Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ-ի այսօրվա արտահերթ նիստում, որը, բնականաբար, հրավիրել էր կառավարությունը, քննարկվում էր «Ակցիզային հարկի մասին» ՀՀ գործող օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու` կառավարության ներկայացրած օրինագիծը: Ըստ այդմ` նախատեսվում է վերանայել ակցիզման ենթակա որոշ ապրանքների, օրինակ՝ ծխախոտի, դիզելային վառելիքի, բենզինի, օղու դրույքաչափերը: Ավելի պարզ եթե ասենք, ապա, եթե առաջարկվող օրինագիծը ընդունվի, իսկ այն, որ ընդունվելու է կասկածի ենթակա չէ` հաշվի առնելով, թե ով է օրինագիծը ներկայացրել, ապա օղու, բենզինի, դիզվառելիքի, ծխախոտի գները երկրում բարձրանալու են:
Անկեղծ ասած` օղու եւ ծխախոտի գների բարձրացման հետ մի կերպ կհաշտվենք, դե ավելի լավ` քիչ կծխենք եւ քիչ կխմենք, իսկ որն ավելի լավ կլինի` երկուսն էլ չենք անի, բայց այ բենզինն ու հատկապես դիզվառելիքը լուրջ են: Բանն այն է, որ դիզվառելիքի գնի բարձրացումը ենթադրում է տրանսպորտի սակագնի բարձրացում` եւս: Ու քանի որ տրանսպորտի համար անգամ 100 դրամ տալ դժվարացող մեր քաղաքացիները, երբ այդ 100 դրամն էլ բարձրանա, ստիպված դարդից անգամ չեն կարող ծխել եւ խմել /քանի որ սրանք էլ թանկ են/, ապա պետք է արձանագրել, որ կառավարությունն այս անգամ գնաճ ապահովելու համար հրաշալի թիրախներ է ընտրել, եթե իհարկե կառավարությունը ցանկանում է ժողովրդին հնարավորինս ճնշել: Եթե չի ցանկանում, ապա ինչո±ւ է ճնշում:
Այս համատեքստում պարզ է դառնում, որ հոսանքի սակագնի բարձրացումը ոչ թե խնդիրն է, այլ դրա մի մասնիկը: Ինչպես տեսնում ենք` թանկանում է ոչ միայն հոսանքը, եւ ինչպես ակնհայտ է դառնում, օղին, բենզինը, դիզվառելիքն ու ծխախոտը դեռ վերջը չեն:
Բայց այս ամենը դեռ մի կողմ. մի` թեմայի հետ ոչ մի,կամ գրեթե ոչ մի կապ չունեցող հարց: Ինչու՞ մտանք ԵՏՄ, որ ամրապնդվի մեր անվտանգությու՞նը: Է այն օրից, երբ Հայաստանը դարձավ ԵՏՄ պաշտոնական անդամ, Ադրբեջանը մի քանի հազար անգամ խախտել է հրադադարի ռեժիմը, այդ թվում ձեռնարկելով դիվերսիոն ներթափանցման փորձեր: Բացի սրանից, մեր անվտանգությունը մեր ԶՈւ-ի հետ համատեղ ապահովող ռուսական 102-րդ բազայում, ըստ միայն այս տարվա իրադարձությունների, ոչ թե մտածում են ՀՀ անվտանգությունն ապահովելու, այլ ամեն մեկը` իր զինակցից իր անվտանգությունն ապահովելու մասին: Իսկ, եթե ԵՏՄ ենք մտել, որ ծիրաններն ու կեռասը վագոններով տանենք Ռուսաստան, ապա ու՞ր են այդ վագոնները:
Ամեն դեպքում մեզ ասում էին, որ ԵՏՄ-ին անդամակցելը նպաստելու է ժողովրդի կյանքի բարելավմանը եւ միությանն անդամակցելուց կարճ ժամանակ անց մենք մեզ վրա զգալու ենք ԵՏՄ-ի առավելությունները: Հիմա, անդամակցելուց արդեն շուրջ կես տարի անց, կամ այդ առավելությունները չկան, կամ էլ մենք ենք անզգա դարձել: Չնայած` ԵՏՄ-ի բերած թանկացումները զգում ենք…
Հետեւաբար ԵՏՄ-ն Երկնքի արքայության պես մի բան է. հիմա պետք է դիմանալ, որ հետո լավ լինի: Իսկ այդ «հիմա» -ն մեր ողջ կյանքն է:
Հովիկ Աֆյան