Փոխարժեքներ
24 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ՊՈՂՊԱՏԷ ԿԱՄՔՈՎ ՂԱՐԱԲԱՂՑԻ ԼԵՌՆԱԿԱՆԸ
Նիկոլ Դումանի ծննդեան տարեդարձն է այսօր։ Ան ծնած էր 12 Յունուարի 1867ին, Ասկերանի Ղշլաղ գիւղը, Արցախ։ Ան Հ. Յ. Դաշնակցութեան օրինակելի ֆետային էր։ Ան եղաւ եւ կը մնայ Դաշնակցութեան մարտական ու գաղափարական հայդուկապետը։
Ընկալելու համար Հայկական Յեղափոխութեան ռազմավարութեան էութիւնը եւ շարունակաբար սորվելու համար մեր ազգային ազատագրական պայքարի խորքն ու ձեւը, պէտք է կրկին ու կրկին կարդալ Նիկոլ Դումանի «Նախագիծ ժողովրդական ինքնապաշտպանութեան» գործը։ Հոն կատարած իր մարտական ցուցմունքը կը մնայ ի զօրու.- «Ի՛նչ էլ լինի, թէ՛ թշնամուն եւ թէ՛ բարեկամին յարգանք ու պատկառանք ներշնչողը, դժբախտաբար, դեռ կոպիտ ուժն է: Եւ մի ազգ, եթէ ուզում է մնալ յարգուած, եթէ չի ուզում կորչել, պէտք է լինի զէնքի ընդունակ. միշտ պէտք է լինի կազմ ու պատրաստ ինքնապաշտպանութեան համար, մանաւանդ` քաղաքական ցնցումների վայրկեաններում։»
Նիկոլ Դուման Ղարաբաղցի էր ծնունդով, Դաշնակցական էր գործունէութեամբ ու գաղափարով, եւ Հայ ու Հայաստանցի էր իր համակ էութեամբ, հոգիով, մտքով ու բազուկով։
Բոլոր պայմաններու տակ, սակայն, Նիկոլ Դուման մտածեց, գործեց ու ապրեցաւ իբրեւ պողպատէ կամքով Ղարաբաղցի Լեռնականը։ Հայաստանի հայացման դարբին Ռուբէն Տէր Մինասեանի վկայութեամբ, «...[Նիկոլ] Դումանը Դաշնակցութեան ամենահին մտաւորական ֆէդային էր: Ան հեղինակութիւն էր մեր բոլոր ֆէդայիներուն համար, ամենահամեստ զինւորէն սկսած մինչեւ Հրայրը, Գէորգ Չաւուշն ու Անդրանիկը, բոլորն ալ հաւասար սիրով պատրաստ էին ենթարկւելու այդ Ղարաբաղցի լեռնականին պողպատէ կամքին։» («Հայ Յեղափոխականի մը Յիշատակները»)
Սեդօ Պոյաճեան