Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր լրագրողները ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանից հետաքրքրվեցին տնտեսության ստվերայնության, դրա ծավալների, ստվերի դեմ պայքարի մասին:
Նախարարը նախ նշեց, որ ստվեր գոյություն ունի տնտեսության բոլոր ոլորտներում, դրա համար էլ հարկային ու մաքսային մարմիններն անընդհատ կատարելագործում են ստվերի դեմ պայքարի մեթոդները: «Խոշոր ձեռնարկություններում ավելի մեծ է ստվերը, քան փոքրերում, սակայն փոքրերի հետ կապված էլ անհանգստացնող թեմա ունենք` որ խուսափում են աշխատել շրջանառության հարկի դաշտում: Ստվերին գնահատական տալը չի մտնում ֆինանսների նախարարության գործառույթների մեջ»,- ասաց նա:
Հարցին` ստվերի ցուցանիշներ չկա՞ն, նախարարը կարճ պատասխանեց. «Ոչ»:
Իսկ թե ո՞ր ոլորտներում է ավելի շատ ստվերը, Գագիկ Խաչատրյանը պատասխանեց, որ հանքահումքային արդյունաբերության ոլորտում, որը կանխել են, մեծ ստվեր է եղել նաև բջջային օպերատորների գործունեության, առևտրի ոլորտներում: «4 միլիարդ դրամ «ԱրմենՏել»-ից ենք վերցրել, 16 միլիարդ դրամ Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանից»,- ստվերի դեմ պայքարի կոնկրետ օրինակներ նշեց նախարարը:
Լրագրողները խնդրեցին խոսել երկու խոշոր գործարարների՝ Սամվել Ալեքսանյանի ու Ալեքսանդր Սարգսյանի վրա: Սամվել Ալեքսանյանի վերաբերյալ նախարարը նշեց, որ միայն հսկիչ դրամարկղային խախտումների պատճառով 250 միլիոն դրամի ակտ են գրել ու գանձել:
Գագիկ Խաչատրյանը նշեց, որ առանց վարչարարության միայն 30 միլիարդ է հավաքվել բյուջե` բիզնեսի հայտարարագրման միջոցով:
«Իսկ Ալեքսանդր Սարգսյանին որ ասեք` ինչ բիզնես ունի, կասեմ»,- ասաց նախարարը՝ խուսափելով պատասխանից:
Արդյոք՞ կառավարության վատ գործունեության արդյունք չէ այն, որ փոքր խանութները օրեցօր փակվում են, նախարարը նշեց, որ եթե ձեռնարկատիրությամբ զբաղվողներն իրենց գործունեությունը հաշվարկում են այնպես, որ քիչ հարկեր վճարեն, ապա այդպես չի կարող լինել: «Խաղի կանոններ են փոխվում, և այդ գործընթացի մեջ կլինեն և' փակվողներ, և' բացվողներ: Բերեք կոնկրետ բիզնեսի օրինակ»,- ասաց նա:
Լրագրողները մատնանշեցին մոլերի բացումը, որոնք հարված են հասցնում փոքր խանութներին: Նախարարը նշեց, որ փակվելու երևույթի մեջ պետք է խորանալ, տեսնել` ունի վարկային ծրագրեր և չի կարողանում սպասարկե՞լ, թե՞ ունի փոխկապակցված ձեռնարկություններ և վերադասավորումներ է անում, կամ գուցե ունի վարձակալական վճարների հետ կապված խնդիրներ:
Նախարարը նշեց, որ այսօր աշխարհն ապրում է տնտեսական նոր իրողություններ, և նախարարության գործառույթն է բոլորի նկատմամբ իրականացնել կարգապահական քաղաքականություն: