կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-03-18 16:30
Հասարակություն

Հրաշքով ողջ մնացած աղջնակին ռուս զինվորները գտել են գաղթականների դիակների տակից

Հրաշքով ողջ մնացած աղջնակին ռուս զինվորները գտել են գաղթականների դիակների տակից

Աղբյուրը՝ armeniangenocide100

Հայկանուշ Սիմոնյանի պատմությունը

1905 թ., Մուշ

 

Էլեն Պետրոսյանն ArmenianGenocide100.org-ին պատմել է իր պապի տատի՝ Հայկանուշի պատմությունը: Նա ընդամենը տասը տարեկան է եղել, երբ ռուս զինվորները նրան գտել են գաղթի ճանապարհին մահացած մարդկանց դիակների տակից: Զինվորներն աղջկան տարել են Ալեքսանդրապոլի որբանոց, որտեղ էլ մեծացել է ու կրթվել:


«Մեր Հայկանուշ տատը… Նրա մասին ինձ պատմում էր իմ Սամվել պապը, ում հետ ես շատ էի սիրում զրուցել: Այդ զրույցները կրկնվում էին ու կրկնվում… Ու ես կամաց-կամաց սկսեցի ճանաչել, հասկանալ: Մշո գավառի Բուլանլըղ գյուղի հայերը բռնել էին գաղթի ճանապարհը, որի ժամանակ ուժասպառ լինելով սովից ու տանջանքից, մահանում էին մեկը մյուսի հետևից: Գաղթի ճանապարհը վերածվել էր դիակների կույտի: Բայց կար օգնության մի հույս, թեև հազարավոր մարդկանց համար արդեն ուշացած: Ռուս զինվորները, որոնք փրկելու նպատակով հասան գաղթականներին, դիակների տակից գտան հրաշքով ողջ մնացած մի աղջնակի: Նա ընդամենը տասը տարեկան էր…

 

Պապիկս այնքան հուզված, բայց միաժամանակ հպարտությամբ էր պատմում, չէ՞ որ իր Հայկանուշ տատի ժառանգն ենք այսօր մենք: Զինվորներն աղջկան տանում են Ալեքսանդրապոլի որբանոց, որտեղ էլ նա մեծանում է: Գրեթե չափահաս տարիքում արդեն պետք էր ընտրել նոր ճանապարհ: Հայկանուշին առաջարկում են մեկնել Ամերիկա, սակայն նա չի համաձայնվում: Եվ հենց հայրենի հողի վրա էլ գտնում է իր նոր ճանապարհը՝ կյանքը կապելով երիտասարդ Հովհաննեսի հետ, որը նույնպես կորցրել էր իր հարազատներին: Նրանք միասին տեղափոխվում են Ապարանի ներկայիս Չքնաղ գյուղ, որտեղ էլ ստեղծում են իրենց ընտանիքը»: