Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Yerkir.am-ի զրուցակիցը Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանն է:
Պատկերասրահի երեք կանգառները
Այս տարի մի շարք անելիքներ ունենք: Երեք շատ կարևոր ցուցահանդես ունենք դրսում: 2016-ին այստեղ էր Ռուսական իմպրեսիոնիզմի թանգարանի տնօրեն Բորիս Մինցեմը: Հանդիպեցինք, զրուցեցինք արվեստի մասին, թերևս գիտելիքներս էր ստուգում, ասում էր` բավականին երիտասարդ տարիքում եմ ղեկավարում կառույցը: Հետո հարցրեց` ի՞նչ ցուցահանդես կարող ենք կազմակերպել, իսկ ինձ համար շատ կարևոր է աշխարհին ներկայանալ մեր նկարիչներով: Օգտագործեցի այդ հնարավորությունը և ասացի, որ կուզեի ցուցադրվերին հայ նկարիչների աշխատանքները, ովքեր իմպրեսիոնիստական ոճում են աշխատել, և միմյանց ձեռք սեղմեցինք: Նրանք հոգում են ցուցահանդեսի բոլոր ծախսերը հերիք չէ, դեռ մի բան էլ 5000-6000 եվրո են տրամադրել` վերականգնման աշխատանքներ կատարելու համար: Այսինքն` աշխատանքները, որոնք պետք է ցուցադրվեն, եթե վերականգնման կարիք ունեն, նրանք լուծում են նաև այդ խնդիրը: Ցուցահանդեսի անունը դրել են «Փարիզ-Երևան», բացումը կլինի մարտ ամսին: Ներկայացնելու ենք 1890-ականներից մինչև 1930-ականների` հայ նկարիչների աշխատանքները` Եղիշե Թադևոսյան, Վահրամ Գայֆեճյանի, Առաքել Առաքելյանի, նաև Մարտիրոս Սարյանի ու Երվանդ Քոչարի գործերից: Մեծ ձեռքբերում եմ համարում սա, քանի որ մենք մեր մեջ գիտենք, որ հարուստ մշակույթ ու պատմություն ունեցող ազգ ենք, իսկ ի՞նչ գիտեն մեր մասին մյուսները:
Այս ցուցահանդեսը կարևոր է նաև այնքանով, որ համակարգողը Մարինա Հակոբյանն է` մեր երիտասարդ արվեստաբաններից: Ես միշտ կարևորել եմ երիտասարդ կադրերի դերը, և ինձ թվում է` մեզ նոր անուններ են պետք, ինչի համար էլ աշխատանքի դաշտ է պետք: Այդ իսկ պատճառով էլ երիտասարդ աշխատակիցներին առանց վախենալու վստահում եմ լուրջ ծրագրեր: Մյուս կողմից` չեմ անտեսում նաև մեր մեծերին. պատկերասրահի աշխատակիցներից շատերն իմ ուսուցիչներն են: Սակայն կարծում եմ` ժամանակն է նոր անունների, միգուցե նոր Իգիթյաններ կան, մենք տեղյակ չե՞նք:
Ազգային պատկերասրահը սերտ համագործակցում է նաև Լեհաստանի հետ, և հունիսին Սոպոտ քաղաքում հայ դասական նկարիչների գործերը կցուցադրվեն` սովետական երկրների նկարիչների գործերի հետ: Կցուցադրվեն Սուրենյանց, Սարյան, Բաժբեուկ-Մելիքյան: Կունենանք ցուցադրություն Նովոսիբիրսկում. նախագիծն իրականացնում ենք Սարյանի թանգարանի հետ, Սարյանի գեղանկարչական ու գրաֆիկական աշխատանքներն են ցուցադրվելու: Մի խոսքով` մեր արտաքին քաղաքականությունը շատ ենք ակտիվացրել:
Կարևոր է ֆոնդերը համալրել ոչ միայն նվիրատվությունների միջոցով
Ժամանակակից նկարիչների գործերով մեր ֆոնդերը համալրելը մեծ խնդիր է հիմա մեզ համար: Սովետական միության ժամանակ գոյություն ուներ մի համակարգ, որ և՛ պետությունը, և՛ պատկերասրահն էր նկարիչների նկարները գնում: Մինչև 2009 թվականը պատկերասրահը 20-50 մլն դրամ է ունեցել աշխատանքներ գնելու համար, սակայն այժմ այս համակարգն ինչ-ինչ պատճառներով հանել են, ինչը մենք համարում ենք ոչ ճիշտ: Մեր ֆոնդերը հիմնականում համալրվում են նվիրատվությունների հաշվին: Կարծում եմ` նախկին համակարգը հանել են գործածությունից, քանի որ կոռուպցիոն ռիսկեր էր պարունակում, սակայն ես լուծում եմ առաջարկում` գումարը կարող ենք մենք չտնօրինել, թող մեզ չտան գումար, այլ մենք քննարկենք ու որոշենք` որ աշխատանքն է մեզ պետք, և դա գնեն ու տան մեզ: Թանգարանի խնդիրը ժառանգության պահպանումն ու համալրումն է, այս երկու դրույթները մեր խարիսխներն են: Մեզ համար շատ կարևոր է համալրել ֆոնդերը ոչ միայն նվիրատվությունների միջոցով, բայց որպեսզի մեր հավաքածուն լիարժեք լինի, մենք պետք է հնարավորություն ունենանք բոլոր ժամանակաշրջաններից գործեր ունենալ: Օրինակ` Հակոբ Հակոբյանի աշխատանքներից ընդամենը 30 նկար ունենք, այնինչ` Թերլեմեզյանի աշխատանքները 1000-ից ավելի են: Կան հայտնի նկարիչներ, որոնց աշխատանքներն առհասարակ չունենք, օրինակ, Քոչարի տարածական գործերից չունենք: Գիտեմ, որ Քոչարի «Տոտեմը» գտնվում է Հայաստանում և շատ կուզեի, որ մեր մեծահարուստներից մեկն այն գներ ու նվիրեր պատկերասրահին: Ճիշտ է, ունենք Քոչարի տուն-թանգարան, բայց պատկերասրահն էլ մեր կերպարվեստի տաճարն է:
Պատկերասրահից 164 աշխատանք է կորել
1952 թվականից պատկերասրահի մասնաճյուղերից 164 աշխատանք է կորել, որոնցից 2-ը վերադարձվել են: Ինչ եմ ես արել, որպեսզի չկրկնվի. պատկերասրահում 4 տեսախցիկ կար, իսկ 2016-ի դեկտեմբերին գնեցինք 76 տեսախցիկ, և դրանք տեղադրելու ենք բոլոր սրահներում: Առաջին հերթին ֆոնդերում ենք դնելու տեսախցիկներ: Ցավոք, ֆոնդերում չկային տեսախցիկներ: Բացի դրանից` գնելու ենք լազերային կրիչներ, որոնք նույնպես անվտանգությունը կապահովեն, այսինքն` հենց ուզում են ձեռք տալ նկարին, անվտանգության ազդանշանը կմիանա: Վերջին 1-2 տարում պատկերասրահից գողության դեպք չի եղել: Ի դեպ, գողացված և պատկերասրահին վերադարձված երկու աշխատանքն էլ Գյուրջյանի գործերն են:
Վերականգնողական կենտրոն` երազա՞նք, թե՞ իրականություն
Պատկերասրահի վերականգնման բաժինը գործում է 1937 թվականից, և մենք ունենք շատ լավ մասնագետներ: Ամենակարևոր ռեսուրսը մարդն է, մասնագետը, որն ունենք: Բացի այդ` անցած տարի վերականգնման բաժնից երկու հոգի գնացին վերապատրաստման, և այս տարի ևս ամեն ինչ անելու ենք, որպեսզի ևս 2 հոգի գնան վերապատրաստվելու: Քննարկումներ ենք ունեցել Ռուսաստանի Գրաբարի անվան հայտնի վերականգնողական կենտրոնի հետ այստեղ մասնաճյուղ բացելու շուրջ: Եթե կյանքի կոչվի, նրանց ֆինանսավորմամբ է լինելու, քանի որ վերականգնողական տեխնիկան շատ թանկարժեք է: Այն կլինի տարածաշրջանում բացառիկ կենտրոն, որը կունենա լուրջ քիմլաբորատորիա, ֆիզիկոսներ, և մենք կարող ենք սպասարկել ամբողջ տարածաշրջանին: Բացի այդ` չբացելով փակագծերն` ասեմ, որ «Սկիռա»-ի հետ բանակցություններ ենք վարու,մ և առաջարկ կա պատկերասրահի հավաքածուների կատալոգ սարքել նրանց ոճով:
Կ. Հ.