Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վրեժ Պետրոսյանի «Մարիա Յակոբսենի օրագրությունը» վավերագրական ֆիլմն ընդգրկված է «Ոսկե ծիրան» կինոփառատոնի «Մենք կանք» ծրագրում: Ֆիլմը պատմում է դանիացի միսիոներուհի Մարիա Յակոբսենի մասին, որի օրագիրը լի է վկայություններով հայերի դեմ իրագործված ոճրագործության մասին:
Նշենք նաև, որ Յակոբսենը 1980-ականների սկզբներին Լիբանանում հիմնել է «Թռչնի բույնը» որբանոց-քոլեջը, որտեղ ապաստան են գտել հայ որբուկները:
Պետրոսյանը նշեց, որ, մինչ այս ֆիլմը, մի քանի ֆիլմեր ուներ` նկարահանած Ցեղասպանության թեմատիկայով, և հերթական անգամ թեմային անդրադառնալն իր համար կարծես ծրագրավորված լիներ: «Ես եփվել եմ այս թեմայում: Բայց ամեն ինչ փոխվեց, երբ կարդացի Վարուժան Ոսկանյանի «Շշուկների մատյանը». հասկացա, որ Ցեղասպանությունը ներկայացնելիս քաղցր-մեղցր ճանապարհով եմ գնացել և հրաժարվեցի դրանից: Զգացի, որ ասելիքը պետք է ասվի ուղիղ հասցեատիրոջը` առանց ջայլամային ու շեղող կամ մեղմող տարրերի: Հաճախ Ցեղասպանության մասին ֆիլմերում սիրո կամ այլ տարրեր են մտցնում, ինչը, իմ կարծիքով, սխալ է»,- ասաց Պետրոսյանը:
Նա նշեց նաև, որ իր գերխնդիրը փառատոներին ֆիլմը ներկայացնելը չէ, թեև Ցեղասպանության մասին ֆիլմերը, ռեժիսորի հավաստմամբ, սովորաբար չեն վերցնում փառատոները` ասելով, թե` շատ հուզվեցինք, լավն էր, բայց չենք կարող վերցնել: «Ինձ բավարարում է, որ ինչ-որ բան եմ թողնում այս թեմայով, փառատոնային մասնակցությունը կարևոր չէ: Ֆիլմում շատ անհրաժեշտ և ինֆորմատիվ հեղինակային տեքստ կա, որը զուտ տեղեկատվություն է տրամադրում` ինչ-ինչ դեպքերի կամ տեղանունների հետ կապված: Ամբողջությամբ արխիվային և ճշգրիտ տեղեկություններ են ներկայացված ֆիլմում»,- ասաց ռեժիսորը` հավելելով, որ, ֆիլմի հետ կապված, Թուրքիայից առանձնապես արձագանք չի էլ սպասում, քանի որ կարծում է, որ անգամ, երբ փաստաթղթերն օսմաներեն են ներկայացվում, մերժում են, չեն ընդունում, ուր մնաց այս խեղճուկրակ ֆիլմն ընդունեն: