Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2015-05-05 16:26
Հասարակություն

Կառավարությունը խախտում է ընթացակարգերը. Արծվիկ Մինասյան

Կառավարությունը խախտում է ընթացակարգերը. Արծվիկ Մինասյան

Այսօր ԱԺ արտահերթ նիստում քննարկվում էր «Եկամտահարկի մասին» և «Շահութահարկի մասին» օրենքներում փոփոխություններ ու լրացումներ անելու մասին հարցը:

 

ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը ելույթ ունեցավէ ասելով, որ քննարկվող օրինագիծն առնչվում է սկզբունքային հարցի, և ի դեմս կառավարության օրենսդրական նախաձեռնության` այսօր կանգնած ենք մի քանի խնդրի առջև:

 

«Արդեն որերորդ դեպքն է` հիմնավորապես խախտվում են ՀՀ Սահմանադրության, ԱԺ կանոնակարգ-օրենքի և «Իրավական ակտերի մասին» օրենքի պահանջները, մասնավորապես` այն նախաձեռնությունները, որոնք ներկայացնում է կառավարությունը, ընթացակարգային և բովանդակային առումով շեղվում են անհրաժեշտ պահանջներից, երբ արտահերթ նիստով ներկայացվում են նախագծեր, որոնք չունեն օրենքով նախատեսված, պահանջվող բովանդակությունը»,- ասաց Արծվիկ Մինասյանը՝ հավելելով, որ խոսքը վերաբերում է ազդեցության գնահատականին, որն օրենքի պահանջ է, և որը հնարավորություն կտա պատգամավորներին կողմնորոշվելու ու քվեարկելու: Այնինչ` քննարկվող օրինագիծը չունի ազդեցության գնահատական:

 

Պատգամավորի խոսքով՝ կառավարությունն այսօր դարձել է ամենամեծ` ընթացակարգ խախտողը: «Կրակն ենք ընկե՞լ, որ Սահմանադրությամբ կառավարությունն ունի օրենսդրական նախաձեռնության և արտահերթ նիստ հրավիրելու հնարավորություն: Եվ այդ ամբողջ պատասխանատվությունն ընկնում է կռավարության աշխատակազմի վրա, որովհետև պարտավոր է ամբողջ գործընթացը ապահովել: Եվ պատգամավորները կարող են նման խախտումների դեպքում դիմել Սահմանադրական դատարան ու վիճարկել այդ ակտերի ընդունումը»,- ասաց Արծվիկ Մինասյանը` հավելելով, որ նշում է դրա մասին, քանի որ կառավարության նման գործելաոճը նորություն չէ:

 

Ըստ նրա` այդքանից հետո ինչպե՞ս կարող են քաղաքացիներից պահանջել լինել օրինապաշտ: Արծվիկ Մինասյանը նշեց, որ պետք է անընդհատ պահանջեն կառավարության աշխատակազմից, որ պահպանի օրենքով նախատեսված ընթացակարգերը: