Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր խորհրդարանական ոչ իշխանական խմբակցությունները՝ ՀՅԴ-ն, ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը եւ «Ժառանգություն»-ը, հրավիրել էին խորհրդակցություն` որոշելու էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ իրականացվող գործողությունները: Նշենք, որ ՕԵԿ-ը «տեխնիկական պատճառներով» չհասցրեց մասնակցել խորհրդակցությանը, սակայն մտադիր է միանալ նախաձեռնությանը:
Նախորդ շաբաթ ՀԱԿ խմբակցությունը հայտարարել էր, որ կնախաձեռնի էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի ստեղծում: Այսօր ոչ իշխանական խմբակցությունների խորհրդակցությունից հետո լրագրողների հետ զրույցում ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ ավելի նպատակարմար են համարել նախաձեռնել խորհրդարանական լսումներ, քանի որ այն ավելի օպերատիվ կանդրադառնա հարցին, որից հետո հնարավոր է անդրադառնան նաև ժամանակավոր հանձնաժողովի ստեղծմանը: Պատգամավորը նշեց, որ խորհրդարանական լսումներին կհրավիրեն ՀԾԿՀ-ի նախագահ Ռոբերտ Նազարյանին, էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանին և, որ ամենակարևորն է, ՀԷՑ-ի տնօրենին և էլեկտրաէներգիայի սակագնի հայտ ներկայացրած բոլոր կազմակերպություններին, որպեսզի կարողանան բոլոր շահագրգիռ կողմերի հետ քննարկումներ ծավալել` պարզելու համար, թե ինչո՞ւ պետք է քաղաքացին վճարի օտարերկրյա մասնավոր կազմակերպության վատ մենեջմենթի, վատ կառավարման պատճառով:
«Միգուցե իրենք ունե՞ն հիմնավորումներ, ես ուզում եմ հասկանալ. երբ ՀԷՑ-ի տնօրենն ասում է, որ 3,5 միլիոն դոլարի բարեգործություն են արել, ուզում եմ հասկանալ` կորուստների հաշվի՞ն են արել, թե՞ իրենց շահույթների հաշվին են արել: Եվ հիմա ուզում են այդ բարեգործությունը քաղաքացիներից հանել: ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, «Ժառանգություն»-ը, ՀԱԿ-ը գտնում են, որ պետք է օր առաջ հրավիրել խորհրդարանական լսումներ: Իսկ ժամանակավոր հանձնաժողովի խնդրին կարելի է անդրադառնալ լսումներից հետո, քանի որ ժամանակավոր հանձնաժողովը մի քանի ամիս կարող է ուսումնասիրել հարցը, այնինչ` էլեկտրաէներգիայի թանկացումը լինելու է հունիսին կամ հուլիսին»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:
Լրագրողների դիտարկմանը, որ փորձը ցույց է տալիս, որ լսումները էականորեն ոչինչ չեն փոխում, նա հակադարձեց` ասելով, որ այդպես եթե դատելու լինենք, կարող ենք ասել, որ ժամանակավոր հանձնաժողովներն էլ որևէ բան չեն փոխում: