Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ոստիկանությունը հրապարակել է հունիսի 23-ին Բաղրամյան պողոտայում և Ազատության հրապարակում հասարակական կարգը վերականգնելու միջոցառումների ընթացքում ցուցարարների նկատմամբ ոչ համաչափ գործողությունների և բռնությունների իրականացման փաստով ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հանձնարարությամբ անցկացված ծառայողական քննության արդյունքների մի մասը: Ըստ այդմ`կարգապահական կոպիտ խախտում թույլ տալու համար իջեցվել է ոստիկանության մեկ փոխգնդապետի պաշտոն, ոստիկանության ծառայողի էթիկայի կանոնները խախտելու` զսպվածություն չցուցաբերելու և ծառայության ընթացքում վայելուչ ու քաղաքակիրթ վարքագիծ չդրսևորելու համար մեկ գնդապետի հայտարարվել է նկատողություն, ևս վեց` ավելի ցածր պաշտոններ զբաղեցնող և շարքային ոստիկանների նկատմամբ կիրառվել է «խիստ նկատողություն» կարգապահական տույժը:
Ոստիկանությունը, այսպիսով, կատարեց դեռևս հունիսի 23-ին տված խոստումը իրենց ծառայողական լիազորությունները գերազանցած և խաղաղ ցուցարարների նկատմամբ բռնություններ կիրառած ոստիկաններին պատժելու վերաբերյալ: Թե որքանո՞վ էին կիրառված կարգապահական տույժերը համարժեք թույլ տրված խախտումներին, դժվար է ասել: Մեկ բան պարզ է` զուտ նկատողություններով ու խիստ նկատողություններով սահմանափակվելը, որքան էլ դրանք մի մասով առնչվեն բարձրաստիճան ոստիկանների, չի կարող բավարարել ո\'չ ցուցարարներին, ո\'չ էլ հասարակությանը: Որովհետև պարզ է` այդ անձինք և հատկապես` շարքային ոստիկանները պարզապես հրաման են կատարել, մինչդեռ հասարակությունը պատժվողների մեջ ուզում է տեսնել հրաման տվողներին: Մյուս կողմից` մեղմ մոտեցման ցուցաբերումն ավելի շատ նմանվում է զանցանք կատարողների պատասխանատվությունը մեղմացնելուն: Իսկ դա չի կարող բացասական նստվածք չթողնել:
Կարգապահական տույժեր կիրառելու իմաստը զուտ զանցանք կատարողներին սթափեցնելը, պատժելը չէ: Այլ նաև պատժի անխուսափելիության մթնոլորտի ձևավորումը և նոր մշակույթի ներդրումը համակարգում: Այսինքն` երբ որևէ ծառայողի նկատմամբ տույժ է կիրառվում` դրանից պետք է հետևությունններ անի ոչ միայն տույժի ենթարկված պաշտոնյան կամ ծառայողը, այլ նաև նրա գործընկերները, ղեկավարներն ու ենթակաները: Իսկ դրա համար անհրաժեշտ է, որ ոչ միայն տույժերն ունենան գործնական հետևանքներ, ոչ միայն լինեն խախտումներին խիստ համահունչ, այլև հիմնված լինեն արդարության սկզբունքի վրա և գործեն բոլորի համար հավասարապես` անկախ պաշտոնից ու դիրքից:
Անցած տարվա դեկտեմբերին ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը ծառայողական քննության արդյունքում «նկատողություն» հայտարարեց փոխոստիկանապետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Լևոն Երանոսյանին այն բանի համար, որ նա հրապարակավ սպառնացել էր կտրել բոլոր նրանց ականջները, ովքեր կվիրավորեն երկրի նախագահին: Չնայած նկատողության արժանանալուն` Երանոսյանը գրեթե դրանից անմիջապես հետո հանդես եկավ նոր` այս անգամ արդեն գլուխ ջարդելու սպառնալիքներով: Իսկ մայիսին Եռաբլուրում խեղճուկրակ մուրացկան մի կնոջ չափազանց կոպիտ վիրավորանք էր հասցրել` «դու սաղ ե՞ս հլը, ես գիտեմ` սատկել ես»: Այլ կերպ ասած` Վլադիմիր Գասպարյանի նկատողությունը Երանոսյանի մի ականջով մտել էր, մյուսից դուրս եկել` առանց որևէ ազդեցություն ունենալու: Պատճառը միայն այն չէ, որ փաստորեն, նկատողությունը ոստիկանապետը հայտարարել էր, պատկերավոր ասած, Երանոսյանի գլուխը շոյելով, որովհետև հաջորդ նմանտիպ վարքագիծը պատժելու որևէ նախաձեռություն նա հանդես չբերեց, այլ այն, որ նախ` այդ նկատողությունը որևէ գործնական հետևանք չէր ունեցել` մնալով բարոյաէթիկական հարթությունում, և երկրորդ` ո\'չ ոստիկանապետը և ո\'չ էլ ոստիկանությունն այն շրջանակները չէին, որոնց նկատողությունը կարող էր դույզն-ինչ ազդել Երանոսյանի նման օդիոզ ֆիգուրի վրա այն պարզ պատճառով, որ նա այդ պաշտոնը զբաղեցնելու համար պարտական է ոչ թե ոստիկանապետ Գասպարյանին, այլ հանրապետության նախագահին: Էլ չասած այն մասին, որ Երանոսյանի ռանգի պաշտոնյաների էթիկական վարքագիծը մանրադիտակի տակ պահելու համար գոյություն ունի (կամ ավելի ճիշտ կլինի ասել` չունի) բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով:
Հետևաբար, երբ շարքային ոստիկանը տեսնում է, թե փոխոստիկանապետի պաշտոն զբաղեցնող անձը որքան թքած ունի նկատողության վրա, հասկանում է, որ նպատակը բացարձակապես ոստիկանությունում կարգուկանոն հաստատելը չէ, այլ աչքակապությամբ զբաղվելը, ոստիկանությանն ինչ-որ արտաքին շպարված կերպար հաղորդելը: Որովհետև եթե լիներ հակառակը, ապա գուցե հարկ լիներ մեկ ծառայողական քննություն էլ անցկացնել հունիսի 28-ին և դրան հաջորդող երկու օրերին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հակասական վարքագծի կապակցությամբ, երբ, օրինակ, նա ԱԺ պատգամավորի հետ խոսում էր այնպես, կարծես դիմացը չարություն արած մանկապարտեզի երեխա էր, կամ էլ` երբ քաղաքացուն իր մոտից «չքվելու» հրաման էր տալիս:
Երբ նման դեպքերը քննության առարկա չեն դառնում, շարքային ոստիկանին մնում է կատարել երկու հետևություն` կա\'մ իրեն պատժում են անարդարացի, ինչի դեպքում նրան մնում է կա\'մ համակերպվել ստեղծված իրավիճակի հետ, կա\'մ աշխատանքից ազատման դիմում գրել, կա\'մ էլ մտածում է, որ իր գործողությունների համեմատ նկատողության արժանանալը մոտավորապես նման է խրախուսանքի արժանանալու: Ահա, թե ինչու, չնայած հասարակական կարգի պահպանության և քաղաքացիների հետ հարաբերությունների ոլորտներում ներքին կարգապահության մակարդակը բարձրացնելուն ուղղված` ոստիկանապետի գործադրած ջանքերին, հասարակությունը շարունակում է չվստահել թե\' ոստիկանությանը և թե\' ոստիկանությունում անցկացված նման ծառայողական քննությունների արդյունավետությանը:
Գևորգ Աղաբաբյան