կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-03-05 12:31
Հասարակություն

Օրգանիզմի «հայելին» ատամնաշարն է

Օրգանիզմի «հայելին» ատամնաշարն է

Թեեւ առաջին ատամնաբուժարանները հիմնադրվել են մ.թ.ա. 7-րդ դարում, 21-րդ դարը ժամ առ ժամ նոր մեթոդներ է ներմուծում այսօրվա ատամնաբուժության բնագավառ:

 

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա մեր ստոմատոլոգիական կենտրոնները հագեցած են ժամանակակից տեխնիկայով, սակայն, որպեսզի հայկական ստոմատալոգիան դուրս գա համաշխարհային շուկա, այնտեղ նույնպես ստեղծի իր վարկանիշը, դեռ շատ անելիքներ կան:

 

Ստոմատոլոգիական կենտրոններից մեկի հիմնադիր եւ տնօրեն Տիգրան Հակոբյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ եթե հաշվի առնենք միջազգային ստանդարտները, ապա հայկական ստոմատոլոգիայի կարգավիճակը բավական բարձր է: «Այսօր կան արագ միջոցներ` ձեռք բերելու համար այն գիտելիքները, այն տեխնոլոգիաները եւ նյութեր, որոնք աշխարհում արտադրվում են եւ նոր են: Իհարկե, խանգարող հանգամանքները շատ են, եւ դա արվում է մասնագետների էնտուզիազմի, նվիրյալ աշխատանքի շնորհիվ, սակայն ցանկալի կլիներ, որ այս ամենին լիներ համակարգված մոտեցում, որպեսզի մասնագետները կարողանային ավելի լավ դրսեւորել իրենց նեղ մասնագիտական հմտությունները»,- ասաց նա:

 

Ըստ Հակոբյանի` հայաստանյան ստոմատոլոգիան ունի շատ խնդիրներ, օրինակ` ստանդարտներ չունենալը՝ որակական, մասնագիտական: «Բոլորը աշխատում են` ինչ-որ փորձից ելնելով, մեկը` հին սովետական, մյուսը` եվրոպական, մեկ ուրիշն էլ` ամերիկյան, եւ հենց սա է խանգարում համախմբված աճին, որ հայկական ստոմատալոգիան արագ տեմպերով աճի: Այո, կան առանձին կլինիկաներ, որոնք, իրոք, շատ բարձրակարգ ծառայություններ են մատուցում եւ համապատասխանում են միջազգային ստանդարտներին, սակայն դրանք էլ փորձում են ինքնուրույն հասնել դրան»,- պարզաբանեց նա:

 

Ուսումնասիրելով շուկան` իհարկե, հասկանում ենք, որ տեղական ստոմատոլոգիան իր գնային քաղաքականությամբ ավելի մատչելի է, քան այլ երկրներում, եւ հենց այս ամենն է պատճառը, որ շատերը շտապում են Հայաստան` գեղեցիկ եւ առողջ ատամներ ունենալու համար: Սրա գաղտնիքը, ըստ մեր զրուցակցի, այն է, որ հայ ստոմատոլոգները ստիպված են առաջնորդվել հասարակության ներկա վիճակով եւ փոխզիջման են գնում` իրենց հաճախորդներին մատուցելով որակյալ ծառայությունը:

 

Խոսելով մասնագետների «առատության» մասին` Հակոբյանը նշեց, որ երբեմն քանակը որակ չի կարող տալ: «Եթե այս հարցին մոտենանք ճիշտ պահանջով, ապա պետք է համարենք, որ մենք դեռ աճելու տեղ ունենք: Այսինքն` լինենք մի քիչ համեստ եւ ձգտենք էլ ավելի լավ պրոֆեսիոնալ ծառայություն մատուցել: Այն, որ Հայաստանում կան լավագույն մասնագետներ, դա փաստ է, իսկ որ նաեւ կան շատ անորակ աշխատանքներ, բացթողումներ նեղ մասնագիտական հարցերում, դա էլ է փաստ»,- ասաց նա:

 

Ստոմատոլոգ – իմպլանտոլոգ - վիրաբույժ Հակոբյանից նաեւ հետաքրքրվեցին, թե այսօր ատամնաբույժին դիմող հաճախորդները որքանո՞վ են հետեւում ատամների հիգիենային: Նա ասաց, որ վերջին տարիներին նկատվում են դրական փոփոխություներ. «Մարդիկ ավելի ուշադիր են դարձել իրենց առողջության նկատմամբ»:

 

Հայաստանում առողջ ապրելակերպի քարոզչությունը, կարծես, մեծ թափ է առնել, սակայն, մյուս կողմից, շատ քիչ չափաբաժին է տրված ատամների առողջությանը: «Ընդամենը պրոպագանդվում են ինչ-որ ֆիրմաների կողմից արտադրված նյութեր, որոնք, անշուշտ, խթան են, որպեսզի մարդիկ հետեւեն իրենց ատամներին: Սակայն նեղ մասնագիտական առումով պրոպագանդման դեռեւս կաղում է»,- ասաց Հակոբյանը:

 

Իսկ թե բնապահպանական խնդիրներն ինչ ազդեցություն կարող են ունենալ մարդու առողջության վրա, ըստ բժիշկ Հակոբյանի, այդ ազդեցությունը ակնհայտ է. «Այն մարդիկ, ովքեր ապրում են հնարավորինս առողջ կյանքով եւ փորձում են օգտվել բնական սնունդից, առողջ ապրելակերպ, սպորտ եւ այլն, նրանց մոտ նկատելի են առողջ լնդեր եւ ամուր ատամներ: Իսկ այն մարդիկ, ովքեր հորմոններով, քիմիկատներով հարուստ սննդակարգից են օգտվում եւ վարում են ոչ ակտիվ կյանք, նրանց մոտ ակնհայտ երեւում է ախտահարված խոռոչային համակարգ»:

 

Եթե ընդունենք այն տեսակետ, որ այսօր առաջ են քաշում համաշխարհային ստոմատոլոգները, որ ատամների վիճակը շատ բան կարող է ասել մարդու օրգանիզմի մասին, այսինքն` յուրաքանչյուր մարդու ատամնաշարը նրա օրգանիզմի «հայելին» է, ապա մեր հայերին բնորոշ ատամնաշարը դասվում է միջին կարգին, իսկ ստոմատոլոգները խորհուրդ են տալիս` ատամները պարզապես հարկավոր է խնամել:

 

Գալուստ ՆԱՆՅԱՆ