Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 397.92 |
EUR | ⚊ | € 413.72 |
RUB | ⚊ | ₽ 4.0695 |
GBP | ⚊ | £ 494.5 |
GEL | ⚊ | ₾ 138.41 |
ԱԺ այսօրվա նիստում «Հանրաքվեի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քվեարկությունից առաջ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը նշեց, որ նշված առաջարկությունների փաթեթի տակ ՕԵԿ-ի չստորագրելը զուտ տեխնիկական խնդրի արդյունք է, եւ կարծիք հայտնեց, որ ճիշտ կլինի հետաձգել օրենքի նախագծի քվեարկությունը:
Ապա հավելեց, թե ակտիվ աշխատելու համար չէ, որ պետք է քննադատել աշխատողներին: «Վայ նրանց, ովքեր դահլիճ չեն գալիս, խորհուրդ կտամ աշխատողների հասցեին պիտակավորված արտահայտություն չասել, եթե նման ոճով խոսենք, ապա դրա համար տեղ կա՝ դահլիճից դուրս, թող գան, չափվեն, և ով ինչ ուզում է, իրար ասի»,- ասաց նա:
Բիշարյանի ելույթին արձագանքեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը` նշելով. «Հերոսացման գործընթացն ավարտեք»: Այնուհետև, ձայն տալով ՀԱԿ խմբակցության ղակավար Լևոն Զուրաբյանին, հավելեց․ «Հերոսացման գործընթացը շարունակվում է»։
Զուրաբյանն էլ ասաց. «Ձեզնից էն կողմ էլ ինչ հերոսացում: Սակայն անդրադառնամ «Հանրաքվեի մասին» օրենքին և նշեմ, որ արդեն իսկ կարող ենք ասել, որ համաժողովրդական հանրաքվեն տապալված է: Սակայն մենք մարտահրավերն ընդունում ենք և ամեն ինչ կանենք, որպեսզի անվստահություն հայտնեք Սերժ Սարգսյանի ռեժիմին»։
Վարման կարգով հանդես եկավ նաև ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանը` նշելով. «Տպավորություն է ստեղծվում, թե նախագծի հեղինակները մանրամասնություններով չեն քննարկել օրենքի նախագիծը: 13-ից 8 առաջարկություն ընդունվել է: Քննարկելու ենք ընդհանուր ընտրական համակարգի փոփոխությունների համատեքստում: Մենք ոչ թե մերժում ենք ու չենք ընդունում, այլ հակառակը` ուզում ենք համընդհանուր քննարկման առակա դարձնել, որովհետև խոսքն ընտրական ողջ գործընթացի մասին է: Ինչ վերաբերում է առաջարկների ներկայացմանը ԲՀԿ-ի, ՕԵԿ-ի և ՀՀԱԿ-ի կողմից, ասեմ, որ 2014 թվականին, երբ այլընտրանքային նախագիծ էր ՀՅԴ-ն առաջարկում, մեր երկու հարգարժան խմբակցությունները դեմ են քվեարկել: Ես ուզում եմ, որ մենք պատասխանատու լինենք մեր արած արտահայտությունների և սկզբունքների համար»:
Դահլիճում խոսակցություններն անընդմեջ շարունակվում էին, և կրկին միջամտեց Գալուստ Սահակյանը: «Դադարեցրեք պատերազմը, միշտ ընդդմիություն-իշխանություն կռիվ է եղել, հիմա իրար հե՞տ եք կռվում, իրար հետ գործ չունեք, մեզ հետ կռվեք»։
Նշենք նաև, որ «Հանրաքվեի մասին» օրենքը դրվեց քվեարկության և 74 կողմ ձայնով ընդունվեց։ Նախագծին դեմ քվեարկեց 11 պատգամավոր, իսկ ձեռնպահ մնացին 20-ը։