Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սերժ Սարգսյանի համար ճառ գրողները կա\'մ փոխվել են, կա\'մ կա խնդիր, թեկուզ` տեխնիկական բնույթի. այսօր լրագրողներին ասաց նախկին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանը` անդրադառնալով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթին:
«Նախագահի խոսքը պետք է պատրաստեն վերին աստիճանի պրոֆեսիոնալներ, որ հայկական խոսքի ռիթմը պահպանվի: Կներեք, բայց այս ճառը վերցված էր մեկ այլ առաջնորդի ճառից»,- ասաց նա:
Լրագրողները հետաքրքրվեցին` մի՞թե Օբամայի ճառից է վերցված: Լարիսա Ալավեդյանը պատասխանեց, որ դա Օբամայի ճառից չի վերցված, մնում է Պուտինի ելույթը` ակնարկելով, որ Պուտինի ելույթից է վերցված:
Նրա համոզմամբ՝ նախագահի ծրագրային ելույթում չպետք է լինեին հռետորական բնույթի հարցական նախադասություններ: «Պետք է հարգել ՀՀ նախագահի պաշտոնը և ուշադիր գրել ելույթը, ճառը, հակառակ դեպքում՝ սա շատ վիրավորական է»,- ասաց Ալավերդյանը:
Անցնելով ելույթի բովանդակային մասին` նա նշեց, որ ելույթում ուղերձ կար՝ ուղղված դրսին: Դա Թուրքիային վերաբերող մասն էր, որով նախագահը ցույց է տալիս, որ հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ գործընթացն այլևս քաղաքական օրակարգում չէ: Ելույթում Սերժ Սարգսյանը ակնարկեց, որ ԼՂ խնդիրը և պատերազմական վիճակի մեջ գտնվելը չպետք է պատճառ լինեն լճանալու համար, այլ նման պայմաններում էլ պետք է փնտրել ուղիներ՝ զարգանալու համար:
Լարիսա Ալավերդյանին դուր չի եկել, որ ելույթում շեշտվում էր կուսակցական քաղաքական կայունության մասին, որովհետև կուսակցական կայունությունը չէ, որ պետք է ապահովի համակարգի կայունությունը:
«Ելույթում չկային ծրագրային կետեր, վերին աստիճանի ընդհանրական, գեղեցիկ ցանկություններ էին, բայց հարց է առաջանում` հետո ի՞նչ: Անձամբ ես չեմ տեսնում, որ փոփոխությունների փուլ ենք մտել: Անընդհատ խոսվում է կայնության մասին, բայց չի կիրառվում «զարգացում» բառը, այսինքն` այսպես էլ մնա, լավ է: Ի՞նչն էր խանգարում մինչ այժմ փոփոխել այն, ինչի մասին խոսվում է ելույթում: Պատասխանատվության մասին է խոսում, արդարության մասին, դատարանների մասին, սակայն ես ի՞նչ մտածեմ, եթե կան Սուրիկ Խաչատրյանի և նրա ընտանիքի հետ կապված հայտնի դատական որոշումները: Այդ ելույթը զարգացման միտված ելույթ չէր»,- ասաց Լարիսա Ալավերդյանը՝ հավելելով, որ կցանկանար, որ իր երկրի նախագահի խոսքն ավելի լավը լիներ: