Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանն անդրադարձավ ՀԷՑ-ում սպասվող աուդիտին` թե ի՞նչ արդյունքի այն կհանգեցնի: Պատգամավորի խոսքով՝ աուդիտը միայն ֆինանսական հոսքերի ստուգում չէ, այլ ծախսերի նպատակահարմարության, կորուստների ու աշխատանքի արդյունավետության:
«Ներդրումներ են արվել էներգետիկ համակարգում, բայց համակարգում կորուստների մակարդակը չի նվազել, սա է խնդիրը: Պետք է փարատել այն կասկածը, որը օբյեկտիվորեն կա հանրության մոտ. կա\'մ այդ կասկածները կարդարացվեն և բարձր պաշտոնյաները կենթարկվեն պատասխանատվության, կա\'մ այդ կասկածներն անհիմն կդառնան»,- ասաց Խոսրով Հարությունյանը:
Yerkir.am-ի հարցին` ինչպե՞ս կմեկնաբանի «Ոչ թալանին» նախաձեռնության անդամների այն որոշումը, որ չեն պատրաստվում մասնակցել աուդիտին, որովհետև չեն վստահում ոչ մեկին, որ հետագայում չի ծախվի իշխանություններին, պատգամավորը պատասխանեց. «Ինքս տպավորված եմ քաղաքացիական այս նախաձեռնության լիդերների վարքով: Նրանք դրսևորեցին պատասխանատու քաղաքացու դիրքորոշում, երբ հարցը սրեցին այնքան, մինչև որ գնդակը հայտնվեց իշխանության դաշտում: Մյուս կողմից` եկեք` համաձայնեք, որ երիտասարդները հայտնվեցին նաև հանրության ճնշման տակ` փորձեցին նրանց մեղադրել: Ես հոգեբանորեն հասկանում եմ նրանց, նրանք փորձում էին պահպանել իրենց սկզբունքը, մյուս կողմից` չդավաճանել շարժմանը: Բայց եկեք` մտորենք. նախագահը չի ասում` մասնակցեք աուդիտին, ասում է՝ դուք մասնակցեք աուդիտորական ընկերության ընտրության հարցում, ընտրեք, թե որ կազմակերպությունն եք ընտրում: Հավատացնում եմ, որ միջազգային հայտնի աուդիտորական կազմակերպությունները իրենց անվան համար ավելի են դողում, քան մի խումբ մարդկանց հետաքրքրությունների: Հավատացնում եմ ձեզ` այդ կազմակերպությունները չեն ծախվի»:
Խոսրով Հարությունյանը համոզմունք հայտնեց, որ աուդիտի գործընթացը կլինի թափանցիկ:
Դիտարկմանը, որ «Ոչ թալանին» նախաձեռնության անդամները չեն պատրաստվում ընտրել աուդիտորական կազմակերպություն, քանի որ նախաձեռնության անդամները մասնագետներ չեն, որպեսզի աուդիտորական կազմակերպություն ընտրեն, Խոսրով Հարությունյանը պատասխանեց, որ այդ դեպքում երկխոսությունն իշխանության ու քաղաքացիական հասարակության միջև չի ստացվի:
Ըստ պատգամավորի` քաղաքացիական նախաձեռնությունը ճիշտ է բանաձևել իր պահանջը, որին հետևեցին բազմահազար քաղաքացիներ, այն է՝ ոչ թալանին, և այդ խնդիրը պետք է լուծվի, այսինքն՝ ոչ մեկի թալանի համար սպառողը չպետք է պատասխան տա:
Դիտարկմանը, որ հանրության մոտ կա նաև օբյեկտիվ կարծիք այն մասին, որ ողջ երկրի պետական ու մասնավոր կառույցներում է անհրաժեշտ աուդիտ անցկացնել, Խոսրով Հարությունյանը պատասխանեց. «Եկեք` անենք աուդիտ, բայց էդպես էներգետիկ համակարգին չենք հասնի, էդպես կտապալվի համակարգը, և հետո` միշտ չէ, որ հանրությունն իր պահանջներում ռացիոնալ է»: