կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-04-02 17:46
Հասարակություն

Կառավարությունը ՍԴ որոշումը փորձում է պնդաճակատությամբ առաջ մղել. Արծվիկ Մինասյան

Կառավարությունը ՍԴ որոշումը փորձում է պնդաճակատությամբ առաջ մղել. Արծվիկ Մինասյան

Կառավարությունը ՍԴ-ի որոշումը փորձում է տեղափոխել այլ հարթություն և պնդաճակատությամբ առաջ մղել այն, ինչը ձեռնտու է իրեն: Այս մասին քիչ առաջ հրավիրված ասուլիսում հայտարարեց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը: Անդրադառնալով կառավարության որոշ ներկայացուցիչների այն հայտարարությանը, թե «Կուտակային կենսաթոշակային համակարգի մասին» օրենքը կշարունակի գործել մինչև սեպտեմբերի 30-ը, նա նշեց, որ նման բան չկա, և ՍԴ-ն իր որոշմամբ ամեն բան ասել է:

 

«Առաջիկա օրերին, երբ որ ստանանք ՍԴ-ի վերջնական որոշումը, հստակ պահանջներ կառաջադրենք կառավարությանն ու Ազգային ժողովին»,- հայտարարեց պատգամավորը և զգուշացրեց կառավարության առանձին ներկայացուցիչներին՝ ՍԴ-ի որոշումը միակողմանի և առանձին շահերից ելնելով չներկայացնել: «Մենք հետամուտ ենք լինելու, որպեսզի որևէ անձից պարտադիր պահումներ չկատարվեն»,- ասաց նա և կոչ արեց գործատուներին և աշխատակիցներին` իրենց գումարները որևէ ֆոնդի չփոխանցել:

 

Պատգամավորը նշեց, որ այն անձինք, ովքեր կատարել են պարտադիր վճարումներ, կարող են պահանջել իրենց գումարները և, եթե հրաժարվեն նրանց վերադարձնել դրանք, կարող են դիմել վարչական դատարան:

 

Նույն կարծիքը հայտնեց նաև իրավաբան Մերի Խաչատրյանը: Նա նշեց, որ յուրաքանչյուրի համար պետք է հիմք դառնա ՍԴ-ի որոշումը և դրանով պաշտպանի իր իրավունքները: Արծվիկ Մինասյանը նաև չբացառեց, որ առաջիկայում հանդես գան կուտակայինի վերաբերյալ համատեղ օրենսդրական նախաձեռնությամբ:

 

Դիտարկմանը, թե հնարավո՞ր է օրենքում սեպտեմբերից հետո  պարտադիր բաղադրիչը կրկին ներառել, իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը պատասխանեց` ոչ, քանի որ դա կհակասի Սահմանադրությանը: