Սիրվարդի պատմությունը
Արևմտյան Հայաստան
Աղբյուրը՝ armeniangenocide100
Սիրվարդի պատմությունը
Արևմտյան Հայաստան
Հայոց ցեղասպանության ականատես Սիրվարդը պատմել է, թե ինչպես են պատրաստվել գաղթին ու հեռացել՝ հույս ունենալով վերադառնալ կես ճանապարհից: Նա նշել է, որ մի օր, երբ գաղթականների քարավանը կանգնել է գիշերակացի, քրդերը հարձակվել են նրանց վրա. հեռվից լսել են հրացանների ձայները: Նրանք թողել են ամեն ինչ ու արագ հեռացել: Որոշ ժամանակ անց Սիրվարդի հայրն ու մայրը մահացել են՝ չդիմանալով գաղթի ճանապարհի դժվարություններին:
«…Փողոցները լիքը մարդիկ, սայլեր, տաւարներ, հեռանում էին քաղաքից: Այդ որ տեսաւ հայրիկս նոր միայն սկսեց պատրաստուել: Տունը թողինք այնպէս, ինչպէս կար: Հայրիկս ենթադրում էր, որ կէս ճանապարհից կը վերադառնանք: Նա փակեց դուռը, բանալին դրեց գրպանը ու, իմ ձեռքից բռնելով, առաջ ինկաւ: Միայն հայրս շատ անհանգիստ էր, որ քեռիս իր կնոջ հիւանդութեան պատճառով մնաց քաղաքում: Արեւը նոր էր ծագում, երբ մենք դուրս եկանք քաղաքից: Հազարաւոր մարդիկ սայլերով, տաւարով, կին ու երեխաներով լցրել էին ճանապարհը։ Ես կեանքումս առաջին անգամն էի տեսնում այդքան մարդ:
Եւ այդպէս գնացինք, չգիտեմ քանի օր, քանի գիշեր։ Օրը մթնելու վրայ էր երբ հասանք Բերկրիի մօտերը եւ պատրաստուեցինք քնելու: Յանկարծ կամաւորները անհանգիստ դէս ու դէն վազեցին եւ մեզ զգուշացրին, թէ փախէք, քրտերը յարձակւում են մեզ վրայ։ Հեռուից լսուեցին հրացանների խուլ որոտներ։ Ամէնքը ոտքի կանգնեցին եւ ով ինչպէս կարող էր փախուստի դիմեց։
Կանայք կոծ ու շիւանով վազում եւ իրենց երեխաների անուններն էին տալիս։ Մարդիկ թողնում էին իրենց սայլերն ու կենդանիները, թափում մէջքերի բեռները եւ գլուխներր կորցրած սարերն ընկնում։
Կրկին չգիտեմ քանի՞ օր գնացինք, բայց երբ մի անգամ էլ հանգիստ առանք, ասացին, որ հասել ենք Իգդիր եւ այլեւս առաջ չենք գնալու։ Այդտեղ մի խումբ այգեստանցիների հետ իջեւանեցինք մի պարտէզի մէջ։ Մեր ազգականներին ու դրացիներին կորցրել էինք Բերկրիի իրարանցման ժամանակ: Իմ երեսը արեւից այրուել ու ճաքճքել էր, իսկ մայրիկը իրեն վատ էր զգում: Մեր մի հատիկ վերմակը հայրիկը առաւ, մայրիկին փաթաթեց մէջ, պառկեցրեց ու ինքն էլ նստեց կողքին: Մայրիկը խորը տնքում էր։
Մի շարաթ յետոյ հայրիկս մի սայլ վարձեց, թէ պիտի երթանք Էջմիածին, այստեղ բժիշկ չկայ եւ ջուրն էլ մօրս չի գալիս: Մինչ այդ մեր հացն էլ վերջացել էր։ Եկանք Էջմիածին եւ վեր եկանք եկեղեցու բակում, արեւի տակ։ Մայրիկին կրկին փաթաթեցինք վերմակի մէջ եւ պառկեցրինք։ Մի բժիշկ եկաւ, դեղ տուեց եւ մայրիկս սկսեց լաւանալ։ Հենց որ նա ոտքի կանգնեց, հիւանդացաւ հայրիկս։ Եկաւ նոյն բժիշկը, ցոյց տուինք հայրիկիս, բայց նա փոխանակ դեղ տալու, հրամայեց ծառայողներին, որ նրան հիւանդանոց տանեն:
Մի կառք բերին, հայրիկիս պառկեցրին մէջն ու տարան: Հենց որ հայրիկիս տարան, կրկին պառկեց մայրիկս: Ես Նուարդին էի պահում, իսկ Խոսրովը միշտ գնում էր հիւանդանոց եւ հայրիկից լուր բերում: Երեք օրից յետոյ Խոսրովը իր ժամանակին գնաց հիւանդանոց, բայց սովորականից շուտ վերադարձաւ։ Մայրիկս շատ վախեցաւ եւ հարցրեց.
– Ինչո՞ւ այդպէս շուտ եկար:
Խոսրովի լեզուն կարծես պապանձուել էր։ Սկզբում լռեց, ապա սկսեց հեկեկալ։ Հայրիկս մեռել էր…
Մայրիկս վերմակի տակ գիշեր-ցերեկ լալիս էր։ Նրան ձայնակցում էինք մի կողմից ես, միւս կողմից Խոսրովը։ Եւ այդպէս մի շաբաթ:
Մի գիշեր ցուրտ արաւ եւ մենք տաքանալու համար մտանք մայրիկի վերմակի տակ։ Առաւօտեան երբ արթնացանք, տեսանք մայրիկը սառել էր։ Մենք գրկեցինք նրա գլուխը, լաց եղանք եւ բարձր ձայնով կանչեցինք.
-Մայրի՜կ…
Նա մեզ պատասխան չտուեց: Մի ժամից յետոյ երկու պարոն եկան, մայրիկին դրին նոյն կառքի մէջ ու տարան: Եւ մենք, երկու եղբայր ու մի քոյր, գրկեցինք միմեանց, կուչ եկանք եկեղեցու պատի տակ ու դառը դառը լացինք:
Այդ օրից մենք եղանք որբ»:
ՍԻՐՎԱՐԴ
Աշտարակ, 30 նոյեմբեր 1916
Ազատեան Լ., Հայ որբերը մեծ եղեռնի, գիրք երրորդ, Լոս Անճելըս, 2002, 263 էջ, էջ 151-154: