Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ստամբուլյան կոնվենցիայի հնարավոր վավերացման առնչությամբ մտահոգություն են հայտնել նաև Կենտրոնական Եվրոպայի և Շվեդիայի Հայրապետական պատվիրակության հոգևորականները:
«Վերջին շրջանում հանրային լայն քննարկման առարկա է դարձել այսպես կոչված Ստամբուլի կոնվենցիան (կամ «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման ու դրա դեմ պայքարի մասին Եվրոպայի խորհրդի կոնվենցիան»):
Հարցի առնչությամբ արդեն իրենց կարծիքն են հայտնել Հայ Եկեղեցին, Փաստաբանների պալատը, Հանրային խորհուրդը, Արդարադատության նախարարությունը, կառավարության ադամներ, ինչպես նաև զանազան կազմակերպություններ, առանձին պատգամավորներ, իրավապաշտպաններ և անհատներ:
Հարկ ենք համարում նշել, որ մենք՝ Կենտրոնական Եվրոպայի և Շվեդիայի Հայրապետական պատվիրակության հոգևորականներս, լիովին կիսում ենք օրեր առաջ Հայ Եկեղեցու Եպիսկոպոսաց դասի և թեմակալ առաջնորդների կողմից բարձրացրած մտահոգությունները, մեր զորակցությունը բերում նրանց ու հորդորում մեր իշխանություններին չվավերացնել կոնվենցիան:
Այսօր որոշ դեպքերում տարակուսանք են առաջացնում ոչ այնքան կոնվենցիայի խնդրահարույց դրույթները (որոնց մանրամասնորեն անդրադարձել է Հայ Եկեղեցու Եպիսկոպոսաց դասը), որքան դրանց մակերեսային մեկնաբանությունները:
Կոնվենցիայի ջատագովներից ոմանք շեշտում են, որ Կոնվենցիայի հիմնական նպատակն է կանանց պաշտպանությունը բռնության բոլոր ձևերից, ինչպես նաև ընտանեկան բռնության վերացումը/կանխարգելումը, առանց խոսելու դրա «ոչ հիմնական» կամ երկրոդական նպատակների մասին:
Տրամաբանական հարց է առաջանում. արդյո՞ք Հին Աշխարհի այնպիսի ժողովրդավար պետություններ, ինչպիսիք են, ասենք, Միացյալ Թագավորությունը, Չեխիան կամ Լիխտենշտեյնը, այդքան անսիրտ են իրենց կանանց կամ անտարբեր սեփական ընտանիքների հանդեպ, որ ոչ մի կերպ չեն ուզում վավերացնել կանանց և ընտանեկան բռնության դեմ ուղղված այդ փաստաթուղթը, իսկ միգուցե մեզ նման կնամեծար կամ այդքան «հասուն» չե՞ն՝ հասկանալու այդ կոնվենցիայի կարևորությունն իրենց իսկ բարօրության համար: Ասենք՝ դժվար թե այդպես է, չնկարագրելու համար բողոքի այն հզոր ալիքը, որ տեղի ունեցավ եվրոպական մի շարք երկրներում (Խորվաթիա, Սլովակիա, Հունգարիա, Չեխիա և այլն): Պարզ է, չէ՞, որ խոսքն «ընդամենը» բռնությունից զերծ հասարակութուն ունենալու մասին չէ:
Հայ Եկեղեցու դիրքորոշումը հարցի վերաբերյալ շատ հստակ է՝ կոնվենցիայի որոշ դրույթներ հակադրվում են քրիստոնեական բարոյագիտությանն ու մեր ազգային նկարագրին՝ վտանգի տակ դնելով հայ ընտանիքն ու մեր ավանդական արժեքները:
Ցավալի է, որ յուրաքանչյուր պատեհ-անպատեհ առիթով տվյալ հարցի վերաբերյալ եկեղեցու դիրքորոշման մասին իրենց «հեղինակավոր» կարծիքն են արտահայտում մարդիկ, ինչպես օրինակ իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը, որոնք ոչ միայն տարրական պատկերացում չունեն իրենց իսկ կողմից բարձրաձայնած նյութի վերաբերյալ, այլև որոնց սրբազան պարտականությունն է մարդու իրավունքների պաշտպանությունը, այդ թվում՝ խղճի և դավանանքի ազատության պաշտպանությունը: Անիմաստ ենք համարում մեկ առ մեկ անդրադառնալ պարոն Իշխանյանի մտքի գոհարներին (օրինակ՝ «Աստված իր կերպարով ստեղծեց տղամարդուն, հետո ստեղծեց կենդանիներին, որ իր համար ծառաներ ընտրի», կամ՝ «որովհետև ի սկզբանե նրանք ընդունում են, որ կինը տղամարդու ծառան է։ Իսկ ծառայի հետ ինչպես ուզում ես, կարող ես վարվել» և այլն):
Եվ վերջապես, իրեն այդքա՜ն «առաջադեմ» համարող իրավապաշտպանը 21-րդ դարի քաղաքական-հասարակական գործիչներին խորհուրդ է տալիս չապրել միջնադարյան եկեղեցական դոգմաներով, այդպես էլ չգիտակցելով, որ իր անզուսպ կեցվածքով վիրավորում է իր իսկ ազգակիցների ավելի քան 86 տոկոսին, որոնք իրենց Հայ Առաքելական Եկեղեցու հետևորդ են համարում: Մինչդեռ Դուք կոչված էիք պաշտպանելու նրանց բոլորի իրավունքները, առանց բացառության: Այսպիսի՞ն է առաջադիմության մասին Ձեր պատկերացումը...
Վերահաստատելով մեր տեսակետը՝ մեր զորակցությունն ենք հայտնում Մայր Աթոռ Ս. Էջմիածնին, մեր Եպիսկոպոսաց դասին և աղոթում Հարուցյալ Տիրոջը՝ բռնությունից ու անհադուրժողությունից զերծ հասարակություն ունենալու մեր հայրենիքում:
Տ. Բարսեղ վրդ. Փիլավչյան
Տ. Անդրանիկ վրդ. Գևորգյան
Տ. Անդրեաս քհն. Իսախանյան
Տ. Ստեփանոս քհն. Հովհաննիսյան
Տ. Վաղարշ քհն. Իսախանյան»,-ասված է հայտարարության մեջ: