կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-05-12 12:40
Հասարակություն

Մինչ հանձնաժողովը քննում է ՀԷՑ-ի հայտը, տարբեր քաղաքներում կազմակերպվում են հասարակական քննարկումներ

Մինչ հանձնաժողովը քննում է ՀԷՑ-ի հայտը, տարբեր քաղաքներում կազմակերպվում են հասարակական քննարկումներ

Հայտնի է, որ 4 օր առաջ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին են դիմել էլեկտրաէներգետիկական համակարգի 5 խոշոր արտադրող կայանները, էլեկտրաէներգիայի հաղորդման և հաշվարկային կենտրոնի ծառայությունները` էլեկտրաէներգիայի  սակագների (վճարների) վերանայման հայտերով:


Էլեկտրաէներգետիկական համակարգի 5 խոշոր արտադրող կայաններն են  «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ն, «Միջազգային էներգետիկ կորպորացիա» ՓԲԸ-ն, «Երևանի ջերմաէլեկտրակենտրոն» ՓԲԸ-ն,  «Հրազդանի էներգետիկ կազմակերպություն (ՀրազՋԷԿԲԲԸ-ն, «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ն, նաև «ԳԱԶՊՐՈՄ ԱՐՄԵՆԻԱ» ՓԲԸ-ն և «Հաշվարկային կենտրոն» ՓԲԸ-ն:


ՀԾԿՀ-ն արդեն սկսել է այդ հայտերի ուսումնասիրության գործընթացը, քանի որ դրանք համապատասխանել են հանձնաժողովի կարգի պահանջներին:


Yerkir.am-ի հետ զրույցում ՀԾԿՀ մամուլի քարտուղար Մարիամ Ստեփանյանը նշեց, որ ՀԷՑ-ը նույնպես հայտ է ներկայացրել, և 5-օրյա ժամկետում հայտի փաթեթն ուսումնասիրելուց հետո կսկսվի ՀԷՑ-ի հայտի ուսումնասիրման գործընթացը: Նա նաև նշեց, որ, սակագնի վերանայման կարգի համաձայն, նախատեսված է մինչև 80 օր աշխատանքային  օրվա ժամկետ: Այդ 80 օրվա մեջ ներառված է 5 օր`հայտի փաթեթի ուսումնասիրության ժամկետ, որից հետո հանձնաժողովի նիստում հայտը դրվում է քննարկման,  քվեարկությամբ էլ որոշում է կայացվում սակագնի վերաբերյալ: Քվեարկելուց ու հաստատելուց հետո սահմանվում է նոր սակագին:

 

Հիշեցնենք, որ ՀԾԿՀ իրավասությունն է սահմանել սակագին ու վերանայել սակագին, ինչպես ընկերությունների հայտերի, այնպես էլ սեփական նախաձեռնության հիման վրա:


Էլեկտրաէներգիայի սակագնի հնարավոր բարձրացման շուրջ հասունանում է հասարակական ընդվզում: Բազմաթիվ քաղաքացիներ չեն պատրաստվում վճարել բարձրացված սակագնով: Նրանք կազմել են խմբեր ու ֆեյսբուքյան նախաձեռնությունների միջոցով հրավիրվում են քաղաքացիներին «Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ» թեմայով հասարակական քննարկումների, ինչպես Երևանում, այնպես էլ Հայաստանի այլ քաղաքներում:


Նման նախաձեռնության մասնակից, քաղաքացի Արտուշ Չիբուխչյանը Yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ վերջերս Հայաստան ներմուծվող գազի գինը նվազեց, էլեկտրաէներգիա արտադրող որոշ կայաններ աշխատում են գազով, ուստի էլեկտրաէներգիայի գինը չպետք է բարձրանար:

 

«Մենք պայքարելու ենք, որովհետև նախորդ տարի անհիմն բարձրացրեցին էլեկտրաէներգիայի սակագինը, և ստացվում է, որ ՀԷՑ-ի կուտակած պարտքերը քաղաքացիները պետք է փակեն: Բայց մենք չգիտենք, թե այդ պարտքերը ինչի հետևանքով են գոյացել, հավանաբար, դրանք գոյացել են նրանց սխալ աշխատանքի ու մենեջմենթի պատճառով: Ինչո՞ւ մենք պետք է վճարենք նրանց սխալի համար»,- ասաց Արտուշ Չիբուխչյանը:

 

Նա նաև հավելեց, որ քննարկման ժամանակ հրավիրել են տարբեր ոլորտների մասնագետների` տնտեսագետների, իրավաբանների, քաղաքագետների, որոնք կուսումնասիրեն այդ թեման, կստեղծվեն առանձին խմբեր, որոնք կներկայացնեն ստեղծված իրավիճակի օբյեկտիվ կողմերը:


«Հաստատ պետք է պայքարել, որովհետև պետք չէ մեզ էշի տեղ դնել: Մենք իրենց քմահաճությունները կատարող չենք: Հասարակ քաղաքացին այլևս վճարունակ չէ, հակառակ դեպքում` չէր գնա Հայաստանից»,- ասաց Արտուշ Չիբուխչյանը` հավելելով, որ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը անխուսափելիորեն կհանգեցնի առաջին անհրաժշտության ապրանքների թանկացման, տրանսպորտի թանկացման, մինչդեռ ո'չ աշխատավարձն է բարձրանում, ո'չ թոշակները: Ըստ նրա` այս ամենին կհետևի արտագաղթն ու հուսալքությունը, ահա, թե ինչու որոշել են պայքարել անհնազանդությունների, բողոքի ակցիաների և մնացած հնարավոր մեթոդներով:


«Դեմ ենք էլեկտրաէներգիայի թանկացմանը» ֆեյսբուքյան նախաձեռնության անդամ Արամ Մանուկյանն էլ նշեց, որ հրավիրում են բոլոր քաղաքացիներին հասարակական քննարկման, բոլոր ոլորտների մասնագետներին` առանց խտրականության:


«Հարկավոր է լսել բոլորի կարծիքը, որպեսզի հասկանանք` որն է ճիշտը: Այն, ինչ արել ենք մինչ այժմ, ինչ տեսել ենք, տարել է դեպի փակուղի, ուստի նույն սխալը չենք կրկնի: Էլեկտրաէներգիայի թանկացումը ոչ մի օբյեկտիվ պատճառ չունի, հակառակ դեպքում, եթե սակագինը բարձրանա, երկիրը կդատարկվի»,- ասաց Արամ Մանուկյանը:


Ֆեյսբուքյան նախաձեռնության անդամները նշեցին, որ Հայաստանի տարբեր քաղաքներից բազմաթիվ քաղաքացիներ արձագանքել են հասարակական քննարկումների կոչին, և առաջիկայում նման հասարակական քննարկումներ կլինեն Սիսիանում և այլ քաղաքներում: