կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-05-08 13:38
Հասարակություն

Շուշիի ազատագրումով «արարատացանք»

Շուշիի ազատագրումով «արարատացանք»

Շատ քիչ է Շուշիի ազատագրումը բնորոշել «հաղթանակ» բառով, մենք Շուշիի ազատագրումով արարատացանք, այն միայն Արցախյան հաղթանակ չէր. այսօր լրագրողներին ասաց գեներալ-մայոր, «Արծիվ մահապարտների միություն» ՀԿ-ի նախագահ Աստվածատուր Պետրոսյանը: Ըստ նրա` Շուշիի ազատագրումով մեր ազգային միասնությունը ցույց տվեցինք թշնամուն:

 

«Քանի որ խաղաղասեր ժողովուրդ ենք և չենք սիրում անզեն բնակչությանը վնասել, խնդիր էր դրված նախ ազատագրել Շահումյանի տարբեր շրջանները` առանց տեղի բնակիչներին «նեղելու»: Անհրաժեշտ էր Ստեփանակերտը հանել օղակումից, Խոջալուն, Ասկերանն ազատագրել, որից հետո միայն մտնել Շուշի: Սակայն Շուշիի դեպքում հակառակորդը սկսեց կրակել` չմտածելով իր բնակչության անվտանգության մասին, և հետագայում այդ զոհերի մեղքը հայկական կողմի վրա գցեցին»,- ասաց Պետրոսյանը:

 

Ազատամարտիկը հիշում է` Շուշի մտել են 4 ուղղությամբ, և ըստ նրա` ոչ ոք չէր մտածում, որ հայկական խմբերը հարավային կողմից էլ կներխուժեն քաղաք: «Օպերացիան տևեց 4-5 ժամ: 12 հրանոթ և 9 ականանետներ գործի դրվեցին, ընթացքին հետևում էր 4 ուղղաթիռ: Երբ ազատագրեցինք քաղաքը, խաղաղ բնակչությանը թողեցինք, որ գնան-հասնեն մինչև Կանաչ Թալա»,- պատմեց նա:

 

«Արծիվ մահապարտների միություն» առաջին դասակի հրամանատար Գագիկ Մինասյանը նշեց, որ Շուշին ազատագրելիս խումբը բաժանվել է երկու մասի` առաջանալով Գանձասարի և Չլդրանի ուղղությամբ: «Թուրքերը 800 հոգի էին, մենք` 120, բայց մենք չէինք վախենում, և ամենևին էլ կապ չուներ, թե քանի զոհ կտանք. բոլորս էլ գնացել էինք` թեկուզ զոհվելու գնով ազատագրելու Շուշին»,- ասաց նա: