կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-05-27 17:23
Առանց Կատեգորիա

ՊՆ-ի գորգն ու Մեհրիբան խանըմի հայելին

ՊՆ-ի գորգն ու Մեհրիբան խանըմի հայելին

Այսօր ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Կիպրոսի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Խրիստոֆորոս Ֆոկաիդեսի գլխավորած պատվիրակության դիմավորման հանդիսավորագույն արարողությունը: Դրանից հետո երկու նախարարները առանձնազրույց են ունեցել, ապա տեղի է ունեցել երկու երկրների պատվիրակությունների հանդիպումը, ստորագրվել է հայ-կիպրական ռազմական համագործակցության` 2015-ի ծրագիրը:

 

Մի խոսքով` Կիպրոսը, եթե մեր բարեկամն էլ էր, այսօրվանից դառնում է մեր մոտիկ բարեկամը: Ափսոս միայն, որ նախարար Ֆոկաիդեսին չի ուղեկցել նրա տիկինը: Չի բացառվում, որ Կիպրոսում ընդունված չէ PR-ել պաշտպանության նախարարների տիկիններին, կամ պարոն Ֆակաիդեսը չի համարվում Կիպրոսի նախագահի հաջորդ թեկնածու, կամ էլ տիկին Ֆոկաիդեսը երեկոյան շքեղ զգեստներ շատ չունի:

 

Ամեն դեպքում` դա հրաշալի առիթ կլիներ տիկին Ռուզան Խաչատրյանի համար /Սեյրան Օհանյանի կնոջ/` մի փունջ մուգ կարմիր վարդերով եւ մուգ կարմիր երեկոյան հագուստով զբաղեցնել Կիպրոսի նախարարի կնոջը: Թեեւ տիկին Խաչատրյանն այսօր կարող էր լինել ՊՆ վարչական համալիրում` անկախ Կիպրոսի պաշտպանության նախարարի կնոջ ներկայությունից: Բանն այն է, որ կիպրական պատվիրակության հանդիսավորագույն ընդունելության ժամանակ ՊՆ վարչական համալիրի կանաչ տարածքում հայ բարեկամները գորգ էին գցել: Հաշվի առնելով, որ գորգի վրա առկա էին մի շարք գույներ, ապա տիկին Խաչատրյանը հանգիստ կարող էր գորգին սազող հագուստ ընտրել եւ ներկա գտնվել ընդունելությանը: Համենայն դեպս, սա ավելի բնական կլիներ, քան այն, որ նա գորգի վրա քայլելու համար նախատեսված հագուստով այցելում է զինվորական հոսպիտալներ կամ զորամասեր: Գուցե այնտե՞ղ էլ տիկնոջ համար հատուկ գորգ են գցում: Եթե այդպես է, եթե ՊՆ որեւէ հաստատություն մտնել կարելի է երեկոյան շքեղ զգեստներով, ապա գուցե ՊՆ-ն զինվորների համար հագուստ կարողներին նոր պատվե՞ր իջեցնի` երեկոյան զինվորական հագուստի` համազգեստի գույնի, բայց սպաների համար` ֆրակներ, զինվորների համար` կոստյումներ: Դե, որ տղաները տոնական տեսք ունենան այդ օրերին…

 

Ինչ վերաբերում է հայ-կիպրական «բարեկամության գորգին»` առհասարակ, ապա միայն մի հարց` եթե, Աստված չանի, պատերազմ լինի, հայ բարձր հրամկազմը պիտի խնդրի ադրբեջանցիներին մի փոքր սպասե՞լ, որպեսզի մարտի դաշտում գորգ փռեն, չէ՞ որ սովորական կանաչի վրայով հայ գեներալները քայլել չեն սիրում: Նրանց տիկնայք` առավել եւս:

 

Ի դեպ, ասում են, որ բոլորովին վերջերս Ադրբեջանի առաջին տիկին Մեհրիբան խանըմը մի անսովոր գործողություն է սկսել. օրվա մեջ մի քանի անգամ փակվում է իր սենյակում, ձեռքն առնում իր կախարդական հայելին եւ, նայելով դրա մեջ, հարցնում. «Ասա, հայելի', ո՞վ է ինձանից գեղեցիկ ավելի»: Սենյակից Մեհրիբան խանըմը դուրս է գալիս հիասթափված եւ իր երեկոյան շքեղ զգեստով նյարդային քայլում ադրբեջանական գորգի վրայով:

 

Հովիկ Աֆյան

 

Հ. Գ.- Ընկերը կամ բարին կամեցողը նա չէ, ով ամեն անգամ մեզ տեսնելիս բացականչում է, թե ինչ գեղեցիկ ենք մենք կամ մեր հագուստը, այլ նա, ով նայում է մեր աչքերի մեջ եւ ասում ճշմարտությունը: