կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-07-09 17:17
Հասարակություն

Ֆոլաթթու չի լինի միայն երկրորդ տեսակի կամ ավելի կոպիտ աղացման ալյուրում

Ֆոլաթթու չի լինի միայն երկրորդ տեսակի կամ ավելի կոպիտ աղացման ալյուրում

Հանրային հետաքրքրությունը, ալյուրի հարստացման հետ կապված, շարունակում է աճել: Yerkir.am-ը այդ կապակցությամբ մի քանի գրավոր հարցեր էր ուղարկել առողջապահության նախարարություն: Մասնավորապես հետաքրքրվել էինք` արդյոք օրենքի նախագծի ընդունումից հետո սպառողներն ունենալո՞ւ են ընտրության հնարավորություն: Այսինքն` ընտրություն կատարել ֆոլաթթվով չհարստացված և ֆոլաթթվով հարստացված այլուրից պատրաստված հացի միջև:

«Ալյուրի ընտրությունը պայմանավորված է այդ սննդամթերքի համընդհանուր հասանելիության հանգամանքով: Այն հասանելի է բնակչության բոլոր խմբերին (հատկապես` անապահով հատվածին), օգտագործվում է ամենօրյա սննդակարգում, լրացուցիչ ֆինանսական բեռ չի առաջացնում և կիրառման համամատաբար կարճ ժամանակահատվածումապահովում է բնակչության աթողջության ակնառու բարելավում: Հարստացվելու է ալյուր արտադրող խոշոր ալրաղացների բարձր և առաջին կարգի ալյուրի միայն 80-85 տոկոսը (օրական 30 և ավելի տոննա կարողությամբ): Բնակչության մակարդակով առողջապահական արդյունք ստանալու համար անհրաժեշտ է հարստացնել ալյուրի առնվազն 75-80 տոկոսը:

«Ցորենի ալյուրի հարստացման մասին» ՀՀ օրենքի նախագծով երկրորդ տեսակի կամ ավելի կոպիտ աղացման ալյուրի հարստացում չի նախատեսվում: Հետևաբար մարդիկ կարող են ընտրել դրանցից թխված հաց (հացամթերք): Մնում է միայն կարդալ մակնշումը»,- գրված է պատասխանում:

Մեր մյուս հարցին, թե ալյուրի հարստացումն ի՞նչ ազդեցություն է ունենալու հացամթերքի գնի վրա, ԱՆ-ից պատասխանեցին. «Ֆինանսական հաշվարկները իրականացվել են ՀՀ ֆինանսների և առողջապահության նախարարությունների մասնագետների կողմից: Կանադացի փորձագետ Քվենտին Ջոնսոնի աջակցությամբ կատարված լրացուցիչ հաշվարկները ցույց են տվել (2014 թվականի հոկտեմբերի դրությամբ), որ նույնիսկ առավելագույն ծախսերի դեպքում մեկ տոննա ալյուրի գինը կավելանա մոտավորապես 1 ԱՄՆ դոլարի չափով, ներառյալ միկրոսննդատարրերի ծախսը, հարկերն ու տուրքերը և գործառնական ծախսերը: Ըստ այդմ, 1 կգ հացի գինը կավելանա 37 լումայով: Տարեկան մեկ շնչի հաշվով միջինումսպառվում է 110-120 կգ ալյուր: Դա նշանակում է, որ տարեկան լրացուցիչ ծախսը չի գերազանցի 50 դրամը»:

Նախարարության պատասխանի վերջում կարդում ենք. «Նպատակ ունենալով նվազեցնել հիվանդությունների բեռը և դրա համար վճարող սոցիալական գինը, յուրաքանչյուր կառավարություն իր վրա է վերցնում հանրային առողջապահության համար անհրաժեշտ ներդրումների որոշակի մասը` ալրաղացների վերահսկողության և մշտադիտարկման, ալյուրի լաբորատոր հետազոտությունների և հաշվետվությունների, մասնագետների պատրաստման, սոցիալական մարկետինգի, ծրագրի մշտադիտարկման և գնահատման ծախսերը: Սարքավորումների և 1-2 տարի միկրոսննդատարրերի ձեռքբերումը կապահովվի ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի կողմից»:

Ի դեպ, ալյուրի պարտադիր հարստացման մասին օրենքի նախագիծը ԱԺ քննարկմանն է ներկայացվելու 2015 թվականի վերջին: