Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կիրակի օրը Աբովյանն ու Արտաշատը ընտրեցին իրենց քաղաքապետերին: Ի տարբերություն Արգամ Հովիկի Աբրահամյանի, Ծառուկյանի հովանավորյալ Վահագն Գեւորգյանը քաղաքապետ դարձավ /կամ դարձրեցին /մրցակցության պայմաններում: Գեւորգյանն ուներ մեկ լուրջ, մեկ «միջին ծանրության» եւ երկու «թեթեւ քաշային» մրցակիցներ: Ըստ էության` նա իր հիմնական լուրջ մրցակից` հանրահայատ Պալաչին հաղթեց կրկնակի ավելի ձայներով: Ինչպեսեւ սպասվում էր:
Արգամ Աբրահամյանը թեև հայտարարել էր, որ ժողովուրդն ում ընտրի, նա էլ կընտրվի, բայց մոռացել էր, որ ժողովրդին Արտաշատում այլընտրանք չեն թողել: Այս ընտրություններում եւս Արգամ Աբրահամյանի հաղթանակը «ինչպեսեւ սպասվում էր» շարքից էր:
Իրականում` կարեւորը ոչ թե Գեւորգյանի հաղթանական է Աբովյանում, կամ Աբրահամյանինը` Արտաշատում, այլ հենց այս` «ինչպեսեւ սպասվում էր» ձեւակերպումը: Սրանք պարզապես բառեր էլ չեն, այլ իրավիճակ` քաղաքական, թե հասարակական, բայց` իրավիճակ: Մեր ընտրությունները մշտապես ավարտվում են այնպես, ինչպես սպասվում էր`«Ասեք բոլոր թեկնածուների անունները, եւ ես կասեմ, թե ով կհաղթի» սկզբունքով: Ընդ որում՝ «ինչպեսեւ սպասվում էր» արտահայտությունը ոչ թե հիմնված է քաղաքական վարկանիշների կամ հասարակական նախընտրական կարծիքի ուսումնասիրությունների վրա, այլ այն բանի, թե ովքեր են եւ որտեղից են թեկնածուները:
Եվ երբ ասում են` երկրում անհրաժեշտ են փոփոխություններ, եւ երբ շեշտում են, որ, ասելով փոփոխություններ, պետք չէ նկատի ունենալ անձանց, այլ համակարգը, ճիշտ են ասում: Օրինակ` նույն Աբովյանի նախկին քաղաքապետը Կարապետ Գուլոյանն էր, հիմա նա չէ, ինչ-որ բան փոխվե՞ց, կամ ինչ-որ բան փոխվելո՞ւ է… Վստահաբար` ոչ, «ինչպեսեւ սպասում ենք»:
Հովիկ Աֆյան