Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական պատգամավոր Հովհաննես Սահակյանից Yerkir.am-ը հետաքրքրվեց, թե ինչպես է վերաբերվում ԲՀԿ-ական պատգամավոր Հրանտ Դավթյանի խայտառակ պահվածքին, որի մասին տեսանյութը հրապարակվել է համացանցում:
Հիշեցնենք, որ տեսանյութում լսվում է, թե ինչպես է պատգամավորը հայհոյում ճանապարհային ոստիկանին իր մեքենան կանգնեցնելու ու իրեն տուգանելու համար և հրաժարվում է ստորագրել ճանապարհատրանսպորտային խախտման վերաբերյալ ակտը:
Ըստ Հովհաննես Սահակյանի` իրավիճակները տարբեր են լինում, և որպես գործընկեր` կոռեկտ չի համարում գնահատական տալը, այնուամենայնիվ, կարծում է, որ պատգամավորը պետք է իր կոռեկտությամբ և դրական վարքուբարքով աչքի ընկնի, որովհետև ժողովուրդն է ընտրում պատգամավորին, իսկ նա պետք է հաշվետու լինի իր ընտրողների առաջ: «Մենք ունենք պատգամավորի վարքագծի գրված ու չգրված կանոններ. այն մարդիկ, ովքեր հանրային են, պետք է ավելի հանդուժող լինեն և չանցնեն թույլատրելի սահմանը: Ցավում եմ, որ նման միջադեպ է եղել, որովհետև օրենքի առաջ բոլորն էլ հավասար են: Պատգամավորը պետք է կարողանա իրեն զսպել, իրեն հավաքել, որ նման միջադեպերի մեջ չընկնեն»,- ասաց պատգամավորը:
Հարցին` արդյո՞ք նման միջադեպերը հիմք չեն, որպեսզի տվյալ պաշտոնյան զրկվի իր պաշտոնից, ինչպես դա տեղի է ունենում քաղաքակիրթ երկրներում, Հովհաննես Սահակյանը պատասխանեց. «Տարբեր երկրներում կարող են տարբեր դրսևորումներ լինել, մենք էլ հայ ենք, և պատգամավորը ինքն է որոշելու, թե ինչ քայլեր պետք է կատարի: Եթե օրենքով ենք նայում, բացի էթիկայի հանձնաժողով դիմելուց, այլ քայլ գոյություն չունի: Կամ էլ պատգամավորը, ելնելով իր ներքին պարկեշտությունից, որոշի կատարել այս կամ այն քայլը: Իսկ քայլերը կարող են տարբեր լինել: Օրինակ` Գերմանիայում նախարարներից մեկը հրաժարական էր տվել, որովհետև այլ երկիր էր գնացել իր ընկերոջ հետ ու գարեջուր պատվիրելու ժամանակ իր փոխարեն վճարել էր ընկերը, և համարել են, որ այդտեղ կա կոռուպցիոն ռիսկ: Տարբեր երկներում տարբեր դրևսորումներ կան, մենք էլ հայ ենք… Չէի ցանկանա, որ ԲՀԿ պատգամավորը հայտնվեր նման իրավիճակի մեջ, նա պետք է ավելի զուսպ վարվեր»: