կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-03-24 17:01
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կառավարությունը պետք է օգնի քաղաքացիներին, այլ ոչ թե բանկերին. Արծվիկ Մինասյան

Այս փաստաթուղթն իր մեջ ներառում է շուրջ 50 միջոցառում։ Այս իրավիճակում մեզ համար կարևոր է ազգաբնակչության առողջության պահպանումը։ Այն առաջին կարևորության գործողություն է, որի ուղղությամբ իշխանությունները պարտավոր են քայլեր ձեռնարկել, այլ ոչ թե մտածել այն ստանդարտ իրավիճակի նման, թե անհրաժեշտ է տարբեր ուղություններով ինչ-որ զարգացումներ ապահովել։ Դա թվացյալ է և կեղծ. այս մասին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակն նշեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը՝ ներկայացնելով Հայ Յեղափոխական Դաշնակցության Գերագույն մարմնի կողմից ՀՀ կառավարություն ներկայացված՝ արտակարգ դրության պայմաններում իրականացման ենթակա միջոցառումների վերաբերյալ առաջարկությունների փաթեթը. հայտնում է Yerkir.am-ը։

Ըստ Մինասյանի՝ եթե բնակչությանը վտանգ է սպառնում, նշանակում է առաջին հերթին իշխանությունը պարտավոր է այդ վտանգը կանխարգելելու և երաշխավորելու քաղաքացիների գոյությունը։

ԳՄ անդամը չցանկացավ որոշ հարցեր շատ մանրամասնել՝ մարդկանց մոտ խուճապ տարածելուց խուսափելու համար։

Արծվիկ Մինասյանը նշեց, որ այս փաստաթուղթը ներկայացվել է՝ նաև ելնելով կառավարության ու վարչապետի՝ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների մեղմացման միջոցառումներից. «Այս առաջարկությունը ներկայացվել է այն նպատակով, որ կանխվի այն ոչ համաչափ գործողությունը, որը կառավարությունը մտածում է ձեռնարկել։ Մասնավորապես խոսքը գնում է այն մասին, որ բանկերին լրացուցիչ ֆինանսական ռեսուրսներ է տրամադրվում, և անունը դնում են, թե իբր օգնում են մարդկանց, մինչդեռ ուղիղ հակառակն է տեղի ունենում։ Օժանդակությունը պետք է տրամադրվի մարդկանց, այլ ոչ թե բանկերին կամ ֆինանսական միջնորդներին», - ասաց Մինասյանը։

Որպես երկրորդ կարևոր խնդիր, ըստ Արծվիկ Մինասյանի, այն է, որ սնունդը, դեղորայքը և  վառելիքի պաշարները առաջին անհրաժեշտություն են, և ռազմավարական նշանակության մեր պաշարների համալրման ուղղությամբ պետք է ամեն ջանք գործադրվի։

«Այս փաստաթղթով ակնկալում ենք, որ այդ պաշարների համալրման առնվազն 6-ամսյա ռեժիմ պետք է ապահովենք, որպեսզի վստահ լինենք մեր քաղաքացիների նվազագույն կենսապայմանները երաշխավորելու ուղղությամբ։ Մյուս խնդիրն այն է, որ այս պահի դրությամբ բանկերն ու վարկային կազմակերպությունները տարբեր մեթոդներով փորձում են մասնակցել գործընթացին, սակայն չկա միասնական մոտեցում այս կազմակերպությունների վարքագծի մեջ՝ ի շահ վարկառու ձեռնարկությունների կամ քաղաքացիների։ Խոսքն ամենևին նշված վարկային կազմակերպություններին անհամաչափ վնաս պատճառելու մասին չէ, այլ այն, որ այս արտակագ վիճակը պարտադրում է նաև արտակարգ միջոցառումներ։ Վնասը կրելու են բոլոր կողմերը։ Պետությունը պետք է իր ռեսուրսները ուղղի խոցելի խմբերին՝ պաշտպանելու իրենց նվազագույն կենսագոյությունը», - հայտնեց դաշնակցական գործիչը։

Վերոնշյալի պատճառով է, ըստ Մինասյանի, որ ներկայացված փաստաթղթի առաջարկությունների էական մասը վերաբերում է քաղաքացիների և տնտեսվարող այն սուբյեկտների իրավունքների պաշտպանությանը, որոնք անհրաժեշտություն ունեն այս փուլում առնվազն չկրելու անհամաչափ վնասներ։

«Դա հատկապես վերաբերում է աշխատող այն քաղաքացիներին, որոնք այս արտակարգ դրության պատճառով չեն կարողանում այցելել աշխատավայրեր, և, հետևաբար, այստեղ արդեն պետության պարտավորությունն է երաշխավորել այս մարդկանց նվազագույն կենսաապահովման բյուջեն։ Սա չպետք է միայն մնա գործատուների և աշխատողների վրա։ Պետությունը, իբրև սոցիալական պետության պատասխանատու, պետք է շատ հստակ ցուցաբերի իր մոտեցումը», - նշեց Ա. Մինասյանը։

Մինասյանը հայտնեց, որ սկզբունքային նշանակություն ունի պետական պարտքի հարցը։ Հայաստանն ունի զգալի արտաքին պարտք, և արտակարգ դրության պայմաններում, նկատի ունենալով համավարակի համաշխարհային բնույթը, իրենց հորդորն ու պահանջն է՝ սկսել նաև վարկատու կազմակերպությունների հետ բանակցությունների գործընթաց՝ սառեցնելու արտաքին պարտքի մարումը. «Սա ոչ միայն անհրաժեշտություն է, այլև միջազգային ընդունված մոտեցում է։ Սա կօգնի երկրում պահել մեր արտարժույթային պաշարները և կարևորագույն խնդիրներ լուծել», - ընգծեց ՀՅԴ անդամը։

ՀՅԴ գործիչը  նաև անդրադարձավ կրթական համակարգին վերաբերող հարցերին։ Ըստ Մինասյանի՝ այս օրերին տարբեր մոտեցումներ են կիրառվում հանրակրթությունից սկսած մինչև բուհական համակարգ՝ ընգծելով համատեղ ուսումնական հեռավար համակարգի ներդրման անհրաժեշտությունը։

«Շատ կարևոր ենք համարում, որպեսզի բյուջետային խնայողությունները կամ «գոտիներ ձգելու» քաաղաքականությունը իշխանությունն ինքը դրսևորի։ Սա է պատճառը, որ ոչ միայն պետք է պարգևատրումները դադարեցվեն, այլև պետք է հանրային ծառայության մեջ ներգրավված բարձր վարձատրվող աշխատավարձերը ժամանակավորապես սառեցվեն, փոքրացվեն կամ կասեցվեն, որպեսզի այդ ռեսուրսները ծառայեն ազգաբնակչությանը, այլ ոչ թե մեկ կամ մի խումբ անձանց։ Օր առաջ այս խնդիրը պետք է լուծել ի օգուտ ՀՀ քաղաքացիների», - ասաց Արծվիկ Մինասյանը։

Տրանսպորտային խնդիրների մասին խոսելիս՝ Մինասյանը կարևորեց ազգային ավիափոխադրող ընկերություն ստեղծելը. «Շատ կարևոր է, ոչ միայն չարթերային թռիչքների միջոցով առաջնահերթ համարել երկրի ռազմավարական պաշարների համալրմանն ուղղված գործողությունները, այլև ժամանակն է մտածել ազգային ավիափոխադրող ստեղծելու մասին։ Այն ինչ ասել ենք, հաստատվում է արտակարգ դրության պայմաններում և պետությունն այստեղ անելիք ունի»։

Մինասյանը նաև կարևորեց քաղաքացիների այն գիտակցումը, որ այս օրերին պետք հեռու մնալ տարբեր զինված ստորաբաժանումներ այցելությունից, իսկ ԶՈւ հրամանատարական կազմը պետք է առավելագույնս ջանքեր գործադրի, որպեսզի զորքերը պահվեն զորանոցային վիճակում, և չլինի ելումուտ։

ԳՄ անդամը հույս հայտնեց, որ կառավարությունն ու իշխանության առանձին ներկայացուցիչները բարձր պատասխանատվություն կցուցաբերեն, այլ ոչ թե, ինչպես մենք հաճախ տեսնում ենք, անպատասխանատու վարքագծով կփորձեն նսեմացնել զգուշավորության և այլ միջոցառումների կարևորությունը։

«Առանձին անձինք մեծաբերան խոսքեր են ասում։ Դրա ժամանակը չէ, կգա դրա ժամանակը։ Այսօր անհրաժեշտ է, որպեսզի մենք հաղթահարենք այս ծանր վիճակը, իսկ քաղաքական դաշտը դեռ կսպասի, քաղաքական դաշտում մենք դեռ կպայքարենք հանուն արդար, ազատ և երաշխավորված ապագայով քաղաքացու Հայաստանի կերտման համար»,- եզրափակեց Արծվիկ Մինասյանը։

Առավել մանրամասն՝ տեսանյութում.