կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-04-08 07:25
Հասարակություն

Դժգոհ է, որ "Հայոց աշխարհի" դեմ հայցը չի բավարարվել

Դժգոհ է, որ "Հայոց աշխարհի" դեմ հայցը չի բավարարվել

Վերջին շրջանում հայկական լրատվամիջոցները դարձել են օլիգարխների, քաղաքական գործիչների թիրախը, կարելի ասել նաեւ` հեշտ վաստակի աղբյուր, չնայած պատիվ ու հարգանք պահանջողները մամուլի խեղճ միջոցներից կորզած գումարներով չէ, որ հարստանում են: Մի շարք հայկական թերթերի դեմ դատական հայցերի վերաբերյալ կարծիք իմանալու ակնկալիքով դիմեցինք Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Աստղիկ Գեւորգյանին:

- Տիկի'ն Գեւորգյան, վերջին շրջանում մի շարք լրատվամիջոցների նկատմամբ դատական գործընթացներ են սկսվել: Դուք, որպես Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ, ի՞նչ կարծիք ունեք լրատվամիջոցների եւ լրագրողների վրա այս աննախադեպ հարձակման վերաբերյալ:

- Լրագրողը յուրաքանչյուր վերնագրի, ստորագրության եւ հարցի համար պետք է պատասխանատվություն կրի, այլապես մենք չենք կարող ձերբազատվել այդ դատական պրոցեսներից:

- Իսկ միությունը, այնուամենայնիվ, կքննարկի՞ այս հարցը:

- Եթե նման հարց լինի, ես ձեզ կպատասխանեմ: Մոտ երկու շաբաթ առաջ մեծ լսարանում ես խոսել եմ այս մասին: Այո, ես չեմ բավարարում ոչ մի լրատվամիջոցի, ովքեր ստեղծագործական միությունների, օլիգարխների բարի համբավը վարկաբեկել են, նրանք էլ դիմել են դատարան: Օլիգարխների հայցերը դատարանը բավարարել է, իսկ ստեղծագործական միության հայտը չբավարարվեց ընդդեմ «Հայոց աշխարհ» թերթի: Բայց այստեղ «Հայոց աշխարհ» թերթն է մեղավոր, ես ինչպե՞ս պաշտպանեմ «Հայոց աշխարհ»-ին: Թերթը գրել է ստեղծագործական միության նախագահի մասին, որ գող է, վաճառել են եւ այլն, եւ այլն:

Ճիշտ են արել, որ դատի են տվել, ուրեմն լրագրողը, այս դեպքում` Կիմա Եղիազարյանը պատասխանատվության զգացում պետք է ունենա: Մինչեւ սպիտակ թուղթ մրոտելը նա պետք է հասկանա, որ մարդու պատվի եւ արժանապատվության հետ է խաղում: Մեր գործն է պաշտպանել ամեն ինչով, բայց ո՞նց պաշտպանենք: Մենք գնում ենք անկախության 20-ամյակին եւ փոխանակ ուենանք որակյալ եւ պատասխանատու լրատվամիջոցներ, ունենում ենք անպատասխանատու լրատվամիջոցներ: Հենց սա է վատը:

- Բայց խոսքը միայն մեկ թերթի չի վերաբերում: Դատարանի առաջ են հայտնվել ե'ւ լրատվամիջոցներ, ե'ւ լրագրողներ: Համատարած արշավ է սկսվել այս ուղղությամբ:

- Ընդդիմադիր մամուլին թվում է, թե ինչքան պիտակներ փակցնի, այնքան ինքը ընդդիմադիր կլինի, դա չէ ընդդիմադիրը: Ընդդիմադիր մամուլն այնպես պետք է լինի, որ օգնի պետությանը, որ ասի` չեք տեսնում այս բանը, եւ մենք որպես չորրորդ իշխանությունը ձեզ ցույց ենք տալիս: Իսկ ընդդիմադիր մամուլը պատվերը որտեղից որ ստանում է, այնպես էլ գործում է, կամ էլ` դրսի դրամաշնորհ կազմակերպությունների թելադրանքով: Մի անգամ չեմ տեսել, որ քննադատական հոդված գրեն կամ նորմալ հետքերով գրեն ու մեկին չազատեն աշխատանքից:

- Իսկ դուք ունե՞ք տվյալներ, թե քանի լրատվամիջոց է նմանատիպ մեթոդներով աշխատում:

- Ոչ չունեմ: Մարդիկ խոսքի ազատությունը հասկանում են որպես ամենաթողություն, ով ինչ ուզում է, գրում է: Լրագրողը պետք է ունենա պատասխանատվության զգացում, այլ ոչ թե պատվեր ընդունի եւ վարկաբեկի ազնիվ մարդկանց: