կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-03-23 13:20
Հասարակություն

Յուրաքանչյուր երկիր ներկայացնելիս այդ երկրի կարգախոսն ենք ընտրել. ինչու «Ռուսաստանն իմ հայրենիքն է»

Յուրաքանչյուր երկիր ներկայացնելիս այդ երկրի կարգախոսն ենք ընտրել. ինչու «Ռուսաստանն իմ հայրենիքն է»

Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է հրապարակել՝ գրելով, որ Հակոբ Օշականի անվան թիվ 172 դպրոցում աշակերտները մասնակցել են միջոցառման, որի ժամանակ բեմը զարդարված է եղել «Ռուսաստանն իմ հայրենիքն է» կարգախոսով:

ՀՀ ԿԳ նախարարի մամուլի խոսնակ Լուսինե Մարգարյանը Yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ կրթության և գիտության նախարարության տեսակետը մեկն է՝ Հայաստանի Հանրապետությունն է մեր հայրենիքը, և վերջ:

Թիվ 172 դպրոցը Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ է: Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն պետ Արթուր Գևորգյանն էլ նշեց, որ տեղյակ չէ՝ ինչ միջոցառում է եղել, սակայն պաշտոնապես և անձնապես կարող է հայտարարել՝ մեր հայրենիքը Հայաստանի Հանրապետությունն է, ուրիշ հայրենիք չենք փնտրել ու չենք էլ փնտրելու: «Հայրենիք ասելով՝ Արցախն էլ նկատի ունեմ»,- հավելեց նա:

Թիվ 172 դպրոցի տնօրեն Գայանե Մկրտչյանը մեզ հետ զրույցում պարզաբանեց, որ իրականում «Աշխարհն իմ աչքերով» խորագրով միջոցառումների մի ամբողջ շարք են անցկացրել, որը սկսվել է հոկտեմբեր ամսից: Մինչ Ռուսաստանը ներկայացնելը, արդեն իսկ անդրադարձել են 13 երկրի՝ Վրաստանին, Ուկրաինային, Մեծ Բրիտանիային, Ֆրանսիային, Իտալիային…

«Իրականում ոչ թե դա կարգախոս էր Հայաստանի համար, այլ ուղղակի դասղեկները վերցրել են տվյալ երկրի կարգախոսը՝ ներկայացնելով այդ երկրները, նրանց մշակույթն ու ավանդույթը: Միջոցառման նպատակը մեկն է եղել՝ աշակերտներին ծանոթացնել այլ երկրների հետ: Չենք վերլուծել, թե սա կընկալվի որպես Հայաստանի համար կարգախոս: Մենք, համենայն դեպս, նման նպատակ չենք ունեցել: Աշակերտները դերակատարման ձևով տեղափոխվում էին տվյալ երկիր, և յուրաքանչյուր երկիր ներկայացնելիս հենց այդ երկրի կարգախոսն էին ընտրել: Ավելին՝  մեր բոլոր միջոցառումները սկսվել են Հայաստանի հիմնով, իսկ վերջում, երբ աշակերտներն «այցելել» են բոլոր երկրները, ներկայացրել ենք նաև Հայաստանը՝ շեշտելով, որ եղել ենք ամեն տեղ, շրջել ու հասկացել՝ ամենալավ տեղը Հայաստանն է»,- ասաց դպրոցի տնօրենը: