կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-05-09 14:09
Հասարակություն

Շուշիի ազատագրումով ապացուցեցինք` եթե համախմբած լինենք` անհնարինը կարող ենք իրականություն դարձնել. Իշխան Սաղաթելյան (լուսանկարներ)

Շուշիի ազատագրումով ապացուցեցինք` եթե համախմբած լինենք` անհնարինը կարող ենք իրականություն դարձնել. Իշխան Սաղաթելյան (լուսանկարներ)

Շուշիի ազատագրումը հայոց պատմության փառավոր էջերից է. այսօր Եռաբլուրի բարձունքում ասաց ՀՅԴ Հայաստանի Գերագուն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը: Ի թիվս ՀՅԴ այլ ներկայացուցիչների` նա զինվորական պանթեոնում ծաղիկներ խոնարհեց Շուշիի ազատգրման համար նահատակված` Հայաստանի ու Արցախի հայորդիների շիրիմներին:

«Շուշիի ազատագրումով մենք ապացուցեցինք, որ եթե լինենք միասնական, համախմբած, ապա անհնարինը կարող ենք իրականություն դարձնել: Փա'ռք մեր տղաներին, որ ազատագրեցին Շուշին: Ազատագրված Շուշին կյանքի ճանապարհ բացեց դեպի Մայր Հայաստան և միաժամանակ ռազմական մեր հաջողությունների սկիզբը դարձավ: Շուշիով ապահովեց Արցախի Հանրապետության կայացումը: Շուշիի ազատագրումով հայ ժողովուրդը ոչ միայն հաղթական հիմը դրեց Արցախյան  պայքարի, այլև՝ ռազմաքաղաքականորեն ապահովեց վերանկախացյալ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգությունը։ Այսօր Հայաստանն Արցախի անվտանգության երաշխավորն է: Հայկական երկու պետությունների ազգային անվտանգության սկզբունքն ու կերտվածքը պետք է հիմնավորված լինի ռազմաքաղաքական կայուն և ամրագրված դաշինքով»,- նշեց Սաղաթելյանը:

ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Լիլիթ Գալստյանն էլ Yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ Եռաբլուրի բարձունքը լռություն է պարտադրում, բայց` խորհելու ու իմաստնանալու լռություն: Հիշելով բանաստեղծական տողերը` «Բարձունքը մերն է, տղերքը չկան»` նա ընդգծեց` մեր փառապանծ տղաներն ուրիշ բարձունքում են, ու այդ բարձունքը յուրաքանչյուր հայի մտքում, սրտում, հոգում միշտ պետք է վառ մնա:

«Գիտակցումը, որ բարձունքներից բաղկացած հայրենիքը սոսկ տարածք չէ, պետք է առաջնային լինի, իսկ բարձունքների վրա հպարտ քայլելու իրավունքը պետք է նվաճենք ամենօրյա պահվածքով, գոյությամբ, նվիրումով, հաղթանակներն ամրագրելով: Ինձ համար լռության ու մտքի արժևորման, ինչպես նա ցավի ու ափսոսանքի պահ է սա, որովհետև այս բոլոր ոսկի տղաները, որ հանգչում են այստեղ, իսկ նրանց հոգիները սավառնում են մեր հայրենիքի վրա, ամեն վայրկյան մեզ սթափեցնելու պատգամ են հղում այն մասին, որ հող են ազատագրել, ու պետք է տիրություն անել այդ հողին»,- շեշտեց Լիլիթ Գալստյանն ու ամփոփեց` պետք է տեր լինենք, աննահանջ ու հաղթանակը կիսատ չթողնենք: