կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-03-06 12:00
Տնտեսական

ՀԷՑ-ի վնասները կփակվեն էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հաշվին

ՀԷՑ-ի վնասները կփակվեն էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հաշվին

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը Հայաստանում միակ` բնական մենաշնորհ ունեցող ընկերությունն է, որը վնասով է աշխատում:

 

Ստեղծվել է մի հետաքրքիր ու շատ հակասական պատկեր. մինչև 2012 թվականը ՀԷՑ-ը շահույթով է աշխատել, բայց 2012-ից այս կողմ տարեցտարի ներկայացնում է հաշվետվություններ, որոնցում առկա է առնվազն 10 միլիարդ դրամի վնաս՝ տարեկան կտրվածքով:

 

Այս հանգամանքները հաշվի առնելով՝ դեռևս 2013-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը բարձրացրեց էլեկտրաէներգիայի սակագինը 3.8 դրամով, որպեսզի ՀԷՑ-ը և էլեկտրաէներգիա արտադրող մյուս ընկերությունները հանկարծ վնասով չաշխատեն: Բերված փաստերը, իրոք, ծիծաղելի էին: Ասվում էր, որ այդ ընկերությունները զրոյական շահույթ էին ստանում:

 

Վերջին 4 տարիներին տպավորություն է ստեղծվում, որ կա'մ մենք գործ ունենք բարեգործական ընկերության հետ, որը 4 տարի շարունակ վնասով աշխատում է և, այնուամենայնիվ, չի վաճառում այն, կա'մ ՀԷՑ-ը հույսը դրել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի վրա, որ անընդհատ կբարձրացնի սակագինը, իրենք էլ կփոխհատուցեն վնասները:

 

Արդյունքում ստեղծվել է մի վիճակ, որը ոչ ոքի բացարձակապես ձեռնտու չէ: Հանձնաժողովը շարունակաբար բարձրացնում է էլեկտրաէներգիայի սակագինը, բայց, այնուամենայնիվ, ՀԷՑ-ը համարձակվում է էլի վնասով աշխատել: ՀԷՑ-ի՝ նախկինում կատարած ներդրումները դեռ ամբողջովին չեն ամոքել ոլորտի վերքերը. շարունակվում են օդում կախված մնալ հնամաշ լարերը, իսկ էլեկտրական սյուներն էլ շատ վայրերում «աղոթում են», որ ուժեղ քամի չլինի:

 

Բացի այդ` բնակիչների սպասարկումը դեռևս կքում է ԽՍՀՄ-ում և 90-ականներին ձևավորված ավանդույթների տակ: Բոլորիդ հետ էլ եղել է, երբ ձեր շենքի «լույսի մարդը» ուրվականի պես մտնում է ձեր շենք` առանց նախազգուշացնելու, առանց հաշվի առնելու տանը քեֆ-ուրախություն է, թե` տխրություն, պարտքի պատճառով անջատում է լույսն ու նույնքան աննկատ հեռանում: Եվ այստեղ սկսվում է ամենամեծ մարաթոնը: Գնում ես, շտապ մուծում պարտքդ, հետո, մուծման անդորրագիրը ձեռքիդ, փնտրում «լույսի մարդուն», ցույց տալիս անդորրագիրը ու խնդրում, որ միացնի էլեկտրաէներգիան: Եվ երբ ասում ես, որ կարող էին հոսանքն անջատելուց առաջ զգուշացնել, պատասխանում է. «Հո սաղի տներով չեմ ընկնելու` հատ-հատ զգուշացնեմ»: Մոռանում է, որ 21-րդ դարում գոյություն ունի հեռախոս:

 

Նկարագրվածը վառ ընդգծում է, թե ինչ վիճակ է այսօր ՀԷՑ-ում, և որ էլի ներդրումներ պետք է արվեն, որ վիճակը շտկվի: Եվ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հերթական անգամ կբարձրացնի էլեկտրաէներգիայի սակագինը, բայց, ինչպես հասկանում ենք, դա ՀԷՑ-ին չի օգնի:

 

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը փետրվարի 25-ի նիստում պետք է քննարկեր «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերության` 2015 թ. ներդրումային ծրագիրը: Սակայն պարզվել է, որը ՀԷՑ-ը միջոցներ չունի` ներդրում անելու, և Եվգենի Բիբինը խնդրել է 1.5 ամսով հետաձգել ներդրումային ծրագրի քննարկումը, բայց հանձնաժողովը միայն 1 ամիս ժամանակ է տվել նրանց:

 

ՀԷՑ-ի վնասը այս տարի կազմել է ավելի քան 10 միլիարդ դրամ, որի հիմնական պատճառը Էլեկտրաէներգիա արտադրող ընկերություններին վճարվող գումարի ավելացումն է և ատոմակայանի աշխատանքների` 88 օրով  դադարեցումը: Իսկ մինչ այդ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը եւ ՀԷՑ սեփականատեր «Ինտեր ՌԱՕ»-ի համատեղ ստեղծած աշխատանքային խումբը բանակցում են, որպեսզի ՀԷՑ-ին հնարավոր լինի արտոնյալ պայմաններով վարկ տրամադրել, իսկ գործող վարկերն էլ վերակառուցվեն` դարձյալ արտոնյալ պայմաններով:

 

Այս ամենն արդեն զավեշտի է վերածվում, քանի որ յուրաքանչյուր անգամ ՀԷՑ-ի համար ստեղծվում են արտոնյալ պայմաններ՝ սակագինը ամեն անգամ բարձրացվում է, վարկային պարտավորությունները ՀԷՑ-ի համար հետաձգվում են, նոր վարկերը տրամադրվում են արտոնյալ պայմաններով, իսկ Ռոբերտ Նազարյանի համար այս ամենը, կարծես, օրինաչափ է, համենայն դեպս, մինչ այս պահը այդպես է եղել: Պարոն Նազարյանը, հավանաբար, անհանգստանալու առիթ էլ չունի էլեկտրաէներգիայի թանկացման պատճառով, քանի որ ունի հայտարարագրված 110.000 դոլար և 9 միլիոն դրամ:

 

Նախնական գնահատականներով` հոսանքի հերթական թանկացումը տեղի կունենա դարձյալ ամռանը, որը, ի դեպ, հավակնում է հայերի համար դառնալ տարվա` ամենաչարաբաստիկ եղանակը:

 

Գեւորգ Խաչատրյան