կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-05-15 18:57
Քաղաքական

Մեր նպատակն է` համապարփակ համագործակցություն ԵՄ հետ

Մեր նպատակն է`  համապարփակ համագործակցություն ԵՄ հետ

Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Բրատիսլավայում մասնակցել է Արևելյան գործընկերության և Վիշեգրադյան քառյակի (Լեհաստան, Չեխիա, Սլովակիա, Հունգարիա) արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպմանը, որին ներկա են եղել նաև Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին, Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհանես Հանը, ԵՄ-ում նախագահող Լիտվայի արտգործնախարար Էդգարս Ռինկևիչը, Շվեդիայի և Լեհաստանի արտգործնախարարներ Մարգոտ Վալստրյոմը և Գժեգոժ Սխետինան:

 

Այս մասին հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։


Հանդիպումը ելույթով բացել է Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն, ով կարևորեց հանդիպման անցկացումը՝ որպես Ռիգայի գագաթաժողովից առաջ մտքեր փոխանակելու արդյունավետ հարթակ։


Նիստին ելույթով հանդես է եկել արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: Իր խոսքում Հայաստանի արտգործնախարարը, մասնավորապես, ասել է.

 

«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Վիշեգրադյան քառյակի նախագահությանը՝ այս նախարարական հանդիպումը Բրատիսլավայում հյուրընկալելու համար։
Հայաստանը ԵՄ հետ իր համապարփակ գործընկերության բոլոր հնարավոր ոլորտներում կարևոր նպատակներ ունի իրականացնելու՝ լայն քաղաքական երկխոսության, ոլորտային համագործակցության խորացման, մարդկային շփումների ակտիվացման և առևտրի ու տնտեսական համագործակցության դյուրացման համար բարենպաստ պայմանների ստեղծման միջոցով։

 

Ոլորտային ճյուղերում մեր համագործակցության ակտիվացման համար մենք մտադիր ենք Հանձնաժողովի հետ ամփոփել բանակցությունները՝ գիտության և հետազոտության բնագավառում ԵՄ «Հորիզոն 2020» ծրագրի շուրջ, ինչպես նաև բանակցություններ սկսել՝ Ձեռնարկությունների և Փոքր ու միջին ձեռնարկությունների մրցունակության ծրագրերին (COSME) Հայաստանի մասնակցությունը ապահովելու համար։ Տրանսպորտի ոլորտում Հայաստանի կառավարությունն իր պատրաստակամությունն է արտահայտել ԵՄ հետ ստորագրել Ընդհանուր ավիացիոն տարածքի համաձայնագիրը:

 

Մենք բարձր ենք գնահատում Արևելյան գործընկերության շրջանակներում տարիներ ի վեր ԵՄ շարունակական աջակցությունը և օժանդակությունը մեր երկրին, որը կարևոր դեր է ունեցել Հայաստանում բարեփոխումների գործընթացի և ինստիտուցիոնալ կարողությունների ձևավորման արդյունավետության և շարունակականության համար:

 

Մենք ողջունել ենք Եվրոպական հարևանության քաղաքականությունը վերանայելու Եվրոպական հանձնաժողովի նախաձեռնությունը, ինչը առիթ է բոլորիս համար՝ մտորելու անցյալի մեր փորձի շուրջ և մատնանշելու ապագա համագործակցության առաջնահերթ ուղղությունները։ Իրավիճակը առավել լայն Հարևանությունում նոր մարտահրավերներ է առաջ բերում և, անկասկած, պահանջում է նորացված համագործակցային մոտեցումներ։

 

Մենք կարծում ենք, որ Եվրոպական հարևանության քաղաքականության վերանայումը պետք է արտացոլի ժողովրդավարության, օրենքի գերիշխանության, արդյունավետ կառավարման և մարդու իրավունքների պաշտպանության ընդհանուր արժեքներին հավատարմության կարևորությունը։ Մենք նաև կարծում ենք, որ նոր քաղաքականության շրջանակներում ձեռքբերումների վրա հիմնված տարբերակման և «ավելին ավելիի դիմաց» սկզբունքները պետք է ամրապնդվեն և համապատասխանաբար շարունակվեն իրականացվել՝ արտացոլելու գործընկեր պետությունների կողմից բարեփոխումների իրականացման ընթացքը։

 

Հարգելի գործընկերներ,

 

Ես կցանկանայի անդրադառնալ ԵՄ հետ մեր ապագա պայմանագրային հարաբերությունների մշակման գործում առաջընթացին: Նախորդ տարվա նոյեմբերից ի վեր մենք` մեր ԵՄ գործընկերների հետ, աշխատում էինք նոր իրավական հիմքի շրջանակը ձևավորելու ուղղությամբ։ Այն կարտացոլի ԵՄ հետ մեր նախկին բանակցությունների բովանդակությունը` նկատի ունենալով մեր պարտավորություններն այլ միջազգային ինտեգրացիոն ձևաչափերում: Մարտի կեսերին Հայաստանի և ԵՄ բանակցային թիմերը ավարտեցին ապագա իրավական հենքի շրջանակի շուրջ խորհրդակցությունները, և ակնկալում ենք, որ ԵՄ անդամ պետությունները կհաստատեն եվրոպական բանակցային թիմի մանդատը, ինչը հնարավորություն կընձեռի սկսել բանակցությունները։

 

ԵՄ - Հայաստան ինստիտուցիոնալ ձևաչափերի հանդիպումներին զուգահեռ՝ Հայաստանը շարունակում է իր ակտիվ մասնակցությունը Արևելյան գործընկերության բազմակողմ հարթակներում և ավելի քան տասնյակ աշխատանքային խմբերում։ Մենք սա դիտարկում ենք որպես կարևոր և օգտակար հարթակ՝ կիսելու լավագույն փորձը և նպաստելու լայն համագործակցությանը։

 

Շարժունակության գործընկերությունը ընթացքի մեջ է 2011թ.-ից, և մի շարք ծրագրեր են իրականացվում այդ շրջանակներում։ Հայաստան - ԵՄ մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման և հետընդունման համաձայնագրերը ուժի մեջ են մտել 2014թ. հունվարից։ Մեր կողմից՝ Հայաստանի կառավարությունը 2013թ.-ից վերացրել է մուտքի արտոնագրի պահանջը ԵՄ քաղաքացիների համար։ Ապրիլի 29-ին Բրյուսելում տեղի ունեցան Հայաստան - ԵՄ՝ արտոնագրային ռեժիմի դյուրացման և հետընդունման համաձայնագրերի հարցերով համատեղ կոմիտեների հանդիպումները, և մենք հուսով ենք, որ մենք որքան հնարավոր է շուտ կկարողանանք սկսել ԵՄ հետ արտոնագրային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսությունը։

 

Արևելյան գործընկերության հետ կապված նոր մարտահրավերները պահանջում են նոր համագործակցային մոտեցումներ։

 

Հայաստանը քաջ գիտակցում է տարբեր ձևաչափերում ընդգրկուն համագործակցության կարևորությունը։ Մենք սատարում ենք այն տեսակետը, որ հնարավոր է լավագույնս օգտագործել տարբեր ինտեգրացիոն շրջանակները առավել հեռատեսական մոտեցման միջոցով՝ հիմնված հնարավորությունների և ոչ թե անհամատեղելիությունների վրա։ Մեր նպատակն է՝ հենվելով նախորդ տարիներին արձանագրված արդյունքների վրա՝ շարունակելու ուղին դեպի խորը և համապարփակ համագործակցություն ԵՄ հետ»: