Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ, տեղի ունեցավ նախկին ռազմական ոստիկան՝ Դոգ մականունով Վարդան Ղուկասյանի գործով առաջին դատական նիստը: Բացի Ղուկասյանից, ամբաստանյալի աթոռին են նաև Արթուր Մարգարյանը և Հովհաննես Եսայանը:
Նախաքննության համաձայն` ոստիկանության մայոր Վարդան Ղուկասյանը 2013 թվականի օգոստոսին շորթման եղանակով գումար հափշտակելու դիտավորությամբ կազմակերպել և ղեկավարել է մի խումբ անձանց` Հովհաննես Եսայանի և Արթուր Մարգարյանի կողմից նախնական համաձայնությամբ հյուրանոցային համալիրի վարձակալից խոշոր չափերով` 1 մլն ՀՀ դրամի շորթումը:
Նախաքննությամբ հիմնավորվել է, որ Վարդան Ղուկասյանը 2013 թվականի օգոստոսի սկզբին հյուրանոցային համալիրի վարձակալ Աստղիկ Շաքարյանից գումար շորթելու դիտավորությամբ իր մտերիմ Հովհաննես Եսայանին հանձնարարել է տեսանյութեր նկարահանել այդ համալիրի մոտ պարբերաբար մարմնավաճառությամբ զբաղվող կանանց վերաբերյալ: Տեսանյութերը պատրաստելուց հետո, Վարդան Ղուկասյանի ցուցումով, Հովհաննես Եսայանը և նրանց ընկեր Արթուր Մարգարյանը նույն ամսին սրճարաններում հանդիպումներ են ունեցել Աստղիկ Շաքարյանի հետ ու նրանից պահանջել 1 մլն ՀՀ դրամ` սպառնալով հակառակ դեպքում համացանցում հրապարակել նրա իրավունքներին ու օրինական շահերին էական վնաս հասցնող տեղեկություններ, այն է` Աստղիկ Շաքարյանին վերագրվող` այլ անձանց պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու վերաբերյալ տեսանյութեր:
Վարդան Ղուկասյանի նկատմամբ, որպես խափանման միջոց, ընտրված է կալանավորումը, իսկ մյուսների նկատմամբ` չհեռանալու մասին ստորագրությունը:
Այսօրվա դատական նիստի մեկնարկից առաջ վատացել էր Վարդան Ղուկասյանի մոր՝ Սուսաննա Ղազարյանի ինքնազգացողությունը: Նա ողջ մարմնով դողում էր ու, լաց լինելով, բղավում. «Վերևում Աստված չկա’, էս ի՞նչ բերիր մեր գլխին»: Դոգի մայրը միաժամանակ անեծքներ էր հնչեցնում տարբեր անձան, մասնավորապես` ոմն Արթուրի հասցեին:
Այսօրվա դատական նիստին չէր ներկայացել մեղադրող դատախազը, ինչի պատճառով էլ նիստը հետաձգվեց: