կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-05-30 13:14
Տնտեսական

Մեղավորը բաց երկնքի քաղաքականությունը չէ. Արծվիկ Մինասյան

Մեղավորը բաց երկնքի քաղաքականությունը չէ. Արծվիկ Մինասյան

ԱԺ-ում քննարկվում էր էկոնոմիկայի ոլորտի` 2015թ. բյուջեի կատարողականը:

Հիմնական զեկուցող` էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանին տնտեսության խթանման վերաբերյալ հարց ուղղեց ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը: Ըստ նրա` դրա վրա ամենից շատ ազդում է հարկային նոր օրենսգիրքը, որը պաշտպանում է առավելապես հարկային մարմինների շահերը: Մինչդեռ հարկային օրենսգիրքը պետք է մեկ խնդիր լուծի՝ հարկային բեռի հնարավորինս իջեցում, բայց բյուջեի եկամուտների ավելացում:

Պատգամավորը հարցրեց, թե արդյո՞ք կա վերլուծություն` ի՞նչ գործոններ են բացասաբար անդրադարձել տնտեսության վրա, ի՞նչ ճյուղեր են համարվում այսօր գերակա:

Նախարարը համաձայնեց, որ հարկային բարեփոխումների հիմնական սկզբունքը պետք է լինի տնտեսական աճի խթանումը, և նման հանձնարարական կա թե' նախագահի, թե' վարչապետի կողմից: Սակայն կառավարությունն ունի մեկ միասնական տեսակետ դրա վերաբերյալ:

Պատգամավորին հետաքրքրում էր նաև Հայաստանում հայտարարված «բաց երկնքի» քաղաքականությունը: Նա կարծիք հայտնեց, որ այդ քաղաքականության արդյունքում խոշոր ավիափոխադրողները հեռացան երկրից, տոմսերի գինը բարձրացավ, և վիճակը անհամեմատելի է հարևան Վրաստանի հետ, որտեղ Հայաստանից մեկնում են, որ Վրաստանով թռիչքներ իրականացնեն: Բացի այդ` Հայաստանի ավիացիայի ոլորտում ռուսական ավիաընկերությունները դեմպինգ են անում և այլն:

Արծվիկ Մինասյանը չհամաձայնեց պատգամավորի հետ, թե այդ ոլորտը ավերվել է: Նա նշեց, որ բաց երկնքի քաղաքականության արդյունքում ավելացել է ավիափոխադրողների թիվը, սպասվում է խոշորագույն օտարերկրյա փոխադրողների մուտք Հայաստան, հետևաբար` գերիշխող դիրք ունեցող ռուսական ավիափոխադրողների մոտ մրցակցություն կձևավորվի:

Արծվիկ Մինասյանը նշեց, որ ավիացիայի բնագավառում կառավարությունը, իհարկե, լուրջ անելիքներ ունի, սակայն եթե ներկայացնի Վրաստանի ու Ադրբեջանի օդանավակայանների գները, ապա պարզ կդառնա, որ Հայաստանն ունի առավելություն` գների առումով: Նախարարը խոստացավ պատգամավորին ներկայացնել թվային ցուցանիշներ գնային հարաբերակցության մասին:

«Ոչ ոք չի հերքում, որ ավիացիայի ոլորտում զարգանալու շատ տեղ ունենք: Որ օտարերկրացին չհանդիպի անտարբեր կամ փող պահանջող սպասարկողների, դրա մեղավորը բաց երկնքի քաղաքականությունը չէ»,- ասաց Արծվիկ Մինասյանը:

Բանավեճին միջամտեց տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը` ասելով, որ մեղավորը Արծվիկ ՄԻնասյանն է, որ ներկայացել է բյուջեի քննարկումներին, պետք է մնացած նախարարների պես վարվեր ու չներկայանար քննարկումներին: Արծվիկ Մինասյանը արձագանքեց, որ չի կարող չներկայանալ, քանի որ հարգում է իր գործընկերներին: