կարևոր
5995 դիտում, 8 ամիս առաջ - 2023-08-31 20:50
Քաղաքական

Պահաջնում են Սնուփ Դոգի համերգը չեղարկել և գումարն ուղղել ՀՀ սահմանների պաշտպանությանը

Պահաջնում են Սնուփ Դոգի համերգը չեղարկել և գումարն ուղղել ՀՀ սահմանների պաշտպանությանը

«Սրբազան Հայաստան» նախաձեռնությունը Հայաստանում Սնուպ Դոգի համերգը չեղարկելու և դրա համար նախատեսված 6 միլիոն դրամը Հայաստանի սահմանների պաշտպանությանն ուղղելու պահանջով կոլեկտիվ հանրագրին միանալու կոչ է անում․

«Սիրելի հայրենակիցներ,

Վերջին ժամանակներում Հայաստան են գալիս կամ փորձում գալ համերգային ծրագրերով այնպիսի երգիչ-կատարողներ, որոնց պահվածքը, տեսահալովակները աչքի են ընկնում անթաքույց անբարոյականության, այլասերվածության, սրբապղծության հատկանիշներով, իսկ երգերի բառերը պարունակում են հայհոյանքներ, թմրամոլության ու պղծության քարոզ: Սա սպառնալիք է ներկայացնում մարդկանց հոգևոր անվտանգության տեսանկյունից և հարուցում է հանրության մտահոգ հատվածի արդար վրդովմունքը:

Այս անգամ ՀՀ կառավարությունն է արդեն «Հրազդան» ստադիոնում սեպտեմբերի 23-ին համերգ տալու համար հրավիրել Սնուպ Դոգ անունով մի երգչի, ով բացահայտ թմրամոլ է, պոռնոֆիլմերի պրոդյուսեր, աշխարհում ամենահայհոյախառն երգիչների եռյակում է, ձերբակալվել է ապօրինաբար կոկային պահելու մեղադրանքով և ենթարկվել կալանքի:

Ավելին, հարկատուների հաշվին, ում կարծիքը բնականաբար չեն հարցրել, կառավարությունը այդ միջոցառումը կազմակերպիչին հատկացնելու է 2.318.596.800 (երկու միլիարդ երեք հարյուր տասնութ միլիոն հինգ հարյուր իննսունվեց հազար ութ հարյուր) ՀՀ դրամ (համարժեք է 6 միլիոն ԱՄՆ դոլարի):

Այդ գումարով կարելի է ամրացնել Հայաստանի Հանրապետության սահմանների պաշտպանությունը, մասնավորապես՝ գնել 100 էքսկավատոր դիրքերի ինժեներական աշխատանքների համար: Այդ գումարը բավական է գնելու 300 միկրոավտոբուս գյուղերի միջև մարդկանց փոխադրման համար, կամ 360 տրակտոր աղքատ գյուղերի գյուղատնտեսական աշխատանքների համար, ստեղծել 20 մեգավատ արևային կայան, կառուցել 6 նոր բարձրակարգ դպրոց և այլն: Սա միայն ֆինանասական կողմն է:

Ըստ կառավարության՝ ծրագրի շահառուներն են լինելու հանրության լայն զանգվածներ, այդ թվում՝ սոցիալապես խոցելի խմբեր:

Մեզ համար անընդունելի է, երբ ՀՀ կառավարությունը մեր գումարների հաշվին խրախուսում է հայհոյախառն և քրեական ենթամշակույթին մոտ կենսագրություն ունեցող երգչին: Ուստի, առաջարկում ենք բոլոր արժանապատիվ, բարոյական-հոգևոր արժեհամակարգ ունեցող հայրենակիցներին միանալ Կառավարությանն ուղղված կոլեկտիվ հանրագրին՝ առաջարկով.

Սնուպ Դոգի միջոցառումը չեղարկել (Ծրագիրն ուժը կորցրած ճանաչել), իսկ Ծրագրի համար նախատեսված 2.318.596.800 ՀՀ դրամն ուղղել Հայաստանի Հանրապետության սահմանների պաշտպանությանը:

Ովքեր ցանկանում են միանալ այս հանրագրին, խնդրում ենք մինչև 10.09.2023թ. ստորև նշված հղումով բացված էջում լրացնել անունը, հայրանունը, ազգանունը, հասցեն, այնուհետև ստորագրել և սեղմել ուղարկել կոճակը:

ՄԻԱՆԱԼՈւ ՀՂՈւՄԸ՝ այստեղ

ՀԱՆՐԱԳՐԻ ՏԵՔՍՏԸ՝ ստորև

Շնորհակալություն բոլոր միացողներին իրենց քաղաքացիական դիրքորոշման համար:

Սրբազան Հայաստան»