Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երեկվանից լրատվամիջոցներով հրապարակվեցին տեղեկություններ, թե իբր Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը 50 միլիոն դրամի չափով տուգանել է «Նատալի ֆարմ» ընկերությանը գերիշխող դիրքի չարաշահման համար:
Հասկանալու համար, թե ե՞րբ է տուգանվել «Նատալի ֆարմը», ե՞րբ է կայացել ՏՄՊՊՀ-ի այդ նիստը, որի ժամանակ տուգանվել է, ինչո՞ւ դրա մասին համապատասխան տեղեկատվություն համապատասխան ձեւով չի տարածվել, Yerkir.am-ը դիմեց ՏՄՊՊՀ-ին:
ՏՄՊՊՀ-ի պատասխանից պարզվեց, որ «Նատալի ֆարմ» ընկերությունն իրականում տուգանվել է 50 միլիոն դրամի չափով, բայց ոչ թե նոր, այլ 2012 թվականի հունիսի 11-ին հանձնաժողովի կայացրած որոշմամբ, ինչի մասին ժամանակին թե' պատշաճ տեղեկատվություն, թե' համապատասխան հրապարակում եղել է: Իսկ դրանից հետո, մեզ տեղեկացրեց հանձնաժողովի մամուլի քարտուղար Գայանե Սահակյանը, նոր պատասխանատվության միջոց «Նատալի ֆարմ»-ի նկատմամբ Հանձնաժողովի կողմից չի կիրառվել:
Հարցին' ինչո՞վ են պայմանավորված մամուլում տեղ գտած հրապարակումներն այն մասին, որ օրերս ՏՄՊՊՀ-ն տուգանել է «Նատալի ֆարմ» ընկերությանը, Գայանե Սահակյանը նշեց, թե դա չճշտված տեղեկատվության արդյունք է ու պարզաբանեց. «Երեկ ԱԺ-ում «ՀՀ 2013 թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկումների ժամանակ, ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը, ի պատասխան պատգամավորների հարցերին, անդրադարձել է նաև նախորդ տարիներին բացահայտված խոշոր չարաշահումներին և կիրառված տուգանքներին: Ի թիվս այլ ընկերությունների, նշվել է նաև 2012 թվականին տուգանված` «Նատալի ֆարմ» ընկերության մասին, որն էլ տարածում է գտել որոշ լրատվամիջոցներում` ի դեպ, առանց նշելու, որ խոսքը վերաբերում է 2 տարի առաջ տեղի ունեցած վարույթին: Հարկ եմ համարում ևս մեկ անգամ նշել, որ ստեղծված թյուր տպավորությունը` իբրև թե օրերս տուգանվել է «Նատալի ֆարմ» ընկերությունը, պարզապես չճշտված ինֆորմացիայի արդյունք է»:
Պարզվեց նաեւ, որ Արտակ Շաբոյանից պատգամավորները պարզապես խնդրել էին նշել խոշոր տուգանքների մեկ-երկու երեւացող օրինակ, որ հանձնաժողովի կողմից կիրառվել է նախկինում' հաշվետվությունը հանգամանալից դարձնելու նկատառումով, ու դրա կապակցությամբ է Շաբոյանը նշել «Նատալի ֆարմ»-ի օրինակը:
ՏՄՊՊՀ նախագահի մամուլի քարտուղարը, որպես ի գիտություն, նշեց նաեւ, թե ՏՄՊՊՀ-ի կողմից տուգանք սահմանող բոլոր որոշումները կայացվում են հրապարակային, իսկ նիստի վերաբերյալ լրագրողները տեղեկացվում են նախապես: