Գոհար Ներսիսյանի պատմությունը
1912 թ., Տրապիզոն
Գոհար Ներսիսյանի պատմությունը
1912 թ., Տրապիզոն
Ալբերտ Զաքարյանն ArmenianGenocide100.org-ին է ներկայացրել իր մոր պատմությունը: Նա պատմել է, թե ինչպես են թուրքերը բոլոր հայերին դուրս քշել քաղաքից ու տարել անհայտ ուղղությամբ: Գաղթի ճանապարհին նա կորցրել էր ծնողներին և միայն հրաշքով փրկվել՝ հայտնվելով մանկատանը:
«Պատմությունը մորս՝ Գոհար Ներսեսի Ներսիսյանի մասին է: Նա ծնվել է Արևմտյան Հայաստանի՝ Տրապիզոն քաղաքում: Հայրը՝ Ներսեսը, կամ ինչպես ասում էին «թերզի Ներսես», այսինքն՝ դերձակ Ներսես, զինվորական համազգեստներ կարող դերձակ էր, մայրը՝ Անթառամը, տնային տնտեսուհի, եղբայրներն էին՝ Ասատուրը, որն ամուսնացած էր, Գաբրիելը և Մկրտիչը: Ապրում էին Տրապիզոնում գտնվող եկեղեցու մոտ, սեփական տանը: Հիշում էր, որ իր մոր հետ հաճախ էր այցելում եկեղեցին, իսկ եկեղեցու տեր հայրը իրենց բարեկամ էր, որը գրեթե ամեն օր լինում էր իրենց տանը:
Հիշում էր նաև, որ օրերից մի օր իրենց բոլորին հավաքել են և բռնի ուժով քաղաքից դուրս արել: Ժողովուրդը շատ էր, բոլորը լացում և գոռում էին: Քանի որ շատ փոքր էր, չէր հիշում, թե ուր են տարել, բայց ասում էր, որ բոլորին քշելով տարել են: Հետո իրեն առանձնացրել են իր ծնողներից և եղբայրներից, հետո նորից ինչ-որ տեղ է հայտնվել, հարազատներին այլևս չի տեսել: Պատմում էր, որ ճանապարհին, որն անցնում էր գյուղերի միջով, կային թուրք կանայք, որ խղճալով երեխաներին, գողանում էին թուրք զինվորների հսկողությունից, պահում դոշակների տակ: Ասում էր, որ իրեն նույնպես թուրք կանայք փախցրել էին և պահել: Ցավոք, որոշ հարևանների մատնության հետևանքով նորից հայտվել էր քշվող ժողովուրդի մեջ:
Ճանապարհին գնալով չէր հասկացել, թե ինչ կրակոցներ են սկսել, միայն հիշում էր, որ գնդակը դիպել էր ոտքին, որի հետևանքով ընկել էր բազմաթիվ դիակների մեջ՝ ընկած մնալով այնքան ժամանակ, մինչև անգլիական պատվիրակության կողմից պատահականորեն հայտնաբերվելը: Դա էր փրկել իր կյանքը: Արտասահմանյան պատվիրակությունն իրեն հասցրել էր Գյումրի՝ հանձնելով այնտեղ գտնվող իր ասելով անգլիական մանկատուն, որտեղ էլ մեծացել էր, իսկ հետագայում հորս՝ Զաքարյան Բաբկենի հետ ընտանիք կազմել: Մինչ 1971 թվականը մայրս գնում էր Վրաստան՝ հույս ունենալով, որ իր հարազատներից որևէ մեկն էլ իր պես թուրքի յաթաղանից փրկված կլինի, սակայն ամեն անգամ դատարկաձեռն էր վերադառնում»: