կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-04-17 16:58
Քաղաքական

Փոստանջյանը կարևորեց Հայոց բանակի հզորացումը

Փոստանջյանը կարևորեց Հայոց բանակի հզորացումը

Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն այսօր` լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով վերջին օրերին միջազգային հարթակներում Հայոց ցեղասպանության փաստի հետ կապված արձագանքներին, նշեց, որ վաղ, թե ուշ Թուրքիան պետք է առերեսվի իրականության հետ:

 

Փոստանջյանի խոսքով՝ Թուրքիայում տեղի ունեցած ցեղասպանությունը, որը քրեական հանցագործություն է, ամրագրված է նաև թուրքական դատարաններում: «Այն, ինչ տեղի է ունեցել, այդ մասին դատավճիռ են կայացրել Թուրքիայի դատարանները: Եթե Թուրքիայի կողմից ճանաչում է տեղի ունենում, ապա պետք է տեղի ունենա նաև մեր տարածքների փոխհատուցում»,- նշեց նա:

 

Զարուհի Փոստանջյանի բնորոշմամբ՝ քաղաքական միտքը պետք է ընթանա Ազգային անվտանգության հայեցակարգի վերանայման ուղղությամբ: «Քաղաքական միտքը պետք է ընթանա Ազգային անվտանգության հայեցակարգի վերանայման ուղղությամբ, քանի որ Ազգային անվտանգության ռազմավարությունը հաստատվել է 2007 թվականին, և անցել է շուրջ 8 տարի, իսկ այդ ընթացքում տարածաշրջանում աշխարհաքաղաքական քարտեզը ձևափոխվել է, և մեզ պետք է նոր հայեցակարգ` այս նոր փոփոխություններին համապատասխան»,- նշեց նա:

 

Պատգամավորը շեշտեց այն հանգամանքը, որ անվտանգության տեսանկյունից Հայաստանում միայն բանակն է հզորացել: «ՀՀ ԶՈւ-ն է պահում Հայաստանի անվտագությունը, սակայն թանկ ենք վճարում, վճարում ենք սպաների և զինվորների արյան գնով: Կարևոր է նաև Հայոց ցեղասպանության հարցը ՀՀ արտաքին քաղաքականության օրակարգում ներառելը»,- ընդգծեց նա: