Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այսօր ԱԺ քառօրյայում 2014թ. բյուջեի կատարողականի վերաբերյալ ամփոփիչ ելույթով հանդես եկավ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը: Նա ակնարկեց, որ կատարողականի բացասական ցուցանիշները պայմանավորված են եղել արտաքին քաղաքական ու տնտեսական գործոններով: Ինչ վերաբերում է ներքին խնդիրներին, նախարարը խոստացավ դրանք անպայման հաշվի առնել:
Կանգ առնելով արտաքին օբյեկտիվ գործոնների վրա, որոնցով էլ պայմանավորված են եղել բյուջեի կատարողականի բացասական ցուցանիշները, նա մատնանշեց արտաքին պահանջարկի տեմպերի դանդաղում, փոխարժեքի արժեզրկում, տրանսֆերտների կրճատում: Նախարարը հռետորական հարց ուղղեց. «Տրամաբանական հարց է առաջանում, այս գործոնները միայն 2014-ի ցուցանիշների վրա՞ են ազդել, թե՞ դերակատարում կունենան նաև հետագա տարիների համար»:
Ըստ Գագիկ Խաչատրյանի` հարկեր- ՀՆԱ հարաբերակցության ցուցանիշներով Հայաստանը մոտենում է Բելառուսի ցուցանիշներին: Իսկ ամենակարևոր ցուցանիշը, որ ձեռք բերեց ՀՀ կառավարությունը, ըստ նախարարի, Համաշխարհային բանկի գնահատմամբ` գործարար միջավայրի ցուցիչներով 70-ից ավելի կետով դիրքերի բարելավումն էր և հարկային վարչարարության գծով 41-րդ հորիզոնականն ամրապնդելը:
«Բավարարվել միայն սրանո՞վ, իհարկե` ոչ: Մենք ունենք դեռ անելիքներ բացասական միտումները կանխարգելելու ուղղությամբ»,- ասաց նախարարը՝ խոսելով հարկային օրենսդրության մի շարք փոփոխությունների ու հարկային վարչարարության ամրապնդման մասին, ասելով, որ հարկային արտոնությունների միջոցով կառավարությունը փորձել է զարկ տալ բիզնես միջավայրին. հարկային վարչարարության արդյունքում` բյուջե մուտքագրվել է շուրջ 16 միլիարդ դրամ:
Ինչ վերաբերում է գերավճարների ու հարկային տեռորի մասին տեղեկություններին, նախարարը շտապեց հանգստացնել իր գործընկերներին` ասելով, որ գերավճարներ չկան, իսկ հարկային վարչարարությունը միմիայն հարկային կարգուկանոն հաստատելու համար է արվում: Ըստ նրա` կառավարության ամենօրյա ուշադրության կենտրոնում է տնտեսությունը բոլոր առումներով դիվերսիֆիկացնելու հարցը, բիզնես միջավայրի բարելավման, արտահանման խթանելու և անհրաժեշտ ներդրումներ ապահովելուն ուղղված գործողությունները: