Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
1980-ական թվականներին Խորհրդային միությունում մեծ հետաքրքրություն առաջացրեց հայտնի կիրգիզ (այժմ կոչվում են ղրղզ) գրող Չինգիզ Այթմատովի «Եւ դարից երկար ձգվում է օրը» վեպը (1983 թ. թարգմանվել է հայերեն): Հետաքրքրական այս վեպի առասպելական պատումներից մեկի համաձայն ստրուկների սափրած գլուխներին հագցնում էին ուղտի վզի թարմ կաշին, որը չորանալով դանդաղորեն սեղմում էր գլուխը, ուղեղը և մարդը եթե չէր մեռնում ապրում էր կորցնելով հիշողությունը: Հիշողությունը կորցրած այդ մարդկանց անվանել են մանկուրտ: Այնքան իմաստալից ու դիպուկ էր այս բնորոշումը, որ մանկուրտ բնորոշումը տարածվեց ԽՍՀՄ-ով մեկ:
Այթմատովի վեպում նկարագրված մանկուրտներից մեկը սեռական կրքի մղումով հարձակվում է սեփական մոր վրա: Ասելիքը շատ պարզ է հիշողությունը կորցրած մարդը վերածվում է մի կենդանու, որի համար գոյություն չունի բարոյական որևէ սահման, գոյություն չունի ամոթի, խղճի կամ պատասխանատվության զգացում: Ծանոթ բան չի՞ հիշեցնում այս պատմությունը: Այսօր մեզ չե՞ն փորձում զրկել հիշողությունից, պատմությունից, արժեքներից և բարոյական սկզբունքներից: Ու այդ անողը այս երկիրը ղեկավարող մանկուրտն է, ով հայտարարում է, որ պատմությունը խանգարում է ներկային, ով հրաժարվում է արյան և մեծ զոհողությունների գնով ազատագրված հայրենիքից, ով թշնամու պահանջով հայրենիքը կտոր-կտոր նվիրում է վերջինիս, ով չի ճանաչում սփյուռքը, ով, առանց աչքը թարթելու, մահվան է ուղարկում հազարավոր հայորդիների, ով ժխտում է հայոց ցեղասպանության փաստը, ով հավատուրացներին գրոհի է ուղարկում ազգային եկեղեցու դեմ, ով փորձում է հրաժարվել ազգային-ավանդական և բարոյական արժեքներից: Մեկը՝ ով տարիներ առաջ գրել է, թե. «Մեր նախնիները մեզ ոչ մի լավ բան ժառանգություն չեն թողել»: Ով կեղծում, ու ինքն իրեն հակասում է ողջ գործունեության ընթացքում և այս ամենի համար ինքն ու իր սերունդները դատապարտված են ծանրագույն պատժի եկեղեցու նզովքին: Այո սա մանկուրտ է, իսկ ով կամ ի՞նչ են նրանք ովքեր կանգնած են սրա կողքին և մասնակցում են իր ազգակործան ծրագրերի իրականացմանը, ինչ են նրանք ովքեր պաշտպանում ու պահպանում են սրան, որպեսզի հնարավորություն ունենա ավարտին հասցնելու իր սատանայական առաքելությունը: Ովքեր կամ ինչ են նրանք, ովքեր մայր հայրենիքի և պետության գոյությունը պաշտպանելու ելած մարդկանց նկատմամբ բռնություն են գործադրում, փորձում են վիժեցնել փրկության այս ճիգը:
Ներկա իրականությունը այն հայելին է, որի վրա արտացոլվում է յուրաքանչյուրի իրական դեմքը և այլևս ակնհայտ է, թե ով-ով է և ազգի ու բարոյականության կարմիր գծի որ կողմում է գտնվում: Այդ ընտրությունը կատարում է յուրաքանչյուրս ամեն օր: Այո, հասարակության և հասարակական կյանքի առողջացման լավագույն ճանապարհը հաշտությունն է, բայց հաշտությունը կարող է կայանալ նրանց միջև ովքեր մերժում են դավաճանությունն ու պղծությունը: Դրանց մեջ են նաև նրանք, ովքեր հաղթահարում են մոլորությունները, գայթակղությունները, անձնական շահի դիմաց ազգային շահերին դավաճանելու ընթացքը և միանում են հայրենիքի և ազգային ինքնության, ինքնության կռվանների փրկության, համազգային վերափոխության և վերածնության պայքարին: Այնպես, որ պետական պաշտոնյաները, գեներալներն ու նրանց ենթակաները, ու մյուս բոլորը առանց ուրիշի օգնության կարող են որոշել իրենք անհայրենիք ու պիղծ մանկուրտներ են, թե ազգի արժանավոր և արժանապատիվ զավակներ:
Արտաշես Շահբազյան
ՀՅԴ «Դրօշակ» պաշտոնաթերթի գլխավոր խմբագիր