կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-02-10 13:35
Մշակույթ

Ճոյտի ծննդյան օրվա նվերը չստացվեց

Ճոյտի ծննդյան օրվա նվերը չստացվեց

Այսօր լրագրողների հետ է հանդիպել մեծ աղմուկ հանած «Հիշողություն» գեղարվեստական ֆիլմի ռեժիսոր Քաջայր Հակոբյանը: Հիշեցնենք` 1915թ. Եղեռնի թեմայով  «Հիշողություն» գեղարվեստական ֆիլմի սցենարիստը նախկին պատգամավոր, գործարար Հակոբ Հակոբյանն է /Ճոյտ/, ով օրեր առաջ ձերբակալվել է` ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու, ապօրինի ձեռնարկատիրությանն օժանդակման, ինչպեսև հարկերից  խուսափելու մեղադրանքով:


Պարզվում է` այսօր Հակոբ Հակոբյանի ծննդյան օրն է, և ֆիլմի պրեմիերան պետք է այսօր տեղի ունենար` որպես յուրատեսակ նվեր, սակայն դեպքերն այլ հունով զարգացան. Հակոբ Հակոբյանը ոչ միայն ձերբակալված է, այլև նրա առողջական վիճակը պարբերաբար վատանում է:


Ֆիլմի ռեժիսոր Քաջայր Հակոբյանը նշեց, որ ֆիլմն առգրավված չէ, որովհետև դրա իրավունքը ոչ ոք չունի: «Ֆիլմն իրենից վտանգ չի ներկայացնում: Չեմ կարող ասել, թե ֆիլմի պրեմիերան երբ կլինի, որովհետև ինձ չի հաջողվում կապի մեջ մտնել Հակոբ Հակոբյանի հետ` նրա առողջական  վատ վիճակի պատճառով: Ֆիլմը ավարտին ենք հասցրել, սակայն այն դեռևս անորոշ ժամանակով չի ցուցադրվի»,- ասաց նա:


Քաջայր Հակոբյանի խոսքով` ֆիլմը երկու փակ ցուցադրություն է ունեցել: Առաջինի ժամանակ ներկայացվել է ֆիլմի  դեմո տարբերակը, ներկա են եղել ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, տարբեր քաղաքագետներ ու պատմաբաններ: Ֆիլմի նախնական տարբերակը ցուցադրվել է, որպեսզի ծանոթանան ֆիլմի քաղաքական բովանդակությանը: Ֆիլմի փակ ցուցադրությունից հետո, ըստ ռեժիսորի, դիտողների 80 տոկոսը բարձր գնահատական է տվել ֆիլմին, դժգոհությունը կապված է եղել քաղաքական բովանդակության հետ, մասնավորապես` Էրդողանին հայ ներկայացնելու և քրդերի վերաբերյալ մասի հետ կապված, և իրենց առջև խնդիր է դրվել` խմբագրել, հանել որոշ հատվածներ: Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն ասել է, որ գոհ է, և որ գնահատելի է ռեժիսորական, օպերատորական աշխատանքը և դերասանների մի մասի խաղը: Վերապահումները կրկին վերաբերել են քաղաքական բովանդակությանը: Եվ ռեժիսորը հետագայում շտկումներ է արել:


«Սցենարիստը` Հակոբ Հակոբյանը, լինելով քաղաքական մարդ, խնդիր էր դրել ներկայացնել Թուրքիայի ընդդիմադիր կուսակցություններից մեկին` Էրդողանին ներկայացնելով որպես հայ: Բայց չէ՞ որ դա գեղարվեստական ֆիլմ է, մենք կարող էինք զարգացնել մեր երևակայությունը: Ամեն դեպքում` պատմական փաստերի խեղաթյուրում չի կատարվել: Նաև խնդիր դրվեց քրդերի մասին տեսարանը հանել` պատճառաբանելով, որ դրանով հարված կհասցվի քրդական միության հետ հաստատված լավ հարաբերություններին, բայց ես հրաժարվեցի դա հանել, չէ՞ որ արվեստ ենք մատուցում, նաև պատմական փաստերի աղավաղում չկար այդտեղ»,- ասաց ֆիլմի ռեժիսորը:


Նա հավելեց. «Ասացին` թուրքի ցինիզմն է շատ, հռհռոցն է շատ: Բայց, ժողովո'ւրդ ջան, մինչև էսօր կա թուրքերի ցինիզմը, եթե Էրդողանը հայտարարում է, որ ապրիլի 24-ը տոն է ու հայերին հրավիրում է այդ օրը նշելու, դա ցինիզմի գագաթնակետն է: Ասացին, թե սցենարը շատ պարզ է, բայց հասկացեք` պարզն ու պարզունակը տարբեր բաներ են: Իհարկե, սցենարը պետք է պարզ լիներ, որ այն ընկալելի լիներ ոչ թե մի քանի հոգու, այլ բոլորի համար»:


Հարցին` արդյոք համարո՞ւմ է, որ ֆիլմը ստացված է, Քաջայր Հակոբյանը պատասխանեց, թե աշխարհում չկա մի ռեժիսոր, ով համարի, որ իր ֆիլմը ստացված է: «Դա կալբասի ցեխ չի, դա ստեղծագործական պրոցես է»,- ասաց նա:

 

Ի դեպ, ֆիլմը ռեժիսորի նկարահանած առաջին լիամետրաժ ֆիլմն է, որի թեման նրա համար եղել է ծանր թեմա ու ծանր նյութ:


Հարցին, թե արդյո՞ք ֆիլմի սցենարիստ Հակոբ Հակոբյանը /Ճոյտ/ միջամտել է ֆիլմի նկարահանմանը, ռեժիսորը պատասխանեց. «Մինչ այդ ինձ ասում էին` դու գիտե՞ս` ում հետ գործ ունես: Ասեմ, որ մենք ընդհուպ վեճ ենք ունեցել, բայց դա ստեղծագործական վեճ է եղել»:


Yerkir.am-ի հարցին` ինչո՞վ էր պայմանավորված ֆիլմում դաժան տեսարանների ներառումը և ոչ համոզիչ արտաքինով կերպարների կերտումը, ռեժիսորը պատասխանեց. «Եղեռնի ժամանակ բազմաթիվ դաժան պատմություններ և տեսարաններ են եղել: Դաժան կադրերը և' երևակայության, և' փաստերի հիման վրա են նկարահանվել, ինչպես նաև ժողովրդից բխած խոսակցությունների հիման վրա: Երևակայությունը չի կարող սահմանափակվել: Ինչ վերաբերում է կերպարների արտաքին տեսքին, ապա համարում եմ, որ թերություններ եղել են իմ շտապողականության պատճառով, բայց այդ կադրերը հետո գրաֆիկայով հղկվել են»:


Վերջում ռեժիսորը մտահոգություն հայտնեց, որ ֆիլմն այդպես էլ էկրան չի բարձրանա: