կարևոր
3850 դիտում, 1 տարի առաջ - 2023-03-29 16:04
Քաղաքական

Վլադիմիր Կարապետյանի հայցն ընդդեմ Նաիրի Հոխիկյանի բավարարվել է

Վլադիմիր Կարապետյանի հայցն ընդդեմ Նաիրի Հոխիկյանի բավարարվել է

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Էդգար Հովհաննիսյանն այսօր հրապարակել է Վլադիմիր Կարապետյանն ընդդեմ Նաիրի Հոխիկյանի գործով դատական ակտը: Այս մասին հայտնում են ԲԴԽ-ից։

Դատարանն ամբողջությամբ բավարարել է Վ. Կարապետյանի հերքման պահանջը, իսկ փոխհատուցման պահանջը բավարարել է մասնակի:

Հիշեցնենք՝ Նաիրի Հոխիկյանը 2021 թ. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության նախաձեռնած բաց-դասընթաց քննարկման ժամանակ անդրադարձել էր նաև արցախյան վերջին պատերազմին՝ ցնցող փաստեր ներկայացնելով պատերազմի՝ Նիկոլ Փաշինյանի վարչախմբի կողմից վաղօրոք պլանավորված լինելու, Արցախի շրջանների, բերդաքաղաք Շուշիի դավաճանական հանձնման և այլնի մասին: Նշված փաստերի հրապարակման ընթացքում ներկայացրել էր նաև հրեա բլոգեր Ալ. Լապշինի և Նիկոլ Փաշինյանի նախկին մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանի մասնակցությամբ կարևոր խոսակցություն, ինչին արձագանքել էր Ալ. Լապշինը՝ մասամբ ժխտելով Ն. Հոխիկյանին: Ի պատասխան Լապշինի՝ Հոխիկյանն առաջարկել է հրապարակել իրենց միջև եղած խոսակցությունները։Հուլիսի 17-ին Նաիրի Հոխիկյանը վերստին դիմել էր հրեա բլոգերին՝ վերահաստատելով իր առաջարկը։ Հուլիսի 18-ին Ն. Հոխիկյանի iammedia.am հարթակում հրապարակել էր համապատասխան ռեպորտաժ՝ ներկայացնելով ևս մեկ կարևոր ապացույց Ալ. Լապշինի և Փաշինյանի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանի միջև տեղի ունեցած և մեծ դավաճանության մասին փաստող զրույցի մասին։ Հուլիսի 19-ին Նաիրի Հոխիկյանը ևս մի քանի հիմնարար փաստեր է հրապարակել հրեա բլոգեր Ալեքսանդր Լապշինի և իր խոսակցություններից, որոնք նոր լույս են սփռում այս օրերին հանրայնացված և մեծ աղմուկ բարձրացրած փաստերի վրա։Ես այսօր ստիպված եմ նույն Լապշինին ասել, որ ինքը շարքային սրիկա է, և մենք՝ հայերս, սկսած ինձնից, շատ մեծ սխալ ենք արել, որ այդ շարքային սրիկային ուղղակի վստահել ենք, հավատացել ենք և որևէ կերպ նրան օգնել ենք. հուլիսի 22-ին ուղիղ եթերում հայտարարել է մեդիափորձագետ Նաիրի Հոխիկյանը՝ անդրադառնալով հրեա բլոգեր Ալեքսանդր Լապշինի՝ վերջին բացահայտումներին ցուցաբերած ոչ անաչառ վարքագծին:Նաիրի Հոխիկյանն արձագանքել էր նաև ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության նախաձեռնած բաց-դասընթաց քննարկման ժամանակ հանրայնացրած փաստերի առիթով իրեն ուղղված հարցադրումներին:

Նաիրի Հոխիկյանը  ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել էր, որ ԱԱԾ-ում հուլիսի 29-ին առգրավել են իր հեռախոսը: «Վկայի կարգավիճակով հարցաքննության հրավիրելուց հետո ՀՀ ԱԱԾ այսօր առգրավեց իմ անձնական բջջային հեռախոսը՝ պատճառաբանելով, որ պետք է փորձի գտնել պատերազմի վերաբերյալ իմ հրապարակումները հաստատող փաստական ապացույցներ։ Թեպետ ես պատրաստակամություն հայտնեցի անձամբ հանձնել իմ ձեռքի տակ եղած բոլոր փաստերը, սակայն ԱԱԾ-ն ավելի նպատակահարմար համարեց ամեն դեպքում առգրավել իմ հեռախոսը»,– սոցցանցի իր էջում գրել էր նա։

Yerkir.am-ը գրավոր հարցում էր ուղարկել ԱԱԾ տնօրենին՝ պահանջելով պարզաբանել, թե ի՞նչ իրավական հիմքերով են ԱԱԾ քննիչներն առանց դատարանի որոշման առկայության առգրավում լրագրողի անձնական գույքը: ԱԱԾ քննչական դեպարտամենտը մերժել է հայցվող տեղեկատվության տրամադրումը՝ հղում անելով «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի   8-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը (Տեղեկատվություն տնօրինողը, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասում սահմանված դեպքերի, մերժում է տեղեկության տրամադրումը, եթե դա պարունակում է հրապարակման ոչ ենթակա նախնական քննության տվյալները):