կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-05-27 11:41
Հասարակություն

«Հայփոստ»-ը կմասնավորեցվի

«Հայփոստ»-ը կմասնավորեցվի

Այսօր կառավարության նիստում հավանություն տրվեց կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանի կողմից ներկայացված որոշմանը՝ «Պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թվականների ծրագրի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» հարցը սահմանված կարգով ներկայացնել Ազգային ժողով:

 

Ըստ այդմ` 2006-2007 թվականներին մասնավորեցման առաջարկվող պետական բաժնեմաս ունեցող ընկերությունների ցանկում տրանսպորտի և կապի նախարարության ընկերությունները լրացվում են  «Հայփոստ» ՓԲԸ տողով: Ընկերության մասնավորեցումը կնպաստի ՀՀ-ում փոստային կապի ոլորտի զարգացմանը` այդ ոլորտում իրականացվող նոր ներդրումների, նոր, ժամանակակից սարքավորումների և տեխնիկայի ներդրման շնորհիվ, ֆիզիկական ենթակառուցվածքների վերականգնմանը և արդիականացմանը, ինչպես նաև կիրականացվեն սոցիալական ծրագրեր աշխատողների համար:

 

Ըստ որոշման` «Հայփոստ» ՓԲԸ-ն կվերածվի ազգաբնակչության համար կայուն, վստահելի փոստային կապի գործունեություն իրականացնող օպերատորի, որը կունենա լայնածավալ ներկայացվածություն Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում, նորարարական, արդյունավետ և շահութաբեր ընկերության, որը հնարավորություն կունենա Հայաստանի ազգաբնակչությանը մատուցելու փոստային, ֆինանսական և մանրածախ ծառայություններ` ժամանակակից լավագույն տեխնոլոգիաների կիրառման միջոցով: Բացի այդ` ընկերության մասնավորեցմամբ կբարելավվի փոստային կապի ծառայությունների որակը:

 

Ընկերության միակ բաժնետերը Հայաստանի Հանրապետությունն է` ի դեմս ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության:

 

Ակնկալվում է, որ ընկերությաւն մասնավորեցումը ենթադրում է՝ «Հայփոստ» ՓԲԸ-ի ֆիզիկական ենթակառուցվածքների արդիականացում, ևս մինչև 250 փոստային բաժանմունքների վերանորոգում, շարժական փոստային մեքենաների ձեռքբերում, որոնցով կսպասարկվեն Հայաստանի բոլոր համայնքները՝ ներառյալ այն 250 համայնքները, որտեղ փոստային բաժանմունքներ ներկայումս չկան, տրանսպորտային միջոցների նորացում և թարմացում, Հայաստանում գրանցված բոլոր 750,000 հասցեներում փոստարկղերի տեղադրում, ժամանակակից լավագույն տեխնոլոգիաների ներմուծում և շուկայի աճի խթանում` նոր տեխնոլոգիաների օգտագործմամբ, փոստային պրոցեսների հետևողական օպտիմալացում, ավտոմատացված տեսակավորման տեխնոլոգիաներով նոր փոստի տեսակավորման կենտրոնի կառուցում Երևանում, մարդկային ռեսուրսների շարունակական վերակազմավորում և վերապատրաստում, փոստային պրոդուկտների ու ծառայությունների արդիականացում և բազմազանեցում, նոր ժամանակակից պրոդուկտների և ծառայությունների մշակում և կիրառում, միջազգային էլեկտրոնային առևտրի խթանում, «Հայփոստ»-ի արտատարածքային բաժանմունքների ցանցի ընդլայնում Սփյուռքի ընտրված կենտրոններում՝ լոգիստիկայի խթանման միջոցով բարելավելով էլեկտրոնային առևտուրը, միջազգային շուկայում հայկական նամականիշերի վաճառքի մեկնարկ և կենտրոնացում, մասնակցություն միջազգային ֆիլատելիստական բոլոր տոնավաճառներին և ցուցահանդեսներին, փոստային էլեկտրոնային փոստարկղերի համակարգի ներդրում եւ այլն:

 

Նշենք, որ «Հայփոստի» սեփականատեր կդառնա Էդուարդո Էռնեկյանը: