կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-03-08 13:18
Հասարակություն

«Ահա և Մարտի 8-ի արգասիքը». Լարիսա Ալավերդյան

«Ահա և Մարտի 8-ի արգասիքը». Լարիսա Ալավերդյան

Այսօր լրագրողների հետ զրույցում «Ժառանգություն» կուսակցության անդամ Անահիտ Բախշյանն ու «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ-ի նախագահ Լարիսա Ալավերդյանն անդրադարձան Մարտի 8-ի խորհրդին:

«Խելացի տղամարդու համար կինը, իհարկե, Աստծո ընծա է, բայց հասկանալի է, որ հասարակության ներսում բոլոր տղամարդիկ չէ, որ այդպես են մտածում: Կանանց ուժը լրիվ այլ դաշտում է, էն գլխից էլ նրանք ավելի թույլ են եղել ֆիզիկապես, բայց դա չի նշանակում, որ տղամարդիկ պետք է հարձակվեն նրանց վրա ու ֆիզիկական ուժ կիրառեն: Կանանց և տղամարդկանց միջև չքնաղ տարբերությունները պետք չէ ջնջել, բայց պետք է խոսել կանանց և տղամարդկանց միջև իրավահավասարության մասին: Կանայք նույն հավասար իրավունքները պետք է ունենան` մասնակցել հասարակական-քաղաքական կյանքում, պետական կառավարմանը»,- ասաց Լարիսա Ալավերդյանը:

Նա կարծիք հայտնեց, որ Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքում, կանանց առաջխաղացման առումով, տղամարդիկ անտարբեր են կանանց հանդեպ: Մինչդեռ խելացի տղամարդկանց համար չպետք է լինի այդ խնդիրը՝ կանայք պե՞տք է լինեն իշխանության, թե՞ ոչ, կանանց հետ խորհրդակցե՞լ, թե՞ ոչ, որովհետև դա բնական է:

Լարիսա Ալավերդյանը մի դրվագ հիշեց` Մարտի 8-ի հետ կապված: Երբ դպրոցական էր, Մարտի 8-ին բողոքեց ուսուցչին, որ դասասենյակում ցուրտ է: Ուսուցիչը հակադարձել էր, թե դասասենյակում 16 աստիճան է, իսկ Լարիսա Ալավերդյանը չէր զիջել` ասելով, որ ինքը դաստիարակվել է 18 աստիճանի պայմաններում: Ուսուցիչը չէր դիմացել և խոստովանել էր. «Ահա և Մարտի 8-ի արգասիքը»:

Նա անդրադարձավ այն հանգամանքին, որ Հայաստանում կառավարման համակարգում և ՏԻՄ բարձր օղակներում  կանայք քիչ են: Ընդ որում` կինը պայքարի մեջ չի գալիս` տղամարդու տեղը գրավելու, հստակ է, որ կանանց տեղը զգացվում է Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքում, ՏԻՄ մակարդակում: Գյուղական համայնքների բնակչության երկու երրորդը կազմում են կանայք, մինչդեռ ՏԻՄ բարձր օղակներում կանայք շատ քիչ են ներգրավված:

«Երբ ասում են՝ կանանց և տղամարդկանց հավասարություն, ես ասում եմ` Աստծո սիրուն, ինձ մի իջեցրեք այն տեղից, որտեղ իմ ամուսինն է ինձ դրել: Ամուսինս ինձ իր գլխի վրա է դրել, ես նրանից շատ շնորհակալ եմ»,- ասաց Լարիսա Ալավերդյանը: