Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
2015-ի ապրիլի 30-ի դրությամբ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում պահվում է 3934 անձ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ` 21-ով ավելի է: Նշենք, որ նրանցից 1220-ը կալանավորված անձինք են, ինչը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ,174-ով ավելի է:
Այս կապակցությամբ այսօր` լրագրողների հետ հանդիպման ժամանակ, yerkir.am-ը ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանից հետաքրքրվեց` արդյո՞ք կալանավորված անձանց թվի ավելացումը մտահոգիչ չէ, և արդյո՞ք նման պայմաններում համաներում կիրառելու անհրաժեշտություն չկա:
«Նույնիսկ եթե դինամիկայի մեծացում չլիներ, թիվը մտահոգիչ կլիներ. ինչքան քիչ կալանավորված և դատապարտված անձ, այնքան` լավ»,- ասաց նախարարը և հավելեց. «Եթե համեմատենք հարևան երկրիների հետ, Հայաստանում պահվող կալանավորված անձանց թիվն այնքան էլ բարձր չէ: 2012-ին մեր և Վրաստանի քրեակատարողական հիմնարկներում գտնվող անձանց թիվը 1:5-ի հարաբերակցությամբ էր, այսինքն` մեր թիվը սարսափելի թիվ չէ»:
Մանուկյանի խոսքով` կալանավորված անձանց թվի աճը բավական փոքր թիվ է կազմում, և այդ տատանումը որևէ երևույթի հետ կապված չէ:
«Այս ցուցանիշը կապել համաներման հետ և, որպես գործիք, օգտագործել ճիշտ չէ: Համաներումն ինքնին չի կարելի օգտագործել` որպես բեռնաթափելու գործիք: Համաներման նպատակը միայն դա չէ, եթե մենք սկսենք համաներում կիրառել զուտ քրեակատարողական հիմնարկները դատարկելու համար, մենք հետագայում քրեածին իրավիճակի վատթարացման խնդիր կունենանք: Այդ իսկ պատճառով ես այս երկու երևույթները չէի կապի իրար: Իսկ համաներում հայտարարելը ՀՀ նախագահի իրավասությունն է: Իսկ, որպես ինստիտուտ, իմ կարծքով` ավելի լավ է կիրառել պայմանական վաղաժամկետ ազատ արձակման ինստիտուտը, որն ավելի արդյունավետ գործիք է, քան համաներումը»,- ասաց նախարարը: