևէ աղերս չունի:

Եվ երբ Ռուսաստանի հայերի միությունը որոշում է Հայաստանի սահմանագլխին դիմավորել բայքերներին ու նրանց ուղեկցել Արցախ` կա\'մ կուրորեն, կա\'մ, որ ավելի սարսափելի է, միտումնավոր, նպաստում է ԼՂ հարցի էության խեղաթյուրման այս գործընթացին: Հարց է առաջանում` ո՞վ է այս կազմակերպությանը տվել նման արտոնություն...

Գևորգ Դարբինյան