Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ հերթական նիստում քննարկվում է ԲՀԿ-ական պատգամավորներ Միքայել Մելքումյանի, Նաիրա Զոհրաբյանի, Էլինար Վարդանյանի կողմից ներկայացված` «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծի հարցը, որով առաաջրկվում է, որ ոչ միայն բանկը, այլ նաև պետությունը երաշխավոր կանգնի, որ քաղաքացիների ավանդները վերադարձվեն:
ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը նշեց, որ ՀՅԴ խմբակցությունը դրական է համարում այդ օրենսդրական նախաձեռնությունը: Նա հարկ համարեց այնպիսի շեշտադրումներ առանձնացնել, որոնք ուղղված են կառավարության քաղաքականությանը:
Պատգամավորը նշեց, որ իր մոտ զարմանք է առաջացնում կառավարության կողմից տրված` ազդեցության գնահատականը, և այն, թե արդյո՞ք ոլորտի պատասխանատուները պատկերացնում են երկրի մակրոտնտեսական վիճակը: Նրա խոսքով՝ կառավարության տված` ազդեցության գնահատականը իրավական տեսանկյունից չի համապատասխանում իրականությանը:
«Ինձ մտահոգում է, թե, մակրոտնտեսական զարգացման տեսանկյունից, ի՞նչ կտա սա: Կառավարությունն ու ԿԲ-ն չեն ասում, թե որն է այն սահմանանիշը, որի պարագայում դրական արդյունք կունենան, չեն ասում, թե որքանով է շուկան ուսումնասիրված, որովհետև դա ազդում է մասնավոր շուկայում այլ ճանապարհներով միջոցների ներգրավման վրա: Գաղտնիք չէ, որ այսօր բանկային համակարգը ֆինանսական շուկայում մեծ մասնակցություն ունի, մինչդեռ` ֆինանսավորման այլընտրանքային միջոցները, ինչպիսին կապիտալի շուկան է, այսօր հայտնվել է ծանր վիճակում, որովհետև չկա այդ մրցակցությունը»,- ասաց Արծվիկ Մինասյանը:
Պատգամավորը նշեց, որ մրցակցության վերաբերյալ կառավարության գնահատականը նույնպես տարակուսանք է առաջացնում, քանի որ պարզվում է, որ ավանդների դրամական շուկան, որևէ շուկա չէ ու կապ չունի երկրի տնտեսության հետ, բայց դա, ըստ պատգամավորի, աբսուրդ է:
«Ուրեմն ինչո՞ւ է պետք է ազդեցության գնահատման ինստիտուտը, եթե մենք այսպես ենք վերաբերվում օրենքով սահմանված պահանջներին»,- ասաց նա՝ հավելելով, որ պատգամավորները պետք է պահանջկոտ լինեն կառավարության ներկայացրած օրենքների ազդեցության գնահատականի նկատմամբ, իսկ կառավարությանը կոչ արեց պատշաճ ներկայացնել օրենքների ազդեցության գնահատականը: