Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Հրապարակ» թերթը գրում է.
«Բանակում անհասկանալի հանգամանքներում մահերի առկայության փաստը շարունակում է Հայաստանի Հանրապետության լրջագույն խնդիրներից մեկը մնալ: Փաստացի ստացվում է, որ իշխանությունները ոչ միայն չեն կարողանում լուծել երկրի անվտանգության հետ կապված լրջագույն խնդիրներ, այլեւ անգամ ի զորու չեն բանակում կարգուկանոն հաստատել, որպեսզի սպանությունների եւ ինքնասպանությունների թիվը որոշ չափով կրճատվի, թմրանյութեր բանակում չօգտագործեն, խաղադրույքներ չանեն եւ այլն:
Ըստ վիճակագրական տվյալների` բանակում մահերի թիվը խաղաղ պայմաններում վերջին տարիներին ոչ միայն չի պակասել, այլեւ ավելացել է: ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, «Հրապարակի» հետ զրույցում անդրադառնալով բանակում բարեփոխումներին, իրականում` «չարեփոխումներին», նշեց հետեւյալը. «Ինձ համար շատ դժվար ու ցավալի է, որ ինչ-որ մարդիկ առաջվա եւ այսօրվա բանակի միջեւ համեմատություններ են անում, որովհետեւ նախկին մեր մարտունակ եւ հաղթանակած բանակը ձեւավորվել էր ֆիդայական ջոկատներից: Մենք հաղթական բանակ էինք ստեղծել, ինչը հետագայում կորցրեց իր բոլոր արժեքները` մարտունակությունը, կարգապահությունը, իսկ պատերազմից հետո, երբ պարտություն արձանագրեց հայկական կողմը, պետությունը դանդաղ է վերականգնում իր մարտունակությունը: Ինչո՞ւ, որովհետեւ երկրի ռազմաքաղաքական ղեկավարությունը ճիշտ չի գնահատում իրավիճակն ու անվտանգության միջավայրը տարածաշրջանում: Դրանից ելնելով էլ չեն կարողանում որոշել, թե որն է առաջնահերթությունը: Ինչպես 2018 թվականից հետո բանակի հանդեպ պատասխանատվությունն իջեցրին կենցաղային մակարդակի, այնպես էլ հիմա են անում: Այս իշխանության համար բանակում փոքր բաները` իրերն ու պարագաներն են ամենակարեւորը, ավելի կարեւոր, քան երկրի անվտանգությունն ու ընդհանուր պաշտպանական համակարգը: Այս ամենը կարգապահության անկման արդյունք է: Կարգապահության անկման պատճառը, իմ վերլուծությամբ, երեքն են` բանակի նկատմամբ քաղաքականության մակարդակի իջեցումը: Բանակի հանդեպ վերաբերմունքն իշխանությունների համար կենցաղային մակարդակի է, մարդկային ռեսուրսների սխալ կառավարումը, կադրային քաղաքականության սխալ մոտեցումը եւ այլն: Այդ բոլոր սխալ քայլերի արդյունքում բանակում կարգապահություն չկա: Դրանից ելնելով էլ ենթարկվածության մակարդակն է նվազել: Այդ ամենին նպաստել է նաեւ երկրում տիրող իրավիճակը: Պատերազմի ժամանակ էլ, պատերազմից հետո էլ անկարգապահություն է ու անօրինություն: Պատերազմի ժամանակ էլ անկարգապահություն էր: Ոչ մի միջոց չձեռնարկվեց օրինականություն հաստատելու համար: Պատճառներից մեկն էլ ծառայության առանձնահատկություններն են` դժվար պայմանները, հերթապահությունը, անընդհատ դիրքերում եւ խրամատներում գտնվելու հանգամանքը, ինչու չէ՝ անձնակազմի անբավարար քանակը: Նորմալ՝ ժամանակին պետք է հերթափոխ կատարվի, պետք է հանգստանան բոլորը: Այդ ամենի բացակայությունը խախտվածություն է առաջացնում միջանձնային հարաբերություններում: Ընդ որում` թե՛ ուղղահայաց հրամանատար-ենթակա հարաբերություններում եւ թե՛ հորիզոնական` հավասար պաշտոններ, կոչումներ ունեցողների միջեւ: Կա նաեւ ինքնահաստատման խնդիր: Ընդհանուր առմամբ` միջանձնային հարաբերություններում նման իրավիճակների է հանգեցնում անհանդուրժողականությունը, որն արդյունքն է երկրում առկա արատավոր բարքերի: Բանակում արատավոր բարքեր ներմուծողը հասարակությունն է: Իզուր չէ, որ ասվում էր, թե բանակը հասարակության հայելին է: Առաջ ես արգելում էի նման արտահայտություն անել: Բանակը հասարակության հայելին է, դա կարծես արդարացում էր հրամանատարական կազմի համար, եւ ես դեմ էի նման արդարացումներին: Բանակում աշխատանքն այլ պետք է լիներ, բայց իրականում երկրում տիրող իրավիճակն ազդում է նաեւ բանակի վրա: Այն արատավոր բարքերը, որ կան մեր երկրում, պետք է վերացնի հասարակությունը: Ընտանիքից, մանկապարտեզից, դպրոցից սկսած՝ պետք է աշխատեն այս խնդրի ուղղությամբ: Ինչ խոսք, իրավապահ ոլորտը եւս պետք է այս ուղղությամբ աշխատի: Այդ ամենի արդյունքում բանակը պետք է լինի վերջնական զտիչ օղակը: Բանակում սահմանափակ ու կաղապարված վիճակը, ծառայության առանձնահատկություններն ու հարաբերությունները պետք է հիմք հանդիսանան, որպեսզի բանակը ձեռնարկի առավել խստացված միջոցներ: Եվ եթե անգամ հանրության կողմից ինչ-ինչ արատավոր բարքեր են բանակ ներմուծվել, ապա բանակն անպայման պետք է այդ ուղղությամբ աշխատի եւ դրանց դեմ պայքարի: Եթե հրամանատարական կազմն իր տեղում է եւ աշխատանք է տանում, եթե նրանք գիտեն, թե ինչ բան է դաստիարակությունն ու ուսուցումը, ապա միասնականորեն կարող է խնդիրը լուծվել: Այն զորամասերում, որտեղ տարվում են այդ աշխատանքները, իրավիճակը նորմալ է, իսկ այնտեղ, որտեղ չեն աշխատում, կան բացթողումներ, հրամանատարները պահանջկոտ չեն, համակերպվել են, որ այդպես էլ պետք է լիներ, այդ զորամասերում արտակարգ պատահարները շարունակական են լինելու»:
Իսկ ի՞նչ պետք է անեն բանակի ղեկավարները` սկսած նախարարից։ «Բանակի ղեկավարությունը պետք է առաջին հերթին ինքը հրամանատարների հետ ծառայողական քննություն անցկացնի, որովհետեւ հրամանատարը եւս նախաքննական մարմին է: Պետք է փորձեն պարզել այդ ամենի դրդապատճառները, բայց ես արդեն ասացի` ամեն ինչի հիմքում հիմնականում անհանդուրժողականության մթնոլորտն է եւ արատավոր բարքերի ներմուծումը: Պետք է համապատասխան աշխատանքներ տանեն բոլոր քննչական մարմիններն ու իրավապահները: Աշխատանքի ընթացքում նրանք պետք է նաեւ փոխլրացնեն իրար, ինֆորմացիա տան մեկը մյուսին, համատարած աշխատանքի արդյունքում կանխեն մահերը, կանխարգելեն արատավոր բարքերը բանակում: Շատ դեպքերում իրավապահ մարմինները տեղեկություններ չեն տալիս հրամանատարներին, սակայն այդպես սխալ է, պետք է որոշակի ինֆորմացիա տրամադրեն: Որքան էլ քննչական մարմիններն աշխատեն, քայլեր ձեռնարկեն, որոշ աշխատանքներ պետք է արվեն նաեւ տեղում»,- եզրափակում է Սեյրան Օհանյանը»: