կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-06-04 14:01
Քաղաքական

Կառուցապատողի կամայականություններից չտուժելու համար կառավարությունը նոր նախագիծ է մշակել

Կառուցապատողի կամայականություններից չտուժելու համար կառավարությունը նոր նախագիծ է մշակել

Այսօր կառավարության նիստում կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը ներկայացրեց մի շարք օրենքներում փոփոխություններ անելու մասին որոշման նախագիծը: Խնդիրը վերաբերում է այն բազմաբնակարան շենքերին, որոնք կառուցվում են, և 2005թ. քաղաքացիական իրավունքի բնագավառում արվեց մի քայլ` կառուցապատման իրավունք, որը թույլ է տալիս պաշտպանել այդ շենքերի ապագա բնակիչների շահերը: Եվ փոխանակ օգտագործելու կառուցապատման իրավունքը,  բնակիչները նախընտրեցին գնալ պարզ ճանապարհով և բնակարանները գնել նախնական պայմանագրերով:

Դա, ըստ նախարարի, ուներ երկու կարևոր թերություն: Նախ` ստանալով գումարը, կանխավճարը, կառուցապատողը չէր շտապում ավարտին հասցնել շինարարությունը: Երկրորդ` պայմանագիրը հնարավորություն չէր ընձեռում խուսափելու այն դեպքերից, երբ նույն բնակարանը վաճառվում էր տարբեր անձանց: Հաշվի առնելով այդ թերությունները` մշակվել են մեխանիզմներ, որով առաջարկվում է ներդնել նոր գրանցվող իրավունքի հասկացությունը, որը կոչվում է «կառուցվող շենքից անշարժ գույք գնելու իրավունք»: Այս իրավունքի սահմանումը հնարավորություն կտա խուսափելու բոլոր այն չարաշահումներից, որոնք մինչ այս առկա էին:

«Սա շատ կարևոր նախագիծ է: Ես կարծում եմ` սրա ներդրումը օր առաջ մեզ անհրաժեշտ է»,- ասաց Դավիթ Հարությունյանը:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն արձագանքեց. «Դրա համար էլ մենք այսօր խնդիր ունենք, մարդիկ հավաքվում են կառավարության շենքի առջև, այն դեպքում երբ կառավարությունը որևէ իրավական մասնակցություն չի ունեցել: Ահա, թե ինչու այս օրենքի ընդունմամբ կկարողանանք պաշտպանել ժողովրդի շահերը»: