կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-07-21 12:13
Առանց Կատեգորիա

Ո՞ւմ հայելին է ծուռ

Ո՞ւմ հայելին է ծուռ

Երեկ ՀՀ նախագահի մոտ հրավիրվել էր խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են միգրացիոն քաղաքականությանը նվիրված հարցեր: Խորհրդակցության ընթացքում իրավացիորեն նշվել է, որ պատասխանատու պաշտոնյաները ժամանակին և փաստարկված չեն ներկայացնում ոլորտին վերաբերող իրենց պարզաբանումները և չեն արձագանքում հրապարակումներին:

Միաժամանակ, սակայն, նշվել է, որ մամուլի կողմից ուռճացված կամ մակերեսային են ներկայացվում փաստական տվյալները: Ավելին, մամուլը մեղադրվել է ադրբեջանական քարոզչությանը մղվող պատերազմում լրացուցիչ թեզով ուժեղացնելու մեջ… Հանդիպման ժամանակ նաև ներկայացվել են նախորդ տասնամյակի ընթացքում արձանագրված միգրացիոն տեղաշարժերի վերաբերյալ գոյություն ունեցող վիճակագրական տվյալները, սակայն առանձնահատուկ անդրադարձ եղել է միայն 2011թ. առաջին կիսամյակի տվյալներին: Շեշտվել է, որ կիսամյակային գնահատակաների հիման վրա եզրակացություններ անելը վաղաժամ է, իսկ տարեկան արդյունքների ամփոփումը կբերի բոլորովին այլ պատկերի: Ինչպես ասում են՝ տա Աստված:

«Երկիր»-ն առաջիններից մեկն է անդրադարձել այս ցավոտ թեմային դեռևս այս տարվա մարտի 8-ի իր համարում: Մեր վերլուծությունը արդյունք է այն ժամանակ վարչապետ Տիգրան Սարգսյանի հաստատումների, որ Հայաստանից արտագաղթ գոյություն չունի: Հոդվածը որևէ արձագանք չի ունեցել, ուստի օգտվելով նախագահի հերթական հանձնարարականի առկայությունից՝ վերատպում ենք այդ հոդվածն առանց փոփոխությունների՝ ակնկալելով վարչապետի և այլ պատասխանատուների արձագանքը:

Վարչապետի թվաբանությունը

Վարչապետ Տիգրան Սարգսյանի վերջին հարցազրույցում արտագաղթին վերաբերող պատասխանը «ցնցող» էր, երբ լրագրողի հնչեցրած հարցին, թե, ի վերջո, կառավարությունը տիրապետո՞ւմ է ինչ-որ կոնկրետ թվի, եւ որքանո՞վ է սա անհանգստացնում կառավարությանը, գործադիր իշխանության ղեկավարը ի պատասխան նշեց, որ իրենք տիրապետում են միգրացիոն իրավիճակին, եւ հայտնեց, որ դրանց վերլուծությունը տեղադրված է Միգրացիոն ծառայության կայքէջում:

Նա նաեւ հայտարարեց, թե ըստ վիճակագրության` արտագաղթի դինամիկան տարեցտարի նվազում է, ինչն էլ պայմանավորված է ՀՀ կենսամակարդակի բարձր դինամիկայով` համեմատ այն երկրների, ուր գնում են ապրելու մեր հայրենակիցները: Չենք փորձի վիճարկել ընդդիմադիրների ինտելեկտուալ կարողությունների մասին վարչապետի հայտարարությունը, բայց նաեւ չենք կարող չխոսել պարզ թվաբանական գործողություններ կատարելու կարողության մասին:

Վերլուծելով վերջին 10 տարիներին արտաքին միգրացիայի ցուցանիշի հրապարակված տվյալները՝ ստանում ենք հետեւյալ պատկերը. 2001-ից մինչեւ 2003թ. արտաքին միգրացիան գրանցվել է բացասական սալդոյով, այսինքն՝ ՀՀ-ից ավելի շատ մարդ է գնացել, քան մուտք է գործել մեր երկիր. 2001-ին` 60 հազար 389, 2002թ.` 2719, 2003թ.` 10 հազար 161 մարդ: Արտաքին միգրացիայի դրական սալդո գրանցվել է հաջորդ երեք տարիներին. 2004թ.` 2060, 2005թ.` 12 հազար 520, 2006 թ.` 21 հազար 756 մարդ, իսկ 2007-ին նորից գրանցվել է բացասական թիվ՝ 3223:

2008-ին կառավարությունը գլխավորեց Տիգրան Սարգսյանը: 2008-2010թթ. հրապարակված վիճակագրական տվյալներով` մեր երկրում գրանցվել է արտաքին բացասական միգրացիոն սալդո. 2008-ին` 23 հազար 53 մարդ, 2009թ.` 24 հազար 978, 2010-ին 29 հազար 860 մարդ լքել է երկիրը: Դպրոց հաճախող երեխան անգամ կարող է այս թվերից հասկանալ, որ արտագաղթի դինամիկան ոչ միայն չի պակասել, այլեւ ընդհակառակը՝ աճել է: Ամփոփելով ստացված տվյալները՝ պարզվում է, որ վերջին 10 տարիների միգրացիոն բացասական սալդոն կազմել է 114 հազար 824 մարդ, որից 36933-ը՝ 2001-2007թթ., իսկ 77891-ը՝ 2008-2010 թվականներին:

Ահա այսպիսի «ինտելեկտուալ» թվաբանություն:

Գալուստ ՆԱՆՅԱՆ